Սա համաշխարհային պոռնկություն է. Ռուբեն Հախվերդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ իմ տղային ժպիտով ճանապարհել եմ Արցախ, հայրենիքի առաջ իր պարտքը կատարելու:  Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը, ում հետ զրուցել ենք Արցախում պատերազմական իրավիճակի մասին:

«Մինչեւ իրեն «պավեսկա» տալն էլ  իրեն ճղում էր, որ մեկնի առաջնագիծ: Գնացել էր, որպեսզի կամավոր մեկնի, ասել էին, գնա հանգիստ սպասի քեզ կզանգահարենք, կտեղեկացնենք: Դե ՛, հիմա արդեն գնաց ինչ ասեմ, Աստված բոլոր զինվորների, բոլոր երեխաների հետ»,-նշում է երգահանը:

Ռուբեն Հախվերդյանի խոսքով՝  նա նույնպես մեծ ցանկություն է ունեցել մեկնելու Արցախ, կանգնելու հայ զինվոի կողքին, բայց գիտակցում է, որ թիկունքում ավելի օգտակար կարող է լինել, քան առաջնագծում: Ըստ նրա՝ օրերս է նոր երգ ձայնագրել ի պատիվ հայ զինվորի, ի պատիվ՝ առաջնագծում կռվող տղաների:

Ռուբեն Հախվերդյանի կարծիքով՝  Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից  Արցախի Հանրապետության վրա հարձակման հետեւում կանգնած է  համաշխարհային կառավարությունը:

«Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի իրենց կողմից սկսված պատերազմի մեջ ներքաշեն  Ռուսաստանի Դաշնությանը, բայց Ռուսաստանը եւ Թուրքիան  պատերազմում են մեր հողերի վրա, մեր արյան գնով: Այսինքն՝ այն բազառը, որ ռուսներն են տվել, փոխանակ այդ պայմանագրերից խոսենք, նոր –նոր տեսնում եմ ինչ-որ բաներ, որ ուզում են խոսել: Այն ինչն այսօր կատարվում է՝  համաշխարհային պոռնկություն է: Այս պատերազմը Թուրքիայի հետ է, Ադրբեջանն այստեղ ընդամենը խայծ է: Մենք փաստացի այսօր կռվում ենք թուրքերի հետ, որի թիկունքում կանգնած է ՆԱՏՕ-ն»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Ռուբեն Հախվերդյանը մեզ հետ զրույցի վերջում առաջնագծում մեր  վաղվա ազատ օրվա համար մարտնչող տղաներին կոչ է անում նայել մահվան աչքերին, եւ երբեք չերկնչել թշնամու առաջ:

«Ամենակարեւորն այս օրերին չկորցնեն հումորի զգացողությունը, ինչը շատ դրական ազդեցություն է ունենում նրանց հոգեվիճակի վրա: Ես նկատում եմ, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շատ դրական, հումորով նախագահ է, եւ շատ ճիշտ մարտավարություն է վարում եւ ամենակարեւորն՝ այս ամենին նայում է ժպիտով»,-հավելում է երգահանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս