Լուսանկարն արվել է Երեւանում
Հետաքրքիր լուծում է տրվել. պաղպաղակի սառնարանի վրա փակցված է «Դիմակ՝ 150 դրամ» գրությունը։ Ինչպես ասում են, համատեղել են երկուսը մեկում։
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ եթե բանկը հաճախորդի հաշվեհամարին գումարը երկու անգամ է փոխանցում, ապա պարտավոր է արդյոք հաճախորդը վերադարձնել այդ գումարը:
Ելենա Մարտիրոսյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հաճախորդը պարտավոր է այդ գումարը հետ վերադարձնել, քանի որ անձը, որը, առանց օրենքի, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի, ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը)՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1099 հոդվածով նախատեսված դեպքերի (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1092 հոդվածի 1-ին կետ): Այս կանոնը կիրառվում է՝ անկախ այն բանից՝ անհիմն հարստացումը ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց գործելակերպի հետեւանք է եղել, թե կատարվել է նրանց կամքից անկախ:
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաճախորդն իրավունք ունի իր հաշվում առկա դրամական միջոցները տնօրինել իր հայեցողությամբ՝ բանկին հաշվից դրամական միջոցներ դուրս գրելու կարգադրություն տալով: Սակայն պայմանագրով նախատեսված դեպքերում բանկն իրավունք ունի հաճախորդի հաշվից անակցեպտ կարգով գումարներ գանձել՝ ուղղելով այն հաճախորդի՝ բանկի նկատմամբ ունեցած պարտավորություններին:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե որ ուսանողներին է կրթաթոշակ տրվում:
Համլետ Միրզոյան (27 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է, որը մրցութային կարգով տրվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատության ուսանողին՝ գերազանց եւ լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար, ինչպես նաեւ սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերի ուսանողներին: Ուսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներ են համարվում`
1) մասնակցությունն ուսումնական հաստատության ուսանողական, հասարակական աշխատանքներին,
2) զեկուցումները, ռեֆերատները, հրատարակած աշխատանքները (գիտական ամսագրերում եւ զանգվածային լրատվության միջոցներում),
3) մասնակցությունը միջքոլեջային, քաղաքային, հանրապետական եւ միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին,
4) այլ ստեղծագործական նախաձեռնություններ` միջին մասնագիտական ուսումնական հաստատության հայեցողությամբ: Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունում պետական կրթաթոշակը տրվում է ուսանողական նպաստի համակարգում ընդունված ուսանողին: Պետության կողմից կրթաթոշակ տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում կրթաթոշակի հատկացման մասին որոշումն ընդունում է հիմնադիրը: