Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի Պետության նախագահ Ռյուվեն Ռիվլինի հետ:
Զրույցի սկզբում նախագահներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի:
Նախագահ Սարգսյանն այնուհետև ներկայացրել է Արցախում ու Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին վաճառվող զենք-զինամթերքն իրականում ոչ միայն պաշտպանական նպատակներով է օգտագործվում, ինչպես նախկինում հավաստիացնում էր իսրայելական կողմը, այլև՝ հարձակողական: Այդ զինատեսակները լայնորեն կիրառվում են հայկական բնակավայրերը հրետակոծելու նպատակով և քաղաքացիական խաղաղ բնակչության դեմ՝ հանգեցնելով մարդկային բազմաթիվ զոհերի ու հսկայական ավերածությունների:
Նախագահ Սարգսյանը բոլոր չափանիշներով անընդունելի է համարել զենքի շարունակական մատակարարումը՝ ընդգծելով, որ այն լրջորեն կարող է վտանգել հայ-իսրայելական հարաբերությունները: Նա հորդորել է Իսրայելի նախագահին՝ օգտագործել ազդեցությունն իր երկրի կառավարության վրա՝ անհապաղ դադարեցնելու զենքի մատակարարումներն Ադրբեջանին:
Նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ հայկական կողմի մտահոգություններն ու դիտարկումներն արտացոլել է նաև նախագահ Ռիվկինին ուղղված նամակում:
Նախագահ Ռիվկինը պատրաստակամություն է հայտնել իր երկրի կառավարության հետ ամենայն ուշադրությամբ ուսումնասիրել հայկական կողմի բարձրացրած հարցերը: