«Ունեցել ենք հոկտեմբերի 27 եւ մարտի 1, ունեցել ենք շարքային քաղաքացու օտարումը սեփական երկրից, ընտրություններից: Մեր քաղաքացիներից շատերն իրենց հավատի կորուստը, ցավը հայտնել են արտագաղթով: Ես գիտեմ, որ Լոռի աշխարհը, Վանաձորն այդ աղբյուրներից մեկն է»,-սեպտեմբերի 24-ին Վանաձորի բնակչության հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Այսպիսով, եթե Լոռու մարզում` կուսակցությունների տեղական գրասենյակներում, մերձընտրական եռուզեռ դեռեւս նկատելի չէ, գլխավոր գրասենյակները 2 ճակատով են աշխատում` Երեւան եւ մարզեր: ՀԱԿ-ի ղեկավարության հետ հադիպումից շատ չի անցել, «Ժառանգություն»-ն էր Վանաձորում:Հրանտ Մաթեւոսյանի անվան զբոսայգու կինոդահլիճը լեփ-լեցուն էր համակիրներով: Ր.Հովհաննիսյանն իր խոսքը սկսեց ոչ վաղ անցյալի պատմական ակնարկով, անդրադարձավ նաեւ անկախության 20-ամյակի զորահանդեսին, իր հպարտությունը կիսեց վանաձորցիների հետ` ավելացնելով, որ բանակը դարձել է մեր արժեքներից մեկը, սակայն այս օղակի վրա կարեւոր է հասարակության վերահսկողությունը, որպեսզի այլեւս երբեք խաղաղության ժամանակահատվածում հայ ընտանիքը զոհ չտա հայրենասեր որդուն: Բանախոսը կարծում է, որ եթե մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը մեր բանակում ունի իր մասնակցությունը, ապա մեր մյուս բարեկամներն արեւմուտքից, արեւելքից ու հարավից եւս կարող են իրենց մասնակցությունն ունենալ. «Հայաստանը պատկանում է բոլորիս` ո՛չ նրան, ո՛չ ինձ, ոչ մեկին առանձին վերցրած, եւ այս մարդու եւ պետության, կուսակցության եւ պետության նույնացումն անընդունելի է: Այսպես շարունակել ոչ թե 7 տարի, այլ 7 ամիս մենք չենք կարող»: Ր.Հովհաննիսյանը վստահեցրեց, որ ժողովրդավարության քողի ներքո իրականացվող կուսակցապետության պատճառով է, որ «Ժառանգություն»-ն այս տարվա սկզբին հայտարարեց իր չմասնակցությունն ԱԺ աշխատանքներին: Թուրքիա-Հայաստան արձանագրությունը եւս ամոթալի եւ անընդունելի է համարում. «Նույն նախապայմանները 20 տարի առաջ կային, բայց մենք ասացինք ո՛չ: Ցավոք սրտի, 20 տարվա ընթացքում այդ «ո՛չ»-ը դարձավ «այո՛»: Օրը պիտի գա, որ իշխանությունը պիտի ձեւավորվի ձեր քվեով: Ով էլ լինի այդ 5 տարիների ընթացքում, ոչ մի պետական միջոց կամ վարկ չի ծառայեցնելու իր կուսակցությանը կամ շրջապատին»: ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆՎանաձոր
ԱՆԿԱՐԵԼԻ Է ԴԻՄԱՆԱԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ