Հենց այս պահին սպասում ենք Արցախի առաջնագծում մեր սահմանը պահող ընկերուհուս տղային: Այս պահին զերծ կմնամ որեւէ գնահատականներ տալուց, միայն կարող եմ ավելացնել, որ ինչքան էլ այս պահին էմոցիոնալ հոգեվիճակ ունենք, միեւնույն է, ես բոլորի պես գոտեպնդված եւ համոզված եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց դերասանուհի Լուիզա Ղամբարյանը՝ անդրադառնալով Արցախում պատերազմական իրավիճակին:
«Ինձ առնվազն զայրացնում է գերտերությունների, աշխարհի զրո ռեակցիաները, որ տեղի է ունենում Հայաստանի եւ Արցախից դուրս: Հենց այս պահի դրությամբ կարող եմ փաստել, որ այս պահին մեր միակ դաշնակիցը մեր զենքն է, մեր բանակի ամրությունն է, մեր ռազմագիտական պատրաստվածությունն է»,-նշում է դերասանուհին:
Լուիզա Ղամբարյանը մեր մարտիկներին մաղթում է անառիկություն եւ հավելում.
«Փառք ու պատիվ մեր Հայոց բանակի փառապանծ զինվորներին, Արցախի քաջորդիներին, Հայաստանից եւ սփյուռքից մեկնած կամավոր տղաներին: Փառք յուրաքանչյուր նահատակվածի եւ փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր շարունակում են պայքարել մեր վաղվա օրվա համար»:
Լիդա Եղիազարյան