ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՌԵՍՏՈՐԱՆՆ ՈՒ ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀԻ ԱՌԵՎԱՆԳԵԼՈՒ ԴԵՊՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախկին Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանին՝ Բելաջոյի Գրիշին պատկանող ռեստորանային համալիրում միջադեպ է եղել:

Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ Արման Աբելյանը մեղադրվում է, որ նա, իր հետ փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող Լիլիթ Համբարձումյանի հետ գտնվելով լարված փոխհարաբերությունների մեջ, այլ անձանց հետ սեռական հարաբերություն ունենալու հարցի շուրջ վերջինիցս պարզաբանումներ ստանալու նպատակով 2020 թվականի հունվարի 13-ի ժամը 19:30-ի սահմաններում ընկերոջ՝ Միքայել Հարությունյանի վարած «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի, 35 RO 566 համարանիշի ավտոմեքենայով մեկնել է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի տարածքում գործող «Աստաֆյան-Բելլաջո» ռեստորանային համալիր, որտեղ որպես մատուցողուհի աշխատող Լիլիթ Համբարձումյանի հետ զրուցելու պատրվակով վերջինիցս պահանջել է նստել հիշյալ ավտոմեքենան, սակայն ստանալով մերժում, նրան առեւանգելու դիտավորությամբ, իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Լիլիթ Համբարձումյանի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, այն է՝ բռունցքով քթին հարվածելով եւ ձեռքերից քաշելով՝ վերջինիս առողջությանը պատճառել է թեթեւ վնաս՝ քթոսկրի կոտրվածքի, աջ բազկի եւ ստորին կոպերի արյունազեղումների ձեւով, ապա անտեսելով իրեն բաց թողնելու վերաբերյալ նրա, ինչպես նաեւ Լիլիթ Համբարձումյանին օգնության հասած համալիրի մեկ այլ մատուցողուհի Էմիլյա Ուլիխանյանի պահանջները՝ Լիլիթ Համբարձումյանի կամքին հակառակ վերջինիս նստեցրել է վերոհիշյալ ավտոմեքենան, իսկ Միքայել Հարությունյանը, վարելով ավտոմեքենան, բացահայտ առեւանգել են Լիլիթ Համբարձումյանին եւ տեղափոխել Գառնի գյուղ տանող ճանապարահատված:

Արման Աբելյանին մեղսագրվում է հանցավոր արարք, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Մեղադրյալի աթոռին է հայտնվել նաեւ Միքայել Հարությունյանը, որ նա, Լիլիթ Համբարձումյանին առեւանգելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով ընկերոջ՝ Արման Աբելյանի հետ, վերջինիս խնդրանքով 2020 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, իր վարած «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի, 34 RO 556 համարանիշի ավտոմեքենայով մեկնել է Լիլիթ Համբարձումյանի աշխատանքի վայր՝ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի տարածքում գործող «Աստաֆյան-Բելլաջիո» ռեստորանային համալիր, ավտոկայանատեղիում կայանել ավտոմեքենան, որից հետո ավտոմեքենայից դուրս է եկել Արման Աբելյանը եւ հիշյալ վայրում հանդիպելով Լիլիթ Համբարձումյանին՝ զրուցելու նպատակով նրան առաջարկել նստել ավտոմեքենան, սակայն ստանալով մերժում՝ նրան առեւանգելու դիտավորությամբ, իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Լիլիթ Համբարձումյանի առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել:

Վերջիններիս նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

 ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԵԶԴԻԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԳՐՎՈՒՄ Է

Հայաստանի եզդիական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ զինվորագրվում են եւ մեկնում Արցախ՝ պաշտպանելու Հայրենիքի սահմանները: «Մեր համայնքից դեռ երեկվանից բոլորը գնում են զինկոմիսարիատներ եւ կամավորագրվում: Եզդիները միշտ պատրաստ են պաշտպանել հայրենիքը»,-նշել է Թամոյանը: Անդրադառնալով արցախաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին՝ Հայաստանի եզդիների միության նախագահն ընդգծել է, որ խստորեն դատապարտում է: «Շփման գծում տեղի ունեցողն անմարդկային գործողություններ են, եւ ես խստորեն դատապարտում եմ: Ադրբեջանական կողմը շատ ագրեսիվ քաղաքականություն է վարում, իսկ Թուրքիան էլ օժանդակում է»,- ասել է նա:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաեւ խաղաղ բնակավայրեր՝ նեառյալ  դպրոցներ: Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

 

 

ԱԱԾ-Ն ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններով պայմանավորված, հայրենասիրական եւ մարդասիրական մղումներից ելնելով՝ www.facebook.com սոցիալական ցանցում մեր հայրենակիցները սկսել են կատարել գրառումներ, որոնցում պատրաստակամություն են հայտնում իրենց տներում ընդունել ռազմական գործողությունների հետեւանքով սեփական բնակավայրերը լքած արցախցիներին: Ամենայն հարգանք տածելով մեր հայրենակիցների մարդասիրական եւ հայրենասիրական մղումների հանդեպ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է հետայսու զերծ մնալ նմանատիպ հրապարակումներ կատարելուց, քանի որ հակառակորդը դրանք կարող է օգտագործել ապատեղեկատվական սադրանքներ իրականացնելու համար: Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարություններն իրականացնում են լիակատար ու համապարփակ կառավարում եւ ձեռնարկում բոլոր անհրաժեշտ միջոցառումները, այդ թվում՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ: Նման անհրաժեշտություն ծագելու դեպքում կտրվի պաշտոնական հաղորդագրություն:

 

 

ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՄԲ

Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին շփման գծի ողջ երկայնքով սանձազերծվել են եւ շարունակվում են լայնածավալ ռազմական գործողություններ, որի հետեւանքով Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն: Հայաստանի Հանրապետությունը, լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, մշտապես կանգնած է հայկական երկրորդ պետության կողքին: Այս օրերին Պաշտպանության բանակի քաջարի զինվորները կենաց եւ մահու պայքար են մղում Արցախի Հանրապետության անկախության, թշնամուն հետ շպրտելու եւ խաղաղություն պարտադրելու համար:

 

 

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է

Արցախի ճանաչումը միշտ կա, բայց քանի որ գործողությունները գնում են մեզ համար բարենպաստ հունով այս պահին, ճանաչումը կարող է մի քանի օր սպասել: Այս մասին ասել է  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: «Դա կախված է նրանից, թե զարգացումները ռազմի դաշտում ինչպիսի ընթացք կունենան: Ճանաչումը մեր օրակարգում կա»,-նշել է պատգամավորը:

Անդրանիկ Քոչարյանը շշմեցնող է անվանել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ելույթը. «Դա նշանակում է, որ իրենք Արցախը դիտում են որպես մեր հայրենիք: Ադրբեջանում շատ դեպքերում օգտագործում են իրենց ազգային փոքրամասնություններին՝ լեզգիններին, թալիշներին, մյուսներին, դրա համար էլ միլիոնավոր դոլարներով նոր ձեռք բերված սպառազինությունը թողնում փախչում են, հենց որ մեկին խփում ես»:

 

ՀԵՏԱՊՆԴԵԼ ԵՆ

Լրագրողները մասնագիտական գործունեություն իրականացնելու նպատակով մեկնել  են Արցախ: Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում լրագրողական խմբի աշխատանքների ժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչները ֆիքսել են հակառակորդի ԱԹՍ, որը թիրախավորել եւ սկսել է հետապնդել իրենց: Նշենք, որ երեկ Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հակառակորդը հրետակոծում է Մարտունի քաղաքը: Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ եւ հետեւակի մարտական մեքենա, 1 ինժեներական զրահատեխնիկա:

 

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՈՐԴԻ

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում՝ նախօրեին նահատակված Հովիկ Լյովայի Խաչատրյանը 30 տարեկան էր, Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքից։ Հովիկն ամուսնացած էր, մոտ մեկ ամսից կծնվի նրա առաջնեկը։ Ժամանանավոր դադարից հետո նոր էր վերականգնվել բանակում ծառայության անցնելու համար։ Ապրում էր մեծ եղբոր հետ»,- ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի ղեկավար Արման Մարգարյանը: «Զինծառայող էր՝ զոհված ազատամարտիկի տղա: Նա ազատամարտիկ Լյովա Խաչատրյանի որդին էր, որը զոհվել էր Շուշիի ազատագրման օրը։ Մայրն էլ մանկավարժ է, շատ կրթված ընտանիք են»,- հավելում է համայնքի ղեկավարը:

 




Լրահոս