ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը Armlur.am-ի հետ զրուցել է Արցախում ընթացող մարտական գործողությունների, միջազգային կառույցների արձագանքի, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության բանակի գործողությունների մասին: Նախկին պատգամավորի կարծիքով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը իր առջեւ դրված բոլոր պարտավորությունները կատարում է շատ բարձր մակարդակով: Նախկին պատգամավորի խոսքերով՝ միջազգային կառույցները եւս արդեն իրենց համապատասխան գնահատականն են հնչեցնում տեղի ունեցող գործողությունների վերաբերյալ:

 

-Պարո՛ն Ջհանգիրյան, տեղեկացանք որ մեր զորքերը կարողացել են հետ բերել մի քանի դիրքեր, մարտերը դեռեւս շարունակվում են: Ի՞նչ է տեղի ունենում:

-Հիմա զրուցել Արցախում բաց եթերով բավականին վտանգավոր է, ես ձեռնպահ եմ մնում: Ունեմ այն տեղեկությունները, որոնք տրամադրում է մեր Պաշտպանության նախարարության լրատվական կենտրոնը, Արցախի պաշտպանության բանակը: Ես կարծում եմ, որ իրավիճակը այսպես էլ պետք է լիներ, որովհետեւ մեծածավալ ուժերով լայնամասշտաբ հարձակում է  տեղի ունեցել. օգտագործվում են հրթիռահրետանային կարգեր, ծանր տեխնիկա, հեռահար հրանոթներ, բնականաբար այսպես էլ պետք է լիներ: Եվ առաջին օրը, ինքան էլ մենք պատրաստ լինեինք հարձակմանը, միեւնույնն է, որոշակի դիրքային տեղաշարժերը կամ զիջումները պարտադիր էին: Այլ բան է, որ մեկ կամ երկու օրվա ընթացքում էդ բոլորը կգա կընկնի իր տեղը: Մենք էլ պակաս զինված չենք, մեր բանակը մարտունակ է: Չեմ կարծում, որ թշնամին հաջողություններ է արձանագրելու հեշտությամբ: Մեր ժողովուրդն այս պարագայում  պատրաստ լինի որոշակի մի փոքր երկար դիմակայման, եւ ես վստահ եմ, որ  մեր բանակը, մեր զինվորը,  մեր սպան, որը կռվում է մեր տան, մեր անկախության համար, իր գործն անելու է պատվով:

-Տեսակետ կա, որ սա վերջինը պետք է լինի՝ կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ:

-Այդպես չի կարելի մտածել, որ վերջինը լինի:

-Այսինքն՝ ի վերջո լուծում կտրվի՞ Արցախյան հարցին:

-Արցախի հարցը ռազմական լուծում չունի, ինչպես չի ունեցել առաջին՝ 1991-92թթ., այնպես էլ այս միջադեպի արդյունքում  ռազմական  լուծում չունի: Սա չի կարող ռազմական ուծում ունենալ: Պետք է գնանք քաղաքական լուծման, եւ դա պետք է ընդունելի լուծում լինի: Մենք չենք կարող Ադրբեջաինն կապիտուլացիայի ենթարկել, ոչ  էլ Ադրբեջանն է այդպիսի հզոր երկիր, որ Հայաստանին կապիտուլիացիայի ենթարկի:

-Բայց Ադրբեջանը լայնածավալ գործողություններ է անում, որ իր պլանն իրագործի: Որքանո՞վ կկարողանան իրականացնել:

-Դուք, եթե ուշադիր եք, Հայաստանի Հանրապետության տարածքը հրետակոծության եւ գնդակոծության տակ չէ: Սա պատերազմ է Արցախի համար եւ Արցախի դեմ: Հայաստանը պետք է պաշտպանի Արցախին եւ նրա հիմնական երաշխավորն է անվտանգության, բայց դեռ պատերազմը Հայաստան-Ադրբեջան հարթության վրա չէ, եւ հուսամ, որ չի լինի:

-Ինչպե՞ս եք գնահատում միջազգային կառույցների արձագանքը:

-Միջազգային կառույցներըի արձագանքը հայտարարությունների մակարդակով էլ պետք է լինի: Ավելին՝ միջազգային կառույցներից ի՞նչ սպասենք: Այստեղ Մինսկի խմբի համանախագահ երկրների կամ այդ հիմնական խաղացողների խնդիրն է, որոնք պետք է փորձեն նորից բերել զինադադարի,  կասեցնեն ագրեսիան: Այդ հայտարարությունները այդպես էլ պետք է լինեն, բայց գնդակը Մինսկի խմբի համանախագահների դաշտում է: Իրենք էլ  պետք է ձեռնարկեն հիմնական, կանխարգելիչ զսպիչ քայլերը, որոնք, հուսով եմ, կանեն կամ անում են, սակայն դեռ տեսանելի չէ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՄԻԱՁԱՅՆ ԸՆԴՈՒՆԵՑ

ՀՀ ազգային ժողովը միաձայն՝ 118 կողմ ձայներով ընդունել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը: Հայտարարության նախագիծը հեղինակել են խորհրդարանի երեք խմբակցությունների պատգամավորներ:

 

ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը հայտարարության նախագծի քննարկմանը կրկին օրակարգ է բերել Արցախի ճանաչման խնդիրը: «Մեր բոլորի բարոյական պարտքն է օրակարգ բերել Արցախի անկախության ճանաչումը. եթե կա անհրաժեշտություն, կազմակերպել խորհրդարանի փակ նիստ, քննարկել բոլոր այն արգումենտները, որ կարող է մեզ այսօր կաշկանդել ճանաչելու Արցախի անկախությունը: Դա մեր բարոյական պարտքն է, պետք է անենք»,- ասել է  պատգամավորը: «Իմ քայլ»-ից Սոֆիա Հովսեփյանը շեշտել է, որ Արցախը, արցախցին ունեն ինքնորոշման իրավունք: «Եվ մենք այդ ինքնորոշման իրավունքին տեր ենք: Բավական է, որ մենք հույսներն դնենք միջազգային կառույցների վրա»,-ասել է նա:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի խոսքով՝ այս պատերազմը քաղաքակրթական եւ արժեբանական պատերազմ է: «Մինչ աշխարհի տարբեր մայրաքաղաքներում գրվում են դատապարտող դատարկ հայտարարությունները, այդ նույն պահին զոհվում են մեր զինվորներն ու խաղաղ բնակիչները»,-նշել է նա:

«Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանը շեշտել է, որ անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը՝ միջազգային հանրությանը հասցնելու ոչ միայն հայկական կողմի մարտական հաջողությունները, այլ նաեւ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները եւ Թուրքիայի ագրեսիվ միջամտությունը:

ԱԺ հայտարարությամբ պատգամավորները, մասնավորապես, շեշտել են, որ Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է եւ պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին: ՀՀ ազգային ժողովը վերահաստատել է, որ հայկական կողմը մշտապես հավատարիմ է մնացել հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, միեւնույն ժամանակ լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը՝ չի վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու արցախահայերի անվտանգությունն ու ինքնորոշման կամարտահայտությունը:

 

 

20.000 ԿԱՄԱՎՈՐ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտնել է, որ դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախում պատերազմը դադարեցնելու խնդրանքով։ «Հանդիպում ունեցանք, մի քանի հարցերի վերաբերյալ որոշում ենք ընդունել, որոնց թվում նախագահի դիմելու, որպեսզի Ռուսաստանը օգնի դադարեցնել հակամարտությունը եւ հումանիտար ու այլ օգնություն տրամադրի»։ Աբրահամյանը նշել է նաեւ որ ՌԴ-ից 20 հազար հայ կամավոր է դիմել Արցախ մեկնելու համար. «Սա Ադրբեջանի եւ Թուրքիայի պլանավորած լայնամասշտաբ գործողությունն է։ Սա ինչ որ սադիզմ է, բանդիտիզմ, ահաբեկչություն։ Նրանք ուզում են, որ Ղարաբաղում ոչ մի հայ չլինի։ Չկան հայեր, չկա հայկական հարց։ Դրա համար նրանք օգտագործում են կորոնավիրուսը։ Ինքնաթիռներ, օգնություն, նույնիսկ հումանիտար չկա, անհնար է ուղարկել։ Մեզ մոտ մեկ գիշերում 20 հազար մարդ է կամավորագրվել, կխնդրենք ռազմական տրանսպորտ, որպեսզի մարդկանց այնտեղ ուղարկենք»։

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽԱԽՏԵԼ Է ՆՈՐՄԵՐԸ

Վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։  Գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են տարբեր ինտենսիվությամբ։ ArmLur.am-ը զրուցել է Եվրախորհրդարանի պատգամավոր  Էլենի Թեոխարիուսի հետ: Նա մինչ այս նաեւ հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բռնատիրական ռեժիմը, ում համար մարդկային կյանքը որեւէ արժեք չունի, իր իսկ բնակչությանն օգտագործել է որպես կենդանի վահան՝ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը:

ArmLur.am-ի հետ զրույցում խոսելով այդ մասին՝ Եվրախորհրդարանի պատգամավորը նկատեց, որ Ադրբեջանի ղեկավարությունն անմարդկային ռազմավարություն է որդեգրել, խախտել է էթիկայի նորմերը:  «Նույն Ադրբեջանի  կառավարությունը մերժում է շփման գծում հետաքննական մեխանիզմների տեղադրումը: Այն կարող էր կանխել հրադադարի ռեժիմի խախտումները, անմեղ մարդկանց կարուստը», – նկատեց նա:

Մեզ հետ զրույցում Եվրախորհրդարանի պատգամավորը նաեւ իր ցավակցական խոսքն ուղղեց անմեղ մարդկանց զոհվելու առնչությամբ եւ կոչ արեց բոլորին լինել օբյեկտիվ: «Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում «Իսլամական պետություն» խմբավորման ոճով գլխատում են մարդկանց, նրանց մարմնի մասերը  ցուցադրում են, ինչպես դա տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլին»,- եզրափակեց նա:

 

 




Լրահոս