ԻՍՐԱՅԵԼԸ ՉԻ ՄԻՋԱՄՏԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողություններն Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական գծի գրեթե ողջ երկայնքով: Մասնավորապես, հարձակողական գործողությունների ընթացքում առանձին ուղղություններով օգտագործում են ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգեր: ՊՆ-ի հաղորդմամբ՝ ՏՕՍ, Սմերչ եւ մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների տրամաբանությունն ու ծավալը՝ այն բարձրացնելով նոր մակարդակի: Այս կապակցությամբ Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել մեծ մակերեսների վրա կրակային խոցման եւ դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաեւ շարժական եւ անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության եւ ռազմական տեխնիկայի տեսակներ:

 

Միեւնույն ժամանակ տարբեր տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, նաեւ բլոգեր Ալեքսանդր Լապշինն էր նշում, թե Իսրայելը մահ է տանում Արցախին, այսինքն՝ այս պատերազմում կանգնած է Ադրբեջանի կողքին: Այս եւ այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է իսրայելցի գործիչ Ավիգդոր Էսկինի հետ:

«Շատ թեժ մարտեր են ընթանում երկու կողմերից էլ: Դա հետագայում բերելու է ռազմական միջոցների պակասի, ոչնչացման: Եվ այդ պարագայում հարց է առաջանալու սպառազինության մատակարարման մասին: Արդյոք ՌԴ-ն կօգնի՞ Հայաստանին, կամ ինչ պայմաններից ելնելով է Թուրքիան պատրաստ նոր սպառազինություն տրամադրել: Հենց այս հարցերի պատասխաններից են կախված հետագա քայլերը: Սակայն այս պատերազմն իր անունը ունի՝ Թուրքիան՝ ընդդեմ ազատ աշխարհի: Եվ մեկ բան էլ հարձակում է տեղի ունեցել ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ, եւ աշխարհը պետք է աջակցություն ցուցաբերի Հայաստանին: Միջազգային հանրությունը պետք է արագ եւ արդյունավետ խառնվի, եւ այդ դեպքում կրակի դադարեցում տեղի կունենա», – նշեց նա: Նրա խոսքով՝ Ադրբեջանում վարձկանների ներկայությունը, որոնք պատերազմ են անցել նաեւ Սիրիայում, փոխում է իրավիճակը: «Չէ՞ որ դրանք «Իսլամական պետության» ահաբեկիչներն են ու մյուս իսլամիստները: Նրանք կոնֆլիկտն ավելի են լայնացնում եւ հանում այն ազգային ու տեղական սահմաններից: Թուրքիան է կանգնած գրոհայինների ժամանման ետեւում. առանց նրանց ակտիվ մասնակցության, այս պատերազմը չէր լինի»,- հավելեց նա:

Միեւնույն ժամանակ, իսրայելցի գործչի խոսքով, Իսրայելն այս իրավիճակին որեւէ կերպ չի արձագանքելու: «Իսրայելը ոչ մի կերպ չի խառնվելու այս կոնֆլիկտին: Մի կողմից՝ Երուսաղեմը կապված է Բաքվի հետ նավթի գնման եւ զենքի վաճառքի մասով, մյուս կողմից էլ՝ մենք անհանգստացած ենք Թուրքիայի միջամտությամբ, որը մեր ռազմավարական թշնամին է: Այդ պատճառով էլ պետք չէ սպասել որեւէ միջամտության Իսրայելի կողմից», – հավելեց նա:

Խոսելով Ռուսաստանի Դաշնության արձագանքի եւ արդեն հայկական կողմի ուղղությամբ կրակոցների մասին՝ Էսկինը նկատեց. «Թուրքիան արդեն խառնվել է: Նրանց միջամտությունն ավելին է, քանի հարյուրավոր վարձկանների, գրոհայինների միանալը: Բայց այդ մասին դեռ վաղ է խոսել: Մոսկվայում շատ լավ տեղեկացված են եւ շատ լավ անհանգստացած: Սակայն ձեր համար գաղտնիք չէ, որ վերջին երկու տարում Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները ճգնաժամ են ապրել, եւ մթնոլորտն այնքան էլ բարենպաստ չէ: Հայաստանը կարող է միջազգային կազմակերպության միջոցով տարածաշրջան տեխնիկայի մատակարարման արգելք սահմանել: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է: Նրա տարածքը ենթարկվել է հարձակման, այն ուղիղ հարված է անվտանգությանը: Սպասում ենք Մոսկվայի խոսքին»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է հղել, որում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիան եւ դրա հետեւանքով ստեղծված իրադրությունը: Նախարարը տեղեկություններ է հաղորդել ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման դեպքերի, սադրիչ գործողությունների վերաբերյալ: Անդրադառնալով հակառակորդի կողմից հնչող խեղաթյուրող ապատեղեկատվական հոսքերին՝ ԱԳ նախարարը նշել է. «Ագրեսիան եղել է նախապես ծրագրված, եւ ադրբեջանական կողմի հայտարարությունները՝ ենթադրյալ հակահարձակման վերաբերյալ, բացարձակ կեղծիք են: Ադրբեջանը երբեք չի քողարկել ուժի կիրառմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու իր ռազմավարական նպատակը՝ շարունակաբար պահպանելով լարվածությունը շփման գծի եւ հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով»: Նախարար Մնացականյանը քննադատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ աշխարհում գլոբալ հրադադար հաստատելու կոչին չհետեւելու Ադրբեջանի սադրիչ գործելաոճը: Ընդգծել է, որ ագրեսիայի հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը հակամարտության կարգավորման անքակտելի մասն է, եւ այս իրավունքի ուժով Արցախի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա որոշելու իր կարգավիճակն առանց որեւէ սահմանափակումների։

 

 

ԿԱՆՉԵԼ Է ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանին արձակուրդից հետ կանչելու մասին որոշում է ստորագրել։ Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2020 թվականի սեպտեմբերի 28-ից հետ կանչել ամենամյա արձակուրդի մասից»:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Ռուսաստանում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանները: ArmLur.am-ին հայտնել է  ՀՀ արտաքին գործերին նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը:

 

 

ՄԵԿՆԵԼ ԵՆ ԱՐՑԱԽ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ։ Նշենք, որ այսօր պետք է տեղի ունենար Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը, սակայն այն հետաձգվել է. Արցախ է մեկնել նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

 

 

ԽՈՑՎԵԼ Է

Երեկ՝ ժամը 10:30-ից, Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից եւ ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի եւ ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 եւ թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները: Տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ էր կատարում յուրային ավիացիան։ Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային եւ օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է: Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, ըստ օբյեկտիվ հսկման միջոցների, գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա։

 

 

ՉԻ ՄԵԿՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2020 թվականի օգոստոսի 26-ի n 966-ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է ստորագրել. «Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2020 թվականի օգոստոսի 26-ի «Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն պատվիրակություն գործուղելու մասին» N 966-Ա որոշումը»,-ասված է որոշման մեջ:

 

 

ԵՐԿԱԹԳԾԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՓՈՐՁ

Վարդենիսի տարածաշրջանում հակառակորդը փորձել է հարվածել երկաթգծին, սակայն մի քանի հարյուր մետր վրիպել է։ Այս մասին ասել է Պաշտպանության նախարարության  ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, որը երեկ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում էր։ «Նորակերտ համայնքի կողքը գտնվում է երկաթգիծը։ Ամենայն հավանականությամբ. հարվածը փորձել են հասցնել երկաթգծին, բայց մի քանի հարյուր մետր տարբերությամբ վրիպել են»,- ասել է նա:

 




Լրահոս