ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓԱԿԱԳԾԵՐ Է ԲԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակագծեր է բացել 2018-ի սեպտեմբերին Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ձեռք բերած կոնֆիդենցիալ պայմանավորվածություններից` պնդելով, որ իրականում Իլհամ Ալիեւն է իրեն անձամբ խնդրել չխոսել Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակից` դրա դիմաց խոստանալով չխախտել հրադադարի ռեժիմը։

 

Հիշեցնենք՝ ադրբեջանական haqqin.az կայքը, օրերս հղում անելով դիվանագիտական իր աղբյուրներին, գրել էր, թե, իբր, Իլհամ Ալիեւը եւ Նիկոլ Փաշինյանը կոնֆիդենցիալ շփումներ են ունեցել։ Մասնավորապես, ըստ կայքի՝ Փաշինյանի անունից բանակցող վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը իբրեւ թե Ադրբեջանից ժամանակ է խնդրել Հայաստանում ներքաղաքական խնդիրները լուծելու, մասնավորապես՝ ՀԱՊԿ ղեկավար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելու եւ կալանավորվելու համար` խոստանալով դրանից հետո ուղիղ բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ։ Փաշինյանը մինչդեռ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցից մի փոքր հատված է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ հերքում է ադրբեջանական կայքի տեղեկությունը:

«Կա մի հանգամանք, որի մասին ես երկու տարի չէի խոսում՝ կոռեկտությունից ելնելով, բայց հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի անհասկանալի պահվածքը՝ ես հիմա կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է դրա մասին խոսել: Իրականում ոչ թե ես եմ Ադրբեջանի նախագահին խնդրանքով դիմել, այլ Ադրբեջանի նախագահն է ինձ դիմել խնդրանքով, եւ այդ խնդրանքի իմաստը եղել է հետեւյալը: Եթե հիշում եք, այդ ժամանակաշրջանում Երեւանի քաղաքապետի ընտրություններն էին, եւ գործնականում ամեն օր մենք հանրահավաքներ էինք ունենում: Եվ էնպես ստացվեց, որ մի շարք հանգամանքների բերումով դրանից առաջ էլ ես մի շարք ելույթներով անդրադառնում էի Ադրբեջանում տիրող իրավիճակին եւ փորձում էի այսպես ասած խոսակցություն ծավալել Ադրբեջանի ժողովրդի հետ եւ որոշակի քննադատական խոսքեր էի հնչեցնում Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ եւ Իլհամ Ալիեւի. որ էնտեղ ինչ-որ համաձայնություն կայանա, մի բանի վերաբերյալ էր, որ ինքը ինձ խնդրի, որպեսզի ես Ադրբեջանի վերաբերյալ էդ ելույթներից ձեռնպահ մնամ: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով. հեղափոխությունը նոր էր տեղի ունեցել, ամբողջ աշխարհը, առավել եւս՝ տարածաշրջանի ընդդիմադիր ուժերը ոգեւորված էին այդ իրադարձությամբ, ադրբեջանական սոցիալական ցանցերում անընդհատ քննարկվում էր, որ այս ալիքը հեսա շուտով կհասնի Ադրբեջան»:

Փաշինյանը նաեւ անհեթեթություն է որակում ադրբեջանական կայքի այն պնդումը, թե վարչապետի անունից 2018-ի ամռանը ադրբեջանական կողմի հետ բանկացել է իր նախկին խորհրդական Արսեն Խառատյանը։ Ի դեպ, ադրբեջանական կայքը գրել էր, թե ադրբեջանական կողմի հետ հանդիպման ընթացքում Խառատյանը բացեիբաց հայտարարել է, թե ներկայացնում է Փաշինյանին, ով հետաքրքրված է նոր ֆորմատի բանակցություններով եւ պատրաստ է լուրջ փոխզիջումների` խնդրի կարգավորման նոր մոդելի հիման վրա։

Վարչապետը, մինչդեռ, պնդում է, որ Հայաստանի անունից բանակցելու իրավունք ունեցել են 2 անձ: Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստատեսությանը տված ծավալուն հարցազրույցը պետք էր հրապարակվեր դեռ երեկ, սակայն վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանն «Ազատությանը» փոխանցեց. «Երեկվա իրավիճակից ելնելով՝ ճիշտ չեն գտել ամբողջական հարացազրույցը հրապարակել։ Այսօր վարչապետը ընդամենը մի փոքր մասն է հրապարակել։ Ակնկալվում է, որ ամբողջական հարցազրույցը կհրապարակվի առաջիկայում»։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՑԱՎԱԼԻ Է

«Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սրումը ցավալի է. այն կարող է լուծվել միայն քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով»,- ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: «Իհարկե, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության սրումը ցավալի է: Ցավոք, կան զոհեր, կողմերն այդ թվում ծանր սպառազինություն են օգտագործում: Մենք տեսնում ենք, որ այս հարցը կարող է լուծվել միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդների կիրառմամբ, եւ Ռուսաստանը միշտ ամեն կերպ ձգտելու է խաղաղության հասնել»,- ասել է նա:

 

 

ՄԵԴՎԵԴԵՎԻ ԿՈՉԸ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը կոչ է արել Ղարաբաղյան հակամարտության կողմերին հանդարտվել եւ դադարեցնել սրացման խորացումը, զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից, այլապես, ըստ նրա, աղետն անխուսափելի կլինի։ «Ես մեկ անգամ չէ, որ անձամբ եմ համոզվել, ներառյալ, երբ Ռուսաստանի անունից հանդես էի գալիս որպես միջնորդ երկու երկրների ղեկավարների մոտ, որ պետք է նախ եւ առաջ դադարեցնել կրքերի թեժացումը, զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից եւ սկսել համատեղ ջանքերով դադարեցնել հակամարտության ռազմական բաղադրիչը։ Հակառակ պարագայում աղետալի հետեւանքները ռեգիոնում կլինեն անխուսափելի»,- նշել է նա:

 

 

ՆՈՐ ՓԱՍՏԵՐ

Ի լրումն նախորդ օրը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած պահանջի՝ Հայաստանի Հանրապետությունը երեկ ՄԻԵԴ-ին ներկայացրել է նոր փաստեր ադրբեջանական զինված ուժերի կողմից բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտները եւ բնակչությանը թիրախավորելու վերաբերյալ: Դեպքերի ծավալմանը զուգահեռ ՄԻԵԴ կներկայացվեն նոր փաստեր:

 

 

ՏԱՐՀԱՆՄԱՆ ԿԵՏ

Արցախից Հայաստան վերադարձի ճանապարհին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Գորիսի բժշկական կենտրոն, որն այս պահին ծառայում է` որպես վիրավորների միջանկյալ տարհանման կետ: Տարհանումն իրականացվում է թե՛ շտապ օգնության մեքենաներով եւ ռեանիմոբիլներով, թե՛ սանիտարական ավիացիայի 2 ուղղաթիռով: Նշենք, որ Գորիսի բժշկական կենտրոն են գործուղվել մասնագետներ մայրաքաղաքից, հիվանդանոցը նաեւ համալրվել է անհրաժեշտ պարագաներով:

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է

ArmLur.am-ը տեղեկացել է, որ մահացել է մարտի մեկի դեպքերի զոհ դարձած Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը։ «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am-ի խմբագրակազմը ցավակցություն է հայտնում Ռուզաննա Հարությունյանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին։

 

ՊԱՏՐԱՍՏ Է

«Անհրաժեշտության դեպքում Երեւանը պատրաստ է դիմել Մոսկվային՝ ռուսական զենքի նոր մատակարարումների համար, բայց այդ մասին դեռ խոսք չկա»,- ասել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: Նա հիշեցրել է, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` Սերգեյ Լավրովի հետ, «որպեսզի տեղեկացնեն նրանց իրավիճակի մասին, ներկայացնեն ՀՀ կառավարության տեսլականը, եւ թե ինչ քայլեր է այն ձեռնարկում, ռազմական պլանների մասին»: «Առայժմ Հայաստանին արտաքին ռազմական օգնության մասին խոսք չկա»,- նշել է դեսպանը: Ընդ որում, նա շեշտել է, որ Երեւանը եւ Մոսկվան դաշնակիցներ են` համապատասխան պարտավորություններով:

«Թուրքիայի կողմից Սիրիայից տեղափոխված զինյալներն արդեն մասնակցում են ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում»,- «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: «Մեր տեղեկություններով` վերջին շրջանում Թուրքիան Սիրիայից շուրջ 4000 զինյալ է տեղափոխել Ադրբեջան: Նրանք արդեն մասնակցում են այն կողմում… Նրանց նախապատրաստում են զինյալների ճամբարում եւ տեղափոխում են այնտեղ»,- նշել է դեսպանը` պատասխանելով հարցին` արդյոք Սիրիայից ժամանած զինյալները մասնակցում են ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում: Նրա խոսքով` այդ խմբերի էթնիկ կազմը դժվար է որոշել:

 

ՆԻՍՏ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ այսօր Սահմանադրական դատարանում տեղի է ունեցել նիստ, որի ժամանակ ՍԴ նախագահի թեկնածուներ ո՛չ առաջադրել են եւ ո՛չ էլ ինքնառաջադրում է եղել: Ըստ մեր տեղեկություններ՝ ՍԴ նախագահի թեկնածու հարցն էլ դեռեւս անորոշ ժամանակով հետաձգվել է: Մեր տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանում որոշում են կայացրել, սահմանում եղած լարված իրավիճակով պայմանավորված, ուրբաթ օրը՝ ժամը 11.00-ին, աշխատանքային նիստ հրավիրել: Բանն այն է, որ ՍԴ-ի նիստում պետք է քննարկեն վարկային մի քանի համաձայնագրեր, որոնք այս պահին պետության համար շատ կարեւոր են: Սահմանադրական դատարանը պետք է պարզի՝ արդյոք այդ պայմանագրերը սահմանադրականությանը համապատասխանում են, թե ոչ:

 

 




Լրահոս