Դատավոր Սամվել Ուզունյանի անունը Հայաստանում ճանաչելի դարձավ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո, երբ բոլորին անծանոթ մարդը հայտնվեց մեր պատմության ամենախայտառակ եւ ամենանշանավոր ոճրագործություններից մեկի ոլորտում` ստանձնելով դատավորի պարտականությունները: Թե ինչու էր հատկապես Սամվել Ուզունյանի թեկնածությունը հաստատվել, երբ նախկինում շրջանառվում էին այլ դատավորների անուններ, սկզբնական շրջանում պարզ չէր: Հիմա` տարիներ անց, ամեն ինչ դառնում է հասկանալի եւ ընկալելի: 1971 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը` Սամվել Ուզունյանն ընդունվել է Երեւանի պետական համալսարանի պատմության եւ իրավունքի ֆակուլտետ, ուսմանը զուգընթաց` 1973-1975 թվականներին ծառայել խորհրդային բանակում, իսկ 1976-ից աշխատել Երեւանի մոնտաժային կառավարման վարչությունում որպես մոնտաժող-մասնագետ: Բուհն ավարտել է 1981 թվականին` ըստ էության սովորելով ամբողջ տասը տարի: Սա իսկապես բուհական համակարգի յուրատեսակ ռեկորդներից մեկն է: Մինչեւ 1982 թվականը Սամվել Ուզունյանը շարունակել է իր գործունեությունը մոնտաժային վարչությունում, իսկ մինչեւ 1994 թվականն էլ աշխատել ներքին գործերի համակարգում: Բնականաբար, նա դատավոր աշխատելու մասին կարող էր միայն երազել, որովհետեւ ստացել էր ոչ թե իրավաբանի, այլ պատմության եւ իրավունքի ուսուցչի որակավորում: ՆԳ համակարգում թերեւս այնքան էլ ուշադրություն չդարձրին այն հանգամանքին, որ իրենց շարքերում է հայտնվել ուսուցիչ, ով երբեք դպրոցում աշխատելու ցանկություն չի ունեցել: 1994-ից էլ, օգտվելով երկրում ստեղծված որոշակի խառնաշփոթ վիճակից, Սամվել Ուզունյանն աշխատանքի անցավ դատախազությունում: 1996 թվականին նա աշխատանքի անցավ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատարանում որպես դատավոր: Ուզունյանի կենսագրության մեջ նշված է առաջին ատյանի դատարանում: Գուցե իրավաբանական կրթություն չունեցող անձը չի իմացել, որ Հայաստանում դատարանակազմության մասին օրենքը գործողության մեջ է մտել շատ ավելի ուշ` 1998 թվականից. ուրեմն նա ընդամենը ժողովրդական դատարանի դատավոր էր: Ով եւ ինչպես իրավաբանական բարձրագույն կրթություն չունեցող անձնավորությանը բազմեցրեց դատավորի աթոռին` կարող են ասել միայն տվյալ ժամանակաշրջանում ՀՀ արդարադատության նախարարի եւ ՀՀ գերագույն դատարանի նախագահի պաշտոնները զբաղեցրած անձինք: Իսկ արդարադատության նախարարն այդ ժամանակ Մարատ Ալեքսանյանն էր, ՀՀ ԳԴ նախագահը` Տարիել Բարսեղյանը: Եւ այսպես, 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության դատական նիստերը վարելու համար հրավիրվեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատավոր Սամվել Ուզունյանը: Ուրեմն, հարկավոր էր գտնել մի դատավորի, ով ուներ խոցելի տեղեր, ով հանուն իր պաշտոնում մնալու` պատրաստ էր կատարել այն բոլոր հրահանգները, որոնք տրվելու էին իրեն` անկախ բովանդակությունից: Ցանկացած պահի նրան կարող էին հիշեցնել այն մասին, որ դատավորի պաշտոնն ապօրինաբար է զբաղեցրել, որ ձեռք է բերել որոշ հողակտորներ եւ էլի նման բաներ… Ու Սամվել Ուզունյանը լռելյայն կատարեց այն բոլոր հրահանգները, որոնք տրվեցին իրեն` դարակազմիկ համարվող ահաբեկչությունը հասցնելով մի «ուչաստկովիի մակարդակի» դատական գործի: Դատական նիստերի ընթացքում Սամվել Ուզունյանի թույլ տված ապօրինությունների, մի քանի հանցագործների նկատմամբ համաներման կիրառման, մի շարք բացահայտումներ կանխելու մասին շա~տ է գրվել: Դատավոր Ուզունյանը երբեք վատ չէր զգում հոդվածներից, դատարանի դահլիճում հնչող գնահատականներից. նա իր գործն էր անում` թույլ տալով դատաիրավական եւ դատակիրառական բազմաթիվ դրույթների խախտումներ: Դրանցից մեկն այն էր, որ նա այդպես էլ դատարան չհրավիրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով պիտի ունենար վկայի կարգավիճակ, նա «չկամեցավ» բերման ենթարկել լրագրող Տիգրան Նազարյանին, էլի ուրիշների… Մի խոսքով, «սպիտակ թելերով» կարեց դատական գործը, կարդաց այն դատավճիռը, որը վաղուց պատրաստվել էր նախագահականում եւ 2004-ին ստացավ հատուցումը` բազմեց Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի աթոռին: Սա եւս բացառիկ դեպք էր մեր դատարանական գործընթացներում, քանի որ գոնե դատարանի նախագահը պիտի իրավաբանական բարձրագույն կրթություն ունենա, սակայն հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումը տապալած դատավորին ամեն ինչ թույլատրելի էր. չէ՞ որ նա ապացուցել էր իր նվիրվածությունը ռեժիմին… Հիմա Ուզունյանի աշխատավարձը երկու անգամ գերազանցում է երկրի նախագահի աշխատավարձին, քանի որ 800 հազար դրամից ավելի աշխատավարձ է ստանում, ապրում է գրեթե օլիգարխի նման եւ շարունակում է այնպիսի դատավճիռներ արձակել, որոնք երբեմն հանրային զայրույթի առարկա են դառնում: Այսպես, օրինակ, նորաշենցի Սարգիս Սողոմոնյանի նկատմամբ կայացրած 12 տարվա ազատազրկման դատավճիռը շատերն են հիշում, երբ տուրք տալով Էրեբունու դատախազությունում սարքված կեղծ մեղադրանքներին` ընդամենը աղջիկ փախցրած Սարգիս Սողոմոնյանին մեղադրեց գրեթե բանդիտիզմի մեջ… Ինչպես ասում են` էլ ի՞նչ դատավոր, որ մի քանի ապօրինի դատավճիռ կայացրած չլինի:ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒՍՈՒՑԻՉ ԴԱՏԱՎՈՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ