«Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարը եւ վերադառնալ բանակցային գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով»,-նախօրեին այդպիսի հայտարարություն է տարածել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Այս օրերին կրկին ակտուալ է դարձել իրավիճակին ՀԱՊԿ-ի միջամտության հարցը: Սա ավելի առաջնային դարձավ հատկապես երեկ տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ ադրբեջանական թիրախում հայտնվեց նաեւ Հայաստանը, եւ քաղաքացիական զոհ ունեցանք Վարդենիսի ուղղությամբ գործողությունների հետեւանքով: Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ, եւ կրկին նշվում է, որ կազմակերպությունը պետք է Ադրբեջանի՛ն կոչ անի դադարեցնել կրակը։
ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածում գրված է. «Եթե կազմակերպության անդամ-պետություններից մեկը ենթարկվում է ագրեսիայի, ապա անդամ-պետությունների կողմից այդ ագրեսիան կդիտարկվի ագրեսիա՝ ընդդեմ պայմանագրի բոլոր անդամ-պետությունների: Անդամ-պետություններից որեւէ մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում մյուս բոլոր անդամ-պետությունները այդ անդամ-պետության խնդրանքով անհապաղ կերպով նրան են տրամադրում անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ռազմական»: Բացի այդ, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ ՀԱՊԿ անդամ երկրներից որեւէ մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում այդ պետությունը պետք է դիմի կազմակերպությանը օգնության խնդրանքով, սակայն նկատենք, որ պաշտոնական Երեւանը չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: «Մենք այժմ քննարկում ենք այս հարցը՝ իրավիճակի զարգացման հետ կապված, երկրի ղեկավարությունն է քննարկում», – երեկ նշել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:
Միեւնույն ժամանակ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե Մոսկվայի ժամանակով 17: 00-ին Հայաստանից դիմում դեռ չեն ստացել իրավիճակի վերաբերյալ: Միեւնույն ժամանակ ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն ընդգծել է, որ Երեւանը կօգտագործի կազմակերպության մեխանիզմները, եթե հակամարտության ընդլայնումը սպառնա հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը: Բացի այդ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը ՀԱՊԿ շրջանակներում խորը վերլուծության թեմա է:
Այս պատերազմն իր անունը ունի՝ Թուրքիան՝ ընդդեմ ազատ աշխարհի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց իսրայելցի քաղաքական գործիչ Ավիգդոր Էսկինը: Ինչպես հայտնի է, Արցախում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման առաջին օրերից միջազգային հանրությունն ակտիվորեն արձագանքում է դեպքերին, դատապարտում Ադրբեջանի գործողությունները: Եվ, ահա, միեւնույն ժամանակ տարբեր տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, թե Իսրայելն այս պատերազմում կանգնած է Ադրբեջանի կողքին: Սակայն ռուս քաղաքական գործիչը մեզ հետ զրույցում այլ տեսակետ արտահայտեց. «Իսրայելը ոչ մի կերպ չի խառնվելու այս կոնֆլիկտին: Մի կողմից՝ Երուսաղեմը կապված է Բաքվի հետ նավթի գնման եւ զենքի վաճառքի մասով, մյուս կողմից էլ՝ մենք անհանգստացած ենք Թուրքիայի միջամտությամբ, որը մեր ռազմավարական թշնամին է: Այդ պատճառով էլ պետք չէ սպասել որեւէ միջամտության Իսրայելի կողմից», – հավելեց նա: Միեւնույն ժամանակ խոսելով Ռուսաստանի Դաշնության արձագանքի եւ արդեն հայկական կողմի ուղղությամբ կրակոցների մասին՝ Էսկինը նկատեց. «Թուրքիան արդեն խառնվել է: Նրանց միջամտությունն ավելին է, քան հարյուրավոր վարձկանների, գրոհայինների միանալը: Հայաստանը կարող է միջազգային կազմակերպության միջոցով տարածաշրջան տեխնիկայի մատակարարման արգելք սահմանել»:
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն այս օրերին պատրաստակամություն են հայտնում Հայաստան գալու եւ իրենց մասնակցությունն ունենալու սահմանի պաշտպանության գործին: Միեւնույն ժամանակ նրանք դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրենց նկատմամբ հայտարարված հետախուզումը վերացնելու եւ Հայաստան անխոչընդոտ վերադառնալու համար: Եվ չնայած Արցախում լարվածության հենց առաջին օրն էր Գլխավոր դատախազություն դիմել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, սակայն մինչեւ այժմ այդ գերատեսչությունից արձագանք չի եղել, եւ վերջիններս չեն կարողանում գալ Հայաստան: Ավելին, ՀՀ գլխավոր դատախազությունը չի պատասխանում անգամ լրատվամիջոցների հարցերին, եւ «Ժողովուրդ» օրաթերթը չի կարողանում իր հարցի պատասխանը ստանալ գերատեսչությունից: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանին՝ ճշտելու համար՝ արդյոք որեւէ քաղաքական խնդիր է առկա: Ի՞նչ են մտածում իշխանությունները եւ ինչու ընթացք չեն տալիս նախկին պաշտոնյաների դիմումին: Ի պատասխան՝ Մանե Գեւորգյանը նշել է. «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ազատորեն վերադառնալ Հայաստան, իսկ մնացածի պատասխանատուն ՀՀ գլխավոր դատախազությունն է»:
Առաջիկայում Հայաստանում կսահմանվի 2019/2020 ուսումնական տարում ասպիրանտուրայի հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը կառավարությանն է ներկայացրել 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար հեռակա ուսուցմամբ տեղերը հաստատելու մասին որոշման նախագիծը: Մեզ հայտնի դարձավ, որ հաշվի են առնվել բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտությունների ազգային ակադեմիայի եւ գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը: Այսպես, վերաբաշխում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը՝ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ) – 20 (քսան) միավոր եւ մրցույթի արդյունքում հավասար միավորներ ստացած դիմորդներին կամ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ)-20 (քսան) միավոր ստացած դիմորդներին՝ ըստ առավելագույն գնահատականի: ?Ժողովուրդ? օրաթերթը տեղեկացավ, որ հայտերով ներկայացված տեղերը, ըստ մասնագիտությունների, բաշխվել են բյուջեով հաստատված 35 տեղերի շրջանակներում, առաջնահերթությունը տրվել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (STEM) եւ հայագիտության ոլորտի մասնագիտություններին: Ընդ որում, նախատեսված 35 տեղերը հատկացվել են այն բարձրագույն ուսումնական հաստատություններին, որոնք ունեն համապատասխան մասնագիտությամբ մասնագիտական խորհուրդ կամ ոլորտում հանդիսանում են առաջատար բուհ: