ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեղադրել է Հանրապետական կուսակցությանն ամերիկյան հասարակությանը վնաս հասցնելու մեջ: Օբաման խիստ քննադատել է Կոնգրեսի հանրապետական ընդդիմության որոշումը, որը մերժել է դաշնային բյուջեի կրճատման իր առաջարկած նախագիծը: Նա ընդգծել է, որ հանրապետականների գործողությունները հսկայական վնաս կհասցնեն Ամերիկային եւ կնվազեցնեն նրա կարողությունները` դիմակայելու 21-րդ դարի մարտահրավերներին: Օբաման նշել է, որ 2012-ի նախագահական ընտրությունները դեմոկրատների համար չափազանց ծանր պայմաններում են անցնելու, քանի որ ընտրողները հիասթափված են կառավարության գործողություններից: Ամենայն հավանականությամբ, Օբաման նման հայտարարություն անելիս եղել է Fobes հեղինակավոր պարբերականի ազդեցության տակ, երբ իմացել է, որ Արեւելքի նախկին բռնապետերն իրենից հարուստ են: Վերջերս պարբերականում լույս տեսած հրապարակման համաձայն` Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կարողությունը կազմում է 73 միլիարդ դոլար: Համեմատության համար նշենք, որ աշխարհի ամենահարուստ մարդու` մեքսիկացի Կառլոս Սլիմի կարողությունը 72 միլիարդ է: Ամենահարուստ բռնակալների ցուցակի երկրորդ հորիզոնականում է հայտնվել Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆին` 62 միլիարդով: Եռյակը եզրափակում է Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը: Հակառակ Forbes-ի այս հրապարակմանը` Քադաֆիի կառավարության ներկայացուցիչը հայտարարել է` գնդապետի ընտանիքը երբեք չի հարստացել Լիբիայի նավթային պաշարների հաշվին, եւ նավթից գոյացած ողջ գումարը գնացել է լիբիական ձեռնարկություններ եւ ինստիտուտներ ստեղծելու վրա: Այս ամբողջ պատմության մեջ կարծես թե Քադաֆիի այդ փողերն ավելի շատ պետք կգան Մեծ Բրիտանիային, քանի որ երկիրը Լիբիայում պատերազմի վրա նախատեսվածից 7 անգամ ավելի գումար է ծախսել` 1.75 մլրդ ֆունտ ստերլինգ: Ռազմական փորձագետ Ֆրենսիս Տուսայի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կառավարությունը հանրությանը նախապես սխալ է ներկայացրել ծախսերը: Իսկ ուելսցիներն ընդհանրապես չեն մտածում հարստանալու կամ գումար հայթայթելու մասին: Նրանց համար առավել կարեւոր է բնական միջավայրի ներդաշնակության ապահովումը: Այդ իսկ պատճառով Ուելսի Պորտմադոգ քաղաքի իշխանությունները 650 հազար ֆունտ ստերլինգ են հատկացրել այդ տարածքում ապրող չղջիկների համար կամուրջ կառուցելուն: Այս շրջանցող կամուրջը թույլ է տալիս չղջիկներին խուսափել մեքենաների հետ բախվելուց: Սա առաջին դեպքը չէ, երբ ուելսցիները կենդանիների համար նման մասշտաբային շինարարություն են իրականացնում: Անցած տարի նրանք կրծողների համար կամուրջ էին կառուցել Ռոնտա Կինոն Թավ քաղաքում:ՆԱՐԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
ՆԱԽԱՆՁԱԽՆԴԻՐԸ, ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԲՌՆԱԿԱԼՆԵՐԸ ԵՎ…
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ