ՆՈՐ ՊԼԱՆ ԿԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ից Արցախում տիրող լարվածությունը հանգեցրել է նրան, որ ընդունվում եւ անհետաձգելի են համարվում օրենսդրական նախաձեռնություններ, որոնք պայմանավորված են սահմանային լարվածությամբ: Երեկ էլ խորհրդարանում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի կողմից առաջին ընթերցմամբ ներկայացվել եւ ընդունվել է «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս  նախագծով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաեւ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այսօր այսպիսի զորահավաքային պլան հաստատելն արդիական է՝ պայմանավորված Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններով եւ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ: Ընդ որում, կառավարությունը նախագծի ընդունումը համարել է անհետաձգելի. ավելին՝ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանն արդեն մշակված է եւ համաձայնեցված ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ: Առաջարկվող կարգավորմամբ լրացում է կատարվելու «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածում, որը վերաբերում է պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության լիազորություններին: Լրացման արդյունքում զորահավաքային պլանը հետայսու կհաստատվի ՀՀ կառավարության կողմից` ղեկավարվելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի լրամշակված 7-րդ հոդվածով:  Նկատենք, որ նախկին Սահմանադրության պայմաններում զորահավաքային նախապատրաստական տարբեր աշխատանքների ընթացքում հաստատման ենթակա պլանները եւ կարգերը հաստատվում էին ՀՀ նախագահի հրամանագրերով:

 

 

 

Երկու տարի առաջ Իլհամ Ալիեւը հույս ուներ, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախյան հիմնահարցում կգնա զիջումների, քանի որ բացասական վերաբերմունք է ունեցել այդ կլանի, այսինքն՝ Հայաստանի նախկին նախագահների նկատմամբ, սակայն այդ հույսերը չարդարացան: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը: Նրա խոսքով՝ այս իրավիճակը 2016 թվականից տարբերվում է հատկապես Թուրքիայի ակտիվ մասնակցության առումով: «Եթե այդպես շարունակվի, Թուրքիան «վա բանկ» կգնա, որովհետեւ Թուրքիայում տնտեսությունը անկում է ապրում:  Ռուսաստանը շատ խիստ է լինելու Թուրքիայի նկատմամբ, հատկապես որ թուրքական ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը` խփելով ինքնաթիռը: Դա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է», – նշեց նա եւ ընդգծեց, որ այս օրերին ՌԴ նախագահը երկու անգամ խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների հետ՝ ոչ: Միեւնույն ժամանակ նա նկատեց, որ ադրբեջանական կողմին  չի հաջողվի «բլից կրիգ» անել, կորուստները բավականին շատ են, հայկական կողմը կարողացել է ճեղքել Ադրբեջանի շրջափակումը, եւ  երկար այդպես դիմանալ չի կարող: «Ադրբեջանը պետք է ինչ-որ բան կորցնի, որ հասկանա, որ եթե նորից հարձակվի, ավելին կկորցնի»,- հավելեց նա:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոր գործընթաց է սկսվում՝ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հետ կապված: Ինչպես հայտնի է, Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանն արդեն ՍԴ անդամ է ընտրվել Ազգային ժողովի կողմից, եւ նրա տեղը թափուր է մնացել: Եվ, ահա, մեզ հասած տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր գործընթաց է սկսում եւ դիմելու է Վճռաբեկ դատարանի անդամներին, հետաքրքրվելու է, թե ովքեր ցանկություն ունեն առաջադրվել որպես Վճռաբեկ դատարանի նախագահ, կամ ում թեկնածությունն են տեսնում: Այսինքն՝ այսօրվանից է գործընթացը մեկնարկում, եւ ԲԴԽ-ն պետք է հասկանա, թե դատավորներից ովքեր կարող են հավակնել այդ պաշտոնին, ովքեր ինքնաբացարկ կհայտնեն, կամ, առհասարակ, ում շանսերն են ավելի մեծ: Նկատենք, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի հոդված 135-ի համաձայն՝ «Դատական դեպարտամենտը պետք է կազմի եւ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնի Վճռաբեկ դատարանի բոլոր այն դատավորների ցուցակը, որոնք տվյալ դատարանում ունեն ոչ պակաս, քան երեք տարվա դատավորի փորձառություն, չունեն կարգապահական տույժ, չեն պաշտոնավարել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն»: Եվ այս գործընթացից դուրս են մնացել Ստեփան Միքայելյանը, որը դարձավ Բարձրագույն դատական խորհրդի անդամ, Էդգար Սեդրակյանը, որի մասով չի բավականացրել միայն ստաժը, քանի որ երեք տարուց պակաս փորձառություն է ունեցել տվյալ դատարանում:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվող մոտ 100 անձ ցանկություն են հայտնել եւ դիմում են ներկայացրել որպես կամավոր սահման մեկնելու համար: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 27-ից Հայաստանում հայտարարված է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Եվ չնայած զորահավաք հայտարարվելուն՝ մեծ թվով մարդիկ, չսպասելով զանգի, իրենք են ներկայանում զինկոմիսարիատներ եւ ցանկություն հայտնում, դիմում ներկայացնում՝ առաջնագիծ որպես կամավոր մեկնելու համար: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին նման դիմում են ներկայացրել նաեւ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձինք: Մասնավորապես, Քրեակատարողական ծառայության ղեկավարությանը նման դիմում են ներկայացրել մոտ 100 կալանավոր եւ դատապարտյալ: Սակայն, մեր տեղեկություններով, այդ դիմումներին դեռ ընթացք եւ պատասխան չի տրվել, քանի որ քրեակատարողական ծառայության ղեկավարությունը պետք է խորհրդակցի Պաշտպանության նախարարության հետ, եւ  միայն վերջիններիս հրահանգի դեպքում, իրավիճակով պայմանավորված, պետք է նման որոշումներ կայացվեն: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՔԿԾ մամուլի ծառայություն՝ հասկանալու համար, թե ինչ իրավիճակ է այս մասով, արդյոք նման դիմումներ կան, թե ոչ: Ի պատասխան՝ հաստատեցին, որ նման դիմումներ կան, սակայն այլ մանրամասներ չցանկացան հայտնել:




Լրահոս