Հայ-ադրբեջանական հակամարտության առիթով Վրաստանի ազգային անվտանգության խորհուրդը նիստ է անցկացրել, որի քննարկման հիմնական թեման հայ-ադրբեջանական հակամարտությունն է եղել: Նիստից հետո մի քանի հարցերի վերաբերյալ հայտարարություններ են արվել: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
«Վրացական կողմը տարիներ շարունակ մշտապես կատարել է իր միջազգային պարտավորությունները, այդ թվում` հարևան Ադրբեջանի և Հայաստանի հանդեպ: Մասնավորապես, Վրաստանի տարանցիկ երկրի գործառույթը կարևոր գործոն է երկու երկրների զարգացման համար: Այսօր նույնպես Վրաստանի տարածքով քաղաքացիական նշանակության բեռնափոխադրումները անխափան և անվտանգ իրականացվում են ցանկացած, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի ուղղությամբ: Հատկանշական է, որ հակամարտության սրացման պահից Վրաստանի կողմից քաղաքացիական օդային բեռնափոխադրումների նպատակով որևէ տեսակի սահմանափակում չի սահմանվել և չի սահմանվի:
Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող ռազմական գործողությունների պատճառով, Վրաստանի կառավարությունը, էսկալացիայի սկսվելուն պես ժամանակավորապես դադարեցրել է ռազմական բեռներ տեղափոխելու համար թույլտվությունների տրամադրումը սեփական ՝ օդային և ցամաքային տարածքով երկու երկրների ուղղությամբ: Այս մասին կողմերը տեղեկացված են եղել: Վրացական կողմը ցանկացած այլ միջազգային տարանցիկ բեռների հետ կապված ամբողջությամբ կատարում է իր միջազգային պարտավորությունները: Մեր ընդհանուր շահն է արագ ավարտել ռազմական բախումները և վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում», — ասվում է խորհրդի տարածած հայտարարության մեջ։