«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախում կատարվող ռազմական գործողություններին զուգահեռ ՀՀ Ազգային ժողովը որոշել է ընդլայնել սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության շրջանակը: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոփոխությունների է ենթարկվել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն Սիսակ Գաբրիելյանի եւ Սիփան Փաշինյանի կողմից:
Մեր տեղեկություններով՝ փոփոխությունը եղել է կառավարության առաջարկությամբ, եւ վերջիններս նախատեսում են ընդլայնել փոխհատուցման ենթակա ոլորտները, որոնք վնաս են կրել Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով, առաջարկում փոխհատուցում տրամադրել այն անձանց, որոնք խնամել են վերոնշյալ գործողությունների հետեւանքով զոհված քաղաքացուն մինչեւ նրա 18 տարին լրանալը:
Նկատենք՝ սահմանամերձ համայնքներին տրվող օժանդակությունն ավելի ընդլայնվեց հուլիսյան դեպքերից հետո, երբ լարվածություն էր արդեն հայ-ադրբեջանական սահմանին: Այդ դեպքերից հետո կառավարությունը մշակեց օժանդակության ծրագրեր, իսկ, ահա, պատգամավորների ներկայացրած նախագիծն արդեն ընդհանուր է եւ սոցիալական աջակցություն է սահմանամերձ համայնքներում ապրող քաղաքացիների համար: Դրան զուգահեռ նկատենք, որ առաջիկա օրերին էլ պետք է ընդունվի տնտեսության զորահավաքային պլանը, որը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից: Միեւնույն ժամանակ, նկատենք, որ որոշում է կայացվել կառավարության կամ Ազգային ժողովի նիստեր անել միայն բացառիկ դեպքերում, երբ օրակարգում այս իրավիճակի համար շատ կարեւոր նախագիծ պետք է քննարկվի:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: