ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐՆ «ՕՐԱՆԺ»-Ի ՄԻՋՈՑՈՎ ՔԱՐՈԶԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիս եւ օգոստոս ամիսներին Իջեւան քաղաքում «Օրանժ Արմենիա» ընկերությունն ակցիայի շրջանակներում հեռախոսային նոր համարներ է բաժանել: Դրանց բաժանողների մեջ եղել են երկու աղջիկներ, որոնք Եհովայի վկաներ են: Իջեւանի բնակիչների վկայությամբ` նրանք օգտագործել են առիթը, մարդկանց տուն գնալը, որպեսզի այդ ուսմունքի քարոզչություն կատարեն: Դեպքեր են եղել, երբ զայրացած բնակիչները պարզապես դուրս են հրավիրել «Օրանժ»-ի անունի տակ իրենց տուն եկած Եհովայի վկաներին: Այս մասին պարզաբանում ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթն այցելեց «Օրանժ»-ի Իջեւանի գրասենյակ: Մասնաճյուղի աշխատակցուհուն հարցրինք, թե ով է տնօրենը եւ որտեղ է գտնվում: Աղջիկն ասաց, որ տնօրենը Սպարտակ Բեկնազարյանն է, ով ընդհանրապես այդտեղ չի լինում, այլ մշտապես գտնվում է էլեկտրոնիկայի «Վեստա» խանութում: Ուղեւորվեցինք այդ խանութ: Սակայն Սպարտակ Բեկնազարյանն այնտեղ էլ չէր: Խանութի աշխատակիցը տրամադրեց Ս.Բեկնազարյանի հեռախոսահամարը, սակայն նա անհասանելի էր: Ժամեր անց, երբ զանգեցինք, նա ասաց, որ տեղյակ չէ խնդրին, բայց հավելեց, որ իրենք չէին կարող իմանալ, որ հեռախոսային համարներ բաժանողների մեջ կարող էին Եհովայի վկաներ լինել, քանի որ պայմանագրային կարգով գործի ընդունելիս չեն հարցնում կրոնական հայացքների մասին: Վերջում Սպարտակ Բեկնազարյանն ասաց, որ ինքը պաշտոնապես «Օրանժ»-ի աշխատակից չի համարվում, ինքը տնօրինում է «Բեկնազարյան եւ որդի» ՍՊԸ-ն: Հարց է ծագում. ինչո՞ւ էր նա շուրջ կես ժամ խոսում ինձ հետ, եւ ինչո՞ւ «Օրանժ»-ի Իջեւանի գրասենյակի աշխատակցուհին նրա անունը տվեց` որպես տնօրենի: Կամ ինչո՞ւ Բեկնազարյանն ասաց, որ ինքն օրենքով աշխատակից չէ, միգուցե փաստացի տնօրինո՞ւմ է «Օրանժ»-ի մասնաճյուղը: Ինչեւէ, նման խառնաշփոթի մեջ «Օրանժ»-ի մասնաճյուղում ոչ միայն Եհովայի վկաները կարող են հայտնվել, այլեւ նույնիսկ Եհովան:ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՏավուշ




Լրահոս