ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳԻՉ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ուզում եմ հայտարարել, որ մեզ հետ կռվում է ոչ թե Ադրբեջանը, մեզ հետ կռվում է նաեւ Թուրքիան»,- երեկ երեկոյան՝ Ստեփանակերտում ասուլիսի ժամանակ, ասաց Արցախի նախագահ Արային Հարությունյանը: «Օգտագործում են թուրքական բանակի առկայության, ավելի ճիշտ՝ ձեռքի տակ եղած հիմնական ժամանակակից զենքերն ու զինամթերքները, անօդաչու եւ ինքնաթիռներ: Այն նույն F-16-ները, որոնք արդեն ամսից ավել է՝ գտնվում են Ադրբեջանի տարածքում՝ սովորական կամ համատեղ զորավարժության անվան տակ, օգտագործել են առավոտյանից մինչեւ այժմ», – հայտարարեց Հարությունյանը: «Արցախի դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, կռվում է Թուրքիան: Ոչ միայն անօդաչու, ոչ միայն ինքնաթիռներ, այլ նաեւ առկա են զորամիավորումներ, զինվորականներ եւ այլն: Չեմ խոսում վարձկանների, չեմ խոսում այլ երկրներից կամավորականների [մասին]», – շեշտեց Արցախի նախագահը: Վաղ առավոտյան հակառակորդը նորից վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ: Սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՊՆ, ԶՈՒ ԳՇ եւ ԶՈԻ ղեկավար անձնակազմի հետ:

 

Նախարարին է զեկուցվել արցախաադրբեջանական շփման գծում եւ Հայաստանի պետական սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակը։ Երեկ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, թե Վարդենիսի ուղղությամբ եւս լարվածություն է եղել, այսինքն՝ Հայաստանի սահմանի: Եվ ինչպես նշել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, այս անգամ մենք կռվում ենք ավելի շատ Թուրքիայի դեմ:

ArmLur.am-ը զրուցել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ:

-Պարո՛ն Զատուլին, հայկական կողմը երեկ հայտնեց, որ երեկ լարվածություն է եղել նաեւ Վարդենիսի ուղղությամբ, այսինքն՝ Հայաստանի տարածքի: Պաշտոնական Մոսկվան, ՀԱՊԿ-ը չե՞ն պատրաստվում արձագանքել:

-Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում Մոսկվան, անկասկած, կկատարի իր պատավորությունները որպես ՀԱՊԿ անդամ: Մոսկվան ուղղակի պարտավոր է Հայաստանի վրա ռազմական հարձակման դեպքում կատարել պայմանագրով իր պարտավորությունները: Մենք դեմ ենք հակամարտության սահմանների ընդլայնմանը, բայց նրա բոլոր մասնակիցները պետք է հստակ հասկանան, թե իրենք ինչ են վտանգում: Սակայն հարցը՝ Ռուսաստանը կկատարի, թե չի կատարի իր պարտավորությունները, շահարկումների թեմա է ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում: Մենք թույլ չենք տա, որ մեզ մանիպուլացնեն: Իսկ հայ ժողովրդի պաշտպանությամբ մենք անպայման հանդես կգանք:

-Սակայն, ի՞նչ եք կարծում, որքա՞ն այն կարող է շարունակվել:

-Սրացումը շատ ուժեղ լարվածություն է ստեղծել ընդհանուր տարածաշրջանում: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ եթե այն վաղը կամ մյուս օրը  չավարտվի, ապա մենք կբախվենք շատ լուրջ մարտահրավերի ամբողջ Կովկասի տարածաշրջանի համար: Կոնֆլիկտի հերթական սրումն առիթ է, որպեսզի  Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհուրդը եւս նիստ անցկացնի՝ բոլոր կողմերի հետ բանակցությունների համար: Ռուսաստանի Դաշնությունը միշտ կողմնակից է եղել, որ հրադադարի պահպանման ռեժիմը, որին հասել էին 1994-ին, պահպանվի: Այնպես է, որ այդ հրադադարը պահպանվում էր մի քանի տարիների ընթացքում, սակայն 2016 թվականի ապրիլին Ադրբեջանը որոշեց ցույց տալ իր հնարավորությունները:

-Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նշեց, թե հայկական կողմը կռվում է Թուրքիայի դեմ:

-Այս ամենը կարող է երկար տեւել հենց այն դեպքում, երբ գործընկեր թուրքերը հերթական անգամ կցանկանան ցույց տալ իրենց, եւ դա իսկապես լուրջ խնդիր կլինի: Իրականում մեզ շատ անհանգստացնում է Թուրքիայի միջամտությունն այս հարցում, եւ պետք է թույլ չտալ դա: 2016 թվականին կրկին լարվածություն էր, սակայն տարբերությունն այն է, որ այն ժամանակ Թուրքիան իսկապես չէր միջամտել այնպես, ինչպես անում է հիմա: Այստեղ անելիք ունենք:

 

 

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԷՐ ՍՈՒՐ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 27-ի Ժամը 16:00-ից Հայաստանում հայտարարված է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Այդպիսի իրավիճակ է նաեւ Արցախում: ArmLur.am-ը զրուցել է Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ՝ հասկանալու համար, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել նաեւ Ռուսաստանի Դաշնությունը:

 

-Պարո՛ն Տարասով, ի՞նչ եք մտածում սահմանին տիրող իրավիճակի մասին: Այն սպասելի՞ էր Ձեզ համար:

-Արցախաադրբեջանական հատվածում իրավիճակի սրումը, անկեղծ ասած, սպասելի էր: Վերջին շրջանում Ադրբեջանն իրականացնում էր սուր քարոզչություն: Սակայն ես չեմ կարծում, որ Ադրբեջանը կգնա լայնամասշտաբ գործողությունների: Իրավիճակը շատ բարդ է, հետեւում ենք իրադարձություններին: Եկեք, ամեն դեպքում, չշտապենք գնահատականների հարցում, հետեւենք զարգացումներին:

-Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության արձագանքը: Ի՞նչ միջամտություն սպասենք:

-Ամեն ինչ տանում է նրան, որ ընդունվելու են ռադիկալ որոշումներ, այդ թվում՝ Երեւանի, Բաքվի եւ միջազգային հանրության կողմից: Ես չեմ կարծում, որ միջազգային հանրությունը կաջակցի էսկալացիային: Ամենայն հավանականությամբ, կլինեն կոչեր մարտական գործողություները դադարեցնելու համար:  Նաեւ հետեւում ենք թուրքական լրատվամիջոցների արձագանքին: Իրադարձությունները զարգանում են շատ վատ սցենարով։ Դա նշանակում է, որ կողմերը դուրս են եկել բանակցային գործընթացից եւ անցել են ռազմական առճակատման:

-Ի՞նչ եք կարծում, այն կարճատեւ կլինի՞, ինչպես 2016 թվականին էր, թե՞ ոչ:

-Դուք գիտեք, որ ակտիվանում է Մոսկվան, արդեն կա ՌԴ ԱԳՆ-ի կողմից հայտարարություն, սպասում ենք ՊՆ-ի կողմից հայտարարություն։ Չենք բացառում նաեւ, որ այս իրավիճակին կմիջամտի անձամբ Պուտինը։ Միջազգային հանրությունը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը եւս հանդես են գալիս իրավիճակի հանդարտեցման կոչերով: Կախված այն բանից, թե առաջիկա ժամերի ու օրերի ընթացքում ինչպես կծավալվեն իրադարձությունները՝ շատ բան կորոշվի, այդ թվում՝ ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը»։

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

ԴԱՏԱԽԱԶԸ ԴԱՏԱՎՈՐԻ ՀԱՐՍԱՆԻՔԻ ՔԱՎՈՐՆ Է

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ավելի քան մեկ տարի ընթանում է Ճամբարակի բնակիչներ Հրայր Լազարյանի, Մաթեւոս Լազարյանի, Արմեն Շառյանի եւ Վահե Դանիելյանի դատավարությունը: Հ. Լազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2019թ. ապրիլի 15-ին  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր եղանակով բռնություն է գործադրել մասնաճյուղի տարածքում գարնանային ստուգումներ իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճուղի պահպանության գծով տնօրենի տեղակալ Նորայր Սամվելի Պապյանի նկատմամբ` երկու անգամ հարվածներ հասցնելով նրա կրծքավանդակին: Դա կատարվել է այն բանից հետո, երբ վերջինս փորձել է կանխել Հրայր Լազարյանի կողմից փայտանյութի ապօրինի դուրսբերումը: Մաթեւոս Լազարյանին մեղադրանք է առաջարդվել, որ նա 2019թ. ապրիլի 15-ի ժամը 16.00-ի սահմաններում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում, Արմեն Շառյանի եւ Վահե Դանիելյանի հետ նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել մասնաճյուղի տարածքում գարնանային ստուգումներ իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճուղի պահպանության գծով տնօրենի տեղակալ Նորայր Սամվելի Պապյանի նկատմամբ` ոտքերով հարվածելով նրա մարմնի տարբեր մասերին եւ նրա առողջությանը պատճառելով թեթեւ վնաս, երբ վերջինս փորձել է բացահայտել եւ արձանագրել Հրայր Լազարյանի կողմից, Մաթեւոս Լազարյանի, Արմեն Շառյանի եւ Վահե Դանիելյանի մասնակցությամբ փայտանյութի ապօրինի դուրսբերումը: Հ. Լազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին, Մ. Լազարյանին, Վ. Դանիելյանին եւ Ա. Շառյանին` 316 հոդվածի 2-րդ մասով: Նրանց բոլորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը: Դատաքննության ընթացքում պաշտպան Գ. Հարությանյանը դատարան  դիմում է ներկայացրել այն մասին, որ մեղադրող դատախազ Արթուր Զարգարյանը հանդիսանում է սույն քրեական գործը քննող դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի հարսանիքի քավորը եւ այդ հիմքով դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է  ներկայացրել, որին միացել են մյուս պաշտպանները եւ ամբաստանյալները. տուժող Ն. Պապյանը եւ դատախազն առարկել են միջնորդության դեմ: Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը, ընդունելով, որ Արթուր Զարգարյանն  իր հարսանիքի քավորն է, դատավորի եւ մեղադրող դատախազի քավոր-սանիկական հարաբերությունները անվերապահ ինքնաբացարկ հայտնելու հիմք չեն, սակայն նկատի ունենալով, որ պաշտպան Հարությունյանի միջնորդությանը միացել են մյուս պաշտպանները եւ ամբաստանյալները, պետք է փարատել պաշտպանական կողմի կասկածն  այն  մասին, որ դատավորը կարող է կանխակալ վարքագիծ  դրսեւորել, որոշել է պաշտպան Հարությունյանի միջնորդությունը բավարարել եւ ինքնաբացարկ հայտնել։ Հավելենք, որ քրգործով տուժող Նորայր Պապյանն  այժմ  Արծվաբերդի անտառտնտեսության տնօրենն է։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս