Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ պաշտոնական կայքը։
Հաղորդագրության համաձայն՝ ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումներին: «Այս առնչությամբ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերոջն իրազեկեց Ադրբեջանի կողմից Արցախի մայրաքաղաքի և խոշոր բնակավայրերի, քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական կենսապահովման ենթակառուցվածքների միտումնավոր հրետակոծման վերաբերյալ։ Հայաստանի արտգործնախարարը խստորեն դատապարտեց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով ուղեկցվող գործողությունները։
ԱԳ նախարարը խորը մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններում Թուրքիայի աջակցությամբ Մերձավոր Արևելքից Ադրբեջան տեղափոխված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավվածության առնչությամբ, ինչը հանգեցնում է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության խաթարմանը։
Երկուստեք ընդգծվեց ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը և այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը», – նշված է հաղորդագրության մեջ։