Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային կրակի հրթիռային համակարգ վաճառելը ոչ մի դեպքում Հայաստանի դեմ ուղղված քայլ չէ: Դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն էր արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Լուկաշենկոն այդ ժամանակ հիշեցրել էր, որ նա հայկական կողմին ևս առաջարկել է համալիրը գնել, բայց նրանք հրաժարվել են:
Սակայն Բելառուսի նախագահի հայտարարությունից երկու տարի անց ականատես ենք լինում, որ Բելառուսի նախագահի հայտարարությունները իրականություն չդարձան եւ սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված ռազմական գործողությունների ժամանակ հենց Ստեփանակերտի ուղղությամբ է կիրառվել «Պոլոնեզ» համազարկային կրակի հրթիռային համակարգը:
Նշենք, որ 2018թ.–ի ամռանը հայտնի էր դարձել, որ Բելառուսը Ադրբեջանին է վաճառել «Պոլոնեզ» համակարգ։ Սեպտեմբերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ստացել է «Պոլոնեզի» նոր խմբաքանակ։
Եվ ահա, այս հայտարարություններից երկու տարի անց ինչու Բելառուսի նախագահի հայտարարություններն իրականություն չդարձան: Բելառուսի խորհրդարանի պատգամավոր Օլեգ Գայդուկևիչը ArmLur.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, թե Բելառուսի նախագահը սպառազինությունը վաճառելիս չէր կարող ենթադրել, որ այն այդպիսի հետևանքներ կարող էր ունենալ:
Սակայն Բելառուսի խորհրդարանի պատգամավորը մեզ հետ զրույցում վստահեցրեց, թե այս օրերին տարածվող խոսակցություններն այն մասին, թե Բելառուսը շարունակում է այս ընթացքում սպառազինություն տրամադրել Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը: Ավելին, նրա խոսքով, Արցախում տեղի ունեցող իրադարձություններից հետո պետք է հետեւություններ անել:
Միեւնույն ժամանակ պատգամավորը վստահեցրեց, թե Բելառուսը մշտապես կարևոր է Հայաստանին որպես գործընկեր եւ իրենք շատ են անհանգստանում Արցախում ընթացող պատերազմի մասով եւ ամեն ինչ կանեն՝ խաղաղ հանգուցալուծման համար:
Ինչեւէ, Ադրբեջանի գործողությունները ցույց տվեցին, որ այդ երկրին վստահել չի կարելի եւ իսկապես Բելառուսը եւ Ադրբեջանին զենք վաճառող մյուս երկրները պետք է անհրաժեշտ հետևություններն անեն:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.