ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ՏԵՂԻՆ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում խաղաղապահ զորքերի տեղակայման մասին խոսակցությունները տեղին չեն, հայկական կողմը դեռեւս չի դիմել այդպիսի խնդրանքով. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ՌԴ Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը՝ խոսելով սեպտեմբերի 27-ից արցախաադրբեջանական սահմանում տեղի ունեցող դեպքերի մասին:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ ներկայացնելով, որ Բաքուն հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ: Մինչ այս պահը հայկական կողմում զոհեր են եղել թե՛ զինվորականների, թե՛ քաղաքացիական անձանց շրջանում:

-Պարո՛ն Կոսաչեւ, ի՞նչ արձագանք պետք է սպասել լարվածության աճի ֆոնին, քանի որ արդեն Հայաստանի ուղղությամբ եւս քայլեր են կատարվում:

-Եթե խոսենք ՀԱՊԿ-ի շրջանակներում որեւէ որոշման մասին, ապա հնարավոր բոլոր սցենարները գրված են կառույցի սահմանադրական փաստաթղթերում: Եվ, բնականաբար, հիմնական կետը հանդիսանում է  տվյալ երկրի կողմից դիմումի առկայությունը, եթե նա իրեն դիտարկում է որպես ագրեսիայի օբյեկտ: Եվ քանի դեռ հայկական կողմը չի նախաձեռնել նման քայլ, ապա, իմ կարծիքով, բոլոր մնացած դատողությունները ՀԱՊԿ-ի արձագանքի կամ հնարավոր այլ քայլերի մասին ավելորդ են:

-Իսկ ի՞նչ է լինում նման դիմումի առկայության դեպքում:

-Եթե այդպիսի դիմումներ լինեն, եւ հայկական կողմը հիմնավորումներ ներկայացնի, որոնք կհաստատեն այդ դիմումի հիմքերը, ապա այն կարող է դառնալ ՀԱՊԿ-ի շրջանակներում կոլեկտիվ քննարկման պատճառ: Դա չի կարող լինել ռուսական կողմի կամ ՀԱՊԿ-ի մեկ այլ անդամ երկրի կողմից միասնական որոշում, այլ միասին միասնական որոշման արդյունք: Իսկ ինչ վերաբերում է ավելի լայն կոնտեքստով խաղաղապահների տեղակայման մասին, ապա այդ ամենը եւս պետք է լինի միասնական քննարկման հետեւանք, եւ այդտեղ պետք է բանակցություններ անցկացվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որը ունի համապատասխան մանդատ:

-Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառել է սահմանին խաղաղապահների տեղակայումը:

-Այո, եւ այստեղ էլ, իմ խորին համոզմամբ, այլ նախաձեռնություն, համենայնդեպս այս փուլում, հաշվի առնելով տիրող իրավիճակըը, չի կարող գալ մեկ այլ երկրի կողմից, բացի Հայաստանից կամ Ադրբեջանից, եթե մենք խոսում ենք Մինսկի խմբի ավելի լայն կոնտեքստի եւ խաղաղապահների մասին:

Հ.Գ. Հիշեցնեք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել մի խումբ ռուսաստանյան լրատվամիջոցների, որում անդրադարձել էր ղարաբաղաադրբեջանական սահմանագոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային եւ պատերազմական գործողություններին:

Հարցազրույցին մասնակցել են «Россия 24», «Дождь», «РБК» հեռուստաալիքների լրագրողները, «ТАСС», «РИА Новости», «Спутник Армения», «Интерфакс» լրատվականգործակալությունների, «Коммерсанть» պարբերականի հայաստանյան թղթակիցները:

Վարչապետը պատասխանել է ռուսաստանյան ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիային, ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածությանը եւ Հայաստանի նկատմամբ սադրիչ գործողություններին, միջազգային հանրության եւ գործընկեր կառույցների հետ հաղորդակցությանը եւ այլ թեմաների: Նա նշել էր, թե բացառում է խաղապահների տեղակայումը սահմանին:

 Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ԱՅՍ ՀԱՐՑԸ ՀԵՇՏԵՐԻՑ ՉԷ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Արցախում ստեղծված իրավիճակը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բոլոր մակարդակներով բազմիցս ու հիմա էլ կոչ է անում իրավիճակի հանդարտեցման:

«Հասկանալի է, որ այս խնդիրը հեշտերից չէ: Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այն արդեն շատ է հնացել, սակայն մեր ջանքերը ուղղված են միայն խաղաղ ճանապարհով կարգավորմանը: Շատ է խոսվում այն մասին, եւ ես թերահավատություն եմ տեսնում հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու տարբերակի նկատմամբ՝ ինչքան կարելի է հավաքվել սեղանի շուրջ եւ այլն, եւ այլն: Բացի այդ, արտասահմանից ենք լսում շատ ագրեսիվ կոչեր, սակայն մեկ անգամ եւս ուզում եմ նշել, որ, ցավոք, աշխարհը ոչ առաջին եւ ոչ վերջին անգամն է բախվում կոնֆլիկտային իրավիճակների լարման հետ, եւ ամեն անգամ պատմությունը ապացուցում է՝ անհրաժեշտ է գտնել խնդրի խաղաղ լուծման ընդհանուր մոտեցումներ եւ ճանապարհներ: Մեխանիզմները կան: Մեր դերը, որպես Մինսկի խմբի համանախագահող կողմ եւ որպես հարեւան պետություն, որը ունի ընդհանուր պատմություն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, այդ պրոցեսում շատ ակտիվ է»:

Զախարովան հայտնել է նաեւ, որ ՌԴ ԱԳՆ-ում երեկ տեղի է ունեցել երկու հանդիպում ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների հետ: Նրանք հանդիպել են ՌԴ արտգործնախարարի առաջին տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի եւ ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գորովոյի հետ: Դրանք եղել են առանձին հանդիպումներ, որոնց ժամանակ քննարկվել է իրավիճակը Արցախում եւ հայ ու ադրբեջանական համայնքների դերը՝ Ռուսաստանի տարածքում ազգամիջյան հանդարտության եւ խաղաղության պահպանման տեսանկյունից:

«Մեր շփումները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ շարունակվում են բարձր եւ բարձրագույն մակարդակների վրա: Տեղի են ունեցել հեռախոսային խոսակցություններ պետությունների առաջնորդների եւ արտգործնախարարների միջեւ՝ Հայաստան, Ադրբեջան, ինչպես նաեւ Թուրքիա: Մեր հատուկ հանձնարարություններով դեսպանը՝ պարոն Պապովը, նույնպես ակտիվ աշխատում է կողմերի հետ, դեսպանատներն են աշխատում: ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչն է միջազգային հարթակներում բարձրացնում է այդ թեման»,- ասել է Զախարովան: Այն դիտարկմանը, թե Ալիեւը կոնֆլիկտի կարգավորող կողմ է մատնանշել ոչ թե Ռուսաստանին, այլ Թուրքիային, Զախարովան պատասխանել է, թե յուրաքանչյուր պետություն պետք է իր լուման ներդնի ղարաբաղյան խնդիրը հանդարտեցնելու հարցում:

«Մենք, ցավոք, տեսնում ենք, որ այնտեղ արդեն հակամարտության մասշտաբային ակտիվացում է: Չնայած նրան, որ այսօր աշխարհը շատ հեռու է միասնական լինելուց, եւ չնայած նրան, որ շատ գլոբալ խնդիրների մեջ մենք չենք տեսնում միահամուռ մոտեցում, սակայն այս հարցում աշխարհի բոլոր հարթակներով հնչում է նույն կոչը՝ գտնել խնդիր լուծման խաղաղ ճանապարհ: Սա կարեւոր ցուցանիշ է»:

Հարցին, թե ինչու Ռուսաստանը ավելի կոշտ կերպով չի արձագանքում այս իրավիճակին, այնպես, ինչպես, օրինակ, Էրդողանն է անում՝ թույլ տալով իրեն բավականին համարձակ հայտարարություններ, Զախարովան պատասխանել է. «Որովհետեւ մենք Թուրքիա չենք, մենք Ռուսաստան ենք: Դա պետք է հասկանալ ամենաուղիղ իմաստով: Մեր մասնակցությունը այս կամ այն հակամարտության լուծման մեջ ունի իր պատմությունը, եւ այդ պատմությունը ցույց է տալիս մեր մոտեցման էֆեկտիվությունը: Մեր ավանդական դիվանագիտությունը շատ ու շատ դեպքերում գործնականում արձանագրել է լավագույն խաղաղարար առաքելությունը»,- պատասխանել է Զախարովան:

 

 

ԿԱԼԱՆՔԻՑ ԿԱԶԱՏՎԻ

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջիկա օրերին կալանքից կազատվի: Armlur.am-ը փորձել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանից պարզել, թե որքանով են այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը:  Պատգամավորը հայտարարեց, որ միայն պաշտոնական տեղեկությունն այս պահին այն է, որ Գագիկ Ծառուկյանի պաշտպանները բողոքարկել են նրան կալանավորելու դատարանի որոշումը: Մենք փորձեցինք զրուցել նաեւ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանի հետ, որը, սակայն, մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը: «Դատարանը բավարարեց նախաքննության մարմնի միջնորդությունը երկու ամսով: Այս որոշման կայացումը մեզ համար ակնհայտ կանխատեսելի էր, դրա համար պարոն Ծառուկյանը չներկայացավ, ինքը Ազգային անվտանգության ծառայություն է միանգամից գնացել»,- հայտարարել էր Ծառուկյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ, սակայն մեղադրանքը չի ընդունում։ Ծառուկյանը համարում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում ՀՀ կառավարության 100 տոկոս հրաժարականը պահանջելու համար:

 

ԻՐԱԶԵԿՈՒՄ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդի մոտ են հայտնվել մեր հայրենակիցների մոտ առկա մի քանի բջջային հեռախոսներ, որոնցում գրանցված կոնտակտային հեռախոսահամարների բաժանորդներին ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգեր են իրականացնում եւ փորձում Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ ստանալ, ինչպես նաեւ նպատակ են հետապնդում խուճապային տրամադրություններ առաջացնել հասարակության շրջանում: ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում հեռախոսակապ չհաստատել, տվյալներ չփոխանցել, չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերի, նման իրավիճակում հայտնվելու դեպքում անհապաղ տեղեկացնել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը:

 

 




Լրահոս