ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է սպասվում Ադրբեջանին և Թուրքիային՝ կրակի դադարեցման կոչերին չհետևելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ից Արցախում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հենց առաջին օրվանից ականատես ենք լինում ամենատարբեր հայտարարությունների: Միջազգային հանրության շատ ներկայացուցիչներ հայտարարություններ են տարածում, դատապարտում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան եւ կրակն անհապաղ դադարեցնելու կոչեր անում:

Սակայն տեսնում ենք, որ այս հայտարարությունների ֆոնին իրավիճակը սահմանին ավելի է լրջանում եւ գոնե Ադրբեջանն ականջալուր լինի գերտերությունների ղեկավարների հայտարարություններին, սկսել է հարվածներ հասցնել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին ու Շուշիին՝ այն էլ խոշոր հրթիռներով:

Ստացվում է՝ անգամ գերտերությունների ղեկավարների կամ տարբեր կազմակերպությունների հայտարարությունները ոչինչ չարժեն եւ ոչ ոք չի կարողանում զսպել Ադրբեջանի ագրեսիան, այնինչ՝ վերջինիս գործողություններն իրական վտանգի առջև են կանգնեցրել տարածաշրջանը:

Ինչ պետք է սպասվի Ադրբեջանին՝ այդ հայտարարություններին չլսելու համար, ի վերջո նրանք անտեսում են գերտերություններին եւ կազմակերպություններին: Պարզվում է՝ Ադրբեջանի համար դա անգամ լուրջ հետեւանքներ չի կարող ունենալ: Բանն այն է, որ այդ պետությունների ղեկավարները պաշտոնական կոչերից այն կողմ ոչինչ անել չեն կարող՝ բացի կուլիսային դիվանագիտություն վարելուց: Օրինակ` որեւէ երկիր կարող է խոսել Թուրքիայի հանդեպ պատժամիջոցների մասին: Սակայն դա էլ կարծես թե չի ստացվում.

ԵՄ գագաթնաժողովում պատժամիջոցներ չեղան անգամ ՄԻջերկրական ծովում Թուրքիայի գործողությունների համար: Մասնավորապես, հոկտեմբերի 2-ին Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները պատժամիջոցներ չեն սահմանել Թուրքիայի դեմ՝ Միջերկրական ծովում նրա գործողությունների համար, ինչպես դա պահանջում էր Կիպրոսը։ Նրանք պայմանավորվել են «հնարավորություն տալ քաղաքական երկխոսության համար»։

Նույն օրը Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի և Ներկայացուցիչների պալատի անդամները նամակ են հղել Պետքարտուղար Պոմպեոյին` կոչ անելով դատապարտել Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ոտնձգությունները, դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունն ու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:

Միայն երեկ պարզ դարձավ, որ Կանադան պաշտոնապես արգելեց թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրության համար բաղադրիչների մատակարարումը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս