ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆԴԴԵՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Դավիթաշենի պաշտոնատար անձինք գրավի դիմաց ազատ են արձակվել, սակայն Հատուկ քննչական ծառայությունն ու Գլխավոր դատախազությունը կռիվ են տալիս նրանց կալանավորելու համար:

 

Ինչպես հայտնի է, օրերս հայտարարվեց ոստիկանության Դավիթաշենի բաժնի պաշտոնատար անձանց մասով հարուցված քրեական գործի նախաքննության ավարտ, եւ գործը ուղարկվեց դատարան: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այն քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

Ըստ նախաքննական մարմնի՝ Մկրտիչ Վարոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի պետի պաշտոնը, «Ոստիկանության մասին», «ՀՀ ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված դրույթների ուժով հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել անձանց իրավունքներին ու օրինական շահերին, պետության օրինական շահերին: Արայիկ Գագիկի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի Դավիթաշեն բաժանմունքի պետի տեղեկալի պաշտոնը, «Ոստիկանության մասին», «ՀՀ ոստիկանության ծառայության մասին» ՀՀ օրենքներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված դրույթների ուժով հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, դիտսվորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել անձանց իրավունքներին ու օրինական շահերին, պետության օրինական շահերին:

Անդրանիկ Կարոյի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի օպերլիազորի պաշտոնը, «Ոստիկանության մասին», «ՀՀ ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված դրույթների ուժով հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել անձանց իրավունքներին ու օրինական շահերին, պետության օրինական շահերին: Հակոբ Սպանդարի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2016 թվականի օգոստոսի 2-ից զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչի պաշտոնը, «Ոստիկանության մասին», «ՀՀ ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված դրույթների ուժով հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, խմբային շահերից եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, քաղաքացիների իրավունքներին եւ օրինական շահերին, ինչպես նաեւ անձնական այլ դրդումներով եւ խմբային շահերից ելնելով՝ կատարել է պաշտոնեական կեղծիք: Ավելի ուշ կալանավորված պաշտոնյաները ազատ են արձակվել, ինչի հետ չի հաշտվել Գլխավոր դատախազությունը:

Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Վ.Պողոսյանի կողմից ՀՀ  վերաքննիչ բողոք   է ներկայացվել Անդրանիկ Խաչատրյանի, Մկրտիչ Վարոսյանի, Արայիկ Ղազարյանի, Հակոբ Հակոբյանի  մասով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը թողնել անփոփոխ:  Սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՔԾ-ի միջնորդությունները:

 ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՄԻՊ-Ի ԱՐՁԱԳԱՆՔԸ

Վաղ առավոտից Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի գյուղերը ենթարկվել են  հրետակոծության ադրբեջանական կողմից։ Տվյալները վկայում են, որ խաղաղ բնակչությունը գտնվում է ակնհայտ նպատակային հրետակոծության տակ: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Սպանվել է մեկ խաղաղ բնակիչ, ինչը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի հրատապ հարցումներով պաշտոնական աղբյուրներով: Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ահազանգեր են ներկայացրել խաղաղ բնակիչները եւ տրամադրել նաեւ մոտ մեկ ժամ առաջ արված հրետակոծության լուսանկարներ: Հրետակոծության մասին Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգեր է ներկայացրել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատանի բժշկական անձնակազմը՝ նշելով հրետակոծության պատճառով խնամյալների մոտ առաջացած վախի ու տագնապի մասին: Հրետակոծության փաստերը նաեւ հաստատվել են պաշտոնական հարցման արդյունքներով: Առավոտյան այրվել է նաեւ քաղաքացիական ավտոբուս թիրախային ԱԹՍ հարձակման արդյունքում»։

 

 

ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույցներ է ունեցել նաեւ Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վալերի Վակուլչիկի եւ Տաջիկստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նասրուլո Մահմուդզոդայի հետ: Նրանք անդրադարձել են սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին եւ Ադրբեջանի կողմից հակամարտությունը Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու եւ խաղաղ բնակչությանը թիրախավորելու փաստերին: Զուգահեռաբար, Արմեն Գրիգորյանը մատնանշել է տարածաշրջանային անվտանգության վրա բացասական ազդեցություն ունեցող Թուրքիայի՝ որպես ապակայունացնող գործոն լինելու հանգամանքը: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ Արցախի պաշտպանության բանակը ռազմաճակատի ողջ երկայնքով, ինչպես նաեւ ՀՀ զինված ուժերը մեր երկրի սահմաններն անառիկ պահելու առումով փայլուն կերպով կատարում են իրենց առջեւ դրված բոլոր մարտական առաջադրանքները եւ իրավիճակը պահում են լիակատար վերահսկողության տակ:

Բելառուսի եւ Տաջիկստանի անվտանգության խորհրդի քարտուղարները մտահոգություն են հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ եւ ընդգծել են հակամարտության միմիայն խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:

 

 

ԴԵՂԱՏԱՆ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ

Դավիթաշենի դեղատան ամղկահարույց գործը մտավ դատարան: Հայտնի է, թե ով էր դեղատան աշխատակցի նկատմամբ դաժանորեն բռնություն գործադրած անձը: Ինչպես հայտնի է, աղմկահարույց միջադեպ էր եղել Դավիթաշեն վարչական շրջանում: Արա Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Երեւան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի 51/3 հասցեում գտնվող, «Ադա սուպրո» ՍՊ ընկերությանը պատկանող դեղատանից ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2020 թվականի օգոստոսի 26-ին գնացել եւ սպասել է նշված դեղատան մոտ, տեւական ժամանակ հետեւել հաճախորդների շարժին, ապա նկատելով վաճառողուհու միայնակ գտնվելու հանգամանքը՝ ժամը 15:20-ի սահմաններում մուտք է գործել ներս, կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով, իր հանցավոր մտադրությունն իրագործելն ավելի դյուրին դարձնելու համար մոտեցել է սրահում գտնվող եւ դեղատան գույքի պատասխանատու անձ հանդիսացող վաճառողուհի Հերիքնազ Վազգենի Մանգասարյանին, բռնել բերանը եւ պարանոցը, վերջինիս կողմից ազատվելուն ուղղված գործողությունները կանխելու եւ կանչի ձայները դադարեցնելու համար քաշել-գցել է հատակին, հայտնել ֆիզիկական վնաս չպատճառելու իր մտադրության մասին եւ պահանջել լռել, որի արդյունքում կոտրելով դիմադրությունը՝ Հերիքնազ Մանգասարյանին բարձրացրել է հատակից, ապա շարունակելով գործադրել կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն՝ քաշելով տեղափոխել տաղավարի հակառակ կողմում գտնվող դրամարկղի մոտ, հրել-նստեցրել է աթոռին. հասկանալով, որ վերջինս գիտակցել է իր կողմից գույքի հափշտակման նպատակը՝ հանցավոր գործողություններն ավարտելու համար բացել եւ ապօրինի մուտք է գործել գումարի պահման համար նախատեսված, պահեստարան հանդիսացող դրամարկղ, բացահայտ հափշտակել 47.000 ՀՀ դրամ գումար եւ դիմել փախուստի՝ «Ադա սուպրո» ՍՊԸ-ին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս, իսկ Հերիքնազ Մանգասարյանին պատճառելով առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, որն արտահայտվել է ստորին շրթունքի շրջանի արյունազեղման ձեւով:

Արա Սիմոնյանը կալանավորված է եւ գտնվում է  ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում:

 ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 




Լրահոս