«ՄԻ ՔԻՉ ԱՆՏԱՐԲԵՐ ԵՆՔ ԴԱՐՁԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԸ վերջերս ստացավ վաստակավոր արտիստի կոչում, այնուամենայնիվ, պնդում է, որ իր համար մարդու բարձրագուն կոչումը մարդ լինելն է: -Կարո՞ղ եք ասել, ի՞նչ են տալիս այդ կոչումներն արտիստներին:  -Պատկառանք կա, ամեն դեպքում, նախագահն է տվել, բայց իմ ասելիքի մեջ որեւէ բան չի փոխվում: Մարդու բարձրագույն կոչումը մարդ լինելն է: Դրանից այն կողմ էլ ի՞նչ կոչում: Եթե ստեղծագործողն ասելիք ունի, նրան տիտղոս պետք չէ: Այդ տիտղոսը կոմունիստներից մնացած բան է, դե վատ չէ: Արտասահմանում չկան նման բաներ, ելույթի ժամանակ էլ չեն ասում` «Ելույթ կունենա ժողովրդական արտիստ Սթիվի Ուոնդերը»: Նրանք այդ խնդիրը չունեն: Մեզ մոտ մի փոքր կոմպլեքս կա կայացման, որի մեջ շատերը չեն մտնում, լավ իմաստով: Ես մարդ գիտեմ, ով անպայման ստիպում է իրեն ներկայացնելուց առաջ նշել բոլոր տիտղոսները: Այդպիսի բաներ պետք չեն: Անուն-ազգանուն, բան ունե՞ս ասելու, արի՛ երգի ու գնա՛:-Բայց այդ տեսակ մրցանակները եւս մեկ անգամ ընդգծում են, որ Ձեզ պետականորեն են գնահատում:-Դրա համար շնորհակալ եմ: Լավ զգացողություն է, ընկերներս զանգում ու  շնորհավորում են: Թեկուզ ընկերներիս ուրախանալու համար արժեր: -Նախօրոք գիտեի՞ք, որ կոչում եք ստանալու:-Էս էն դեպքն ա, երբ ես չգիտեի, որ արժանի եմ, մինչեւ հիմա էլ կասկածում եմ: Քանիսին գիտեմ, որ, ըստ իս, արժանի են, բայց չեն ստացել: -Բայց չէ՞ որ կան նաեւ այնպիսիները, որ առանձնապես վաստակ չունեին, բայց տարբեր տարիների ստացել են այդ կոչումը:-Դրանց մասին չենք խոսում, եթե այդպես նայենք, ամեն համակարգում էլ էդ տեսակ խնդիր կա` սկսած գեներալից, մինչեւ… Մարտական անցյալ չունեցող մարդիկ զբաղեցնում են բարձր տեղեր, իսկ նրանք, ովքեր կռվել են, ոչ մի տեղ չունեն: Դրա մասին իշխանությունն էլ գիտի: Երեւի այն մարդիկ, որոնք իրենց առաջ չեն գցում, այդպես էլ մնում են, դա մարդու տեսակ է: Ես էլ երբեք ինձ թույլ չեմ տա առաջ գցել: -Ինչպե՞ս կարելի է հասկանալ այն փաստը, որ Դուք հաճախակի մենահամերգ եք ունենում, բայց  հեռուստատեսությամբ քիչ եք երեւում:-Մենահամերգի դեպքում դու ընդամենը դահլիճ ես վարձում ու էլի մի քանի ծախսեր, բայց այդ ծախսով դու կարողանում ես միանգամից 20-ից ավելի երգ ներկայացնել, իսկ 1 տեսահոլովակ նկարահանելու համար դու կծախսես ճիշտ այնքան, ինչքան մի համերգի համար, ու հետո էլ պարզ չէ` ցույց կտա՞ն, թե՞ ոչ: 4 մենահամերգ եմ ունեցել Երեւանում, մեկը Ղափանում, մյուսն էլ Գյումրիում:Կա հեռուստաընկերություն, որ անշահախնդիր ցույց է տալիս իմ մենահամերգները:  Սիրում եմ համագործակցել լավ մարդկանց հետ, ովքեր ամեն ինչ փողի հետ չեն կապում: -Կ՞ա մի բան բոլոր մարդկանց մեջ, ինչը Ձեզ այսօր նեղացնում է:-Անտարբերությունը միմյանց հանդեպ, ցավի հանդեպ, որը հային հարիր չէ: Հիմա մարդկանց մեջ մի տեսակ սառնություն կա, երեւի եվրոպական ստանդարտների մեջ ենք ուզում մտնել: Խորեն Աբրահամյանը մի անգամ այսպիսի բան ասաց. «Ես եղա Եվրոպայում, լիքը լավ բան տեսա, վատ բաներ էլ տեսա: Եկա Հայաստան ու իմացա, որ մենք էլ Եվրոպայից ուզում ենք ինչ-որ բաներ վերցնել: Ոգեւորված սպասում էի, որ լավն ենք վերցնելու, օրինակ, ասենք, ծխախոտը գետնին չգցել, միմյանց ժպիտով, հարգանքով վերաբերվել, բայց եկա ու տեսա, որ մեզ մոտ էլ ականջօղով տղերք կան»: -Չե՞ք կարծում, որ անտարբերությունը մարդկանց սոցիալական վիճակից է գալիս:-Ես դրա համար էլ չեմ անձնավորում, եթե իմանամ` ում մեղքն է, հենց ինքս կպատժեմ  նրան: Երբ ջահել տղան փողոցով անցնում է ու տեսնում, որ մեկն օգնության կարիք ունի, չի մոտենում, որովհետեւ գիտի, որ դա չի գնահատվելու: Բարոյականությունը չի արժանանում գնահատանքի: Գնահատվում է վատ բան անողը, ենթադրենք` սպիտակ «Նիվա»-ով ինչ-որ բանի տղա, ով վրաերթի ենթարկեց մեկին ու թռավ: Աղջիկներն էլ նայում են ու ասում. «Վա~յ, լսի՛, ինչ շուստրի տիպ ա»: Ու ինքը դառնում է հերոսի կերպար: Շատ հասարակ օրինակ բերեցի, կարող եմ ծավալվել մինչեւ քաղաքական դաշտ:-Քաղաքականությամբ հետաքրքրվո՞ւմ եք:-Ընդհանրապես չեմ հետաքրքրվում, քաղաքականություն չեմ սիրում: Ինչքան հեռու լինենք քաղաքականությունից, այնքան ավելի ջերմ հասարակություն կունենանք, հավատացե՛ք:Ուժեղ Հայաստանը հպարտանալու բան է, բայց դրա համար պետք է պայքարենք անտարբերության դեմ: Մի բան էլ ասեմ, հակառակվեմ ինձ. անտարբերություն պետք է, բայց դավաճանների հանդեպ, արատավոր երեւույթների դեմ: -Ի՞նչ է այսօր պակասում Ձեզ երջանիկ զգալու համար:-Ինձ բան չի պակասում, մի քիչ փողն է պակասում, էն էլ ընկերներս տալիս են: Ես ընկերներ ունեմ շատ եւ լավ, որակով, իմ ընտանիքն էլ` իմ տղերքը, կինս, քույրս, իմ ընկերներն են: Ես իրանց հետ ինձ երջանիկ եմ համարում: ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս