ՄԱԿ-Ը, ԵԱՀԿ-Ն ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԱՆՄԻՋԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն կոչ են անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները: Ջո Բայդենը շեշտում է՝ Սպիտակ տունը պետք է Թուրքիայից պահանջի հեռու մնալ այս հակամարտությունից:

 

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտում է Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունները, որոնք սպառնում են վերածվել լայնածավալ պատերազմի: Երեկ այս հարցի շուրջ Նյու Յորքում փակ դռների ետեւում անցկացրած քննարկումներից հետո կառույցի անդամ 15 պետությունները կոչ արեցին կողմերին անմիջապես դադարեցնել բախումները եւ անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները` առանց որեւէ նախապայմանի:

Հայտարարությունը, որ ընդունվել է միաձայն, աջակցություն է հայտնում նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ով ավելի վաղ հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ եւ կոչ արել դադարեցնել կրակն ու հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով՝ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Վերջին անգամ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ղարաբաղյան հակամարտությունը քննարկել էր մոտ երեք տասնամյակ առաջ`1993 թվականին: Այս անգամ քննարկումը նախաձեռնել էր Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ Էստոնիան։ Ըստ որոշ հաղորդումների՝ բալթյան պետությանն այդ հարցում աջակցել էին նաեւ եվրոպական մի շարք պետություններ, այդ թվում` Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան։ Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանները քննարկմանը ներկա չէին, Անվտանգության խորհրդի նախագահ Աբդու Աբարրին, սական, չի բացառել, որ ՄԱԿ-ը կարող է նաեւ քննարկում նախաձեռնել նրանց մասնակցությամբ:

«Եթե անհրաժեշտություն լինի, մենք կխոսենք նաեւ երկու դեսպանների հետ, որպեսզի նրանք կարողանան փոխհամաձայնության գալ», – ըստ ՏԱՍՍ գործակալության՝ ասել է Անվտանգության խորհրդի նախագահը: Այլ մանրամասներ նիստից չեն հաղորդվում:

ԵԱՀԿ-ն տագնապ է հնչեցնում

Մինչ այ՝ երեկ, հակամարտության շուրջ հրատապ քննարկում է անցկացրել նաեւ ԵԱՀԿ մշտական խորհուրդը` կառույցի անդամ 57 երկրների մասնակցությամբ: Բացելով հանդիպումը՝ խորհրդի նախագահող երկրի` Ալբանիայի դեսպան Իգլի Հասանին վերստին տագնապ է հնչեցրել իրավիճակի վատթարացման եւև շարունակվող բախումների առնչությամբ ու կոչ արել անհապաղ վերջ տալ իրավիճակի սրացմանը:

«Սպիտակ տունը պետք է Թուրքիայից պահանջի հեռու մնալ այս հակամարտությունից». Բայդեն

Երեկ հայտարարություն տարածեց Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ, առաջիկա նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը: «Հաշվի առնելով Ղարաբաղում եւ շրջակա տարածքներում արագորեն աճող կորուստները՝  Թրամփի վարչակազմը պետք է կոչ անի Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին անհապաղ դադարեցնել այս էսկալացիան», – Թվիթերի իր էջում գրել է Բայդենը՝ հավելելով՝ Սպիտակ տունը նաեւ պետք է Թուրքիայից պահանջի հեռու մնալ այս հակամարտությունից: Առանց այլախոսության, ուղիղ տեքստով հիշատակելով Թուրքիային՝ ԱՄՆ նախագահի թեկնածուն տարածել է նաեւ Reuters-ի հաղորդագրությունը, որտեղ գործակալությունը պատմել էր` ինչպես է Թուրքիայի նախագահ Էրդողանը սպառնում Հայաստանին ու պնդում, թե եկել է ղարաբաղյան հակամարտությանը վերջ դնելու ժամանակը:

Ավելի վաղ, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե ինքը տեղյակ է խնդրից, եւ որ իր վարչակազմը ուշի-ուշով հետեւում է իրավիճակին: «Մենք այդ տարածաշրջանում լավ հարաբերություններ ունենք, ուստի կտեսնենք՝ արդյոք կարող ենք դադարեցնել բախումները», – նախօրեին Սպիտակ տանը հայտարարել էր Թրամփը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԱՆՀԱՄԱՉԱՓ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ հարվածներն անհամաչափ է անվանել: «Քանի որ արդեն հաստատվել է, որ հարվածներ է նախաձեռնել ադրբեջանական կողմը, ես պահանջել եմ, որպեսզի այդ հարձակումը դադարեցվի, եւ հստակորեն դատապարտել միջոցները, որոնք մենք դիտարկում ենք որպես անհամաչափ՝ նույնիսկ չնայած նրան, որ բախումներ են տեղի ունեցել սահմանին եւ տարածաշրջանում: Մեզ հայտնի է, թե ինչ է տեղի ունեցել հուլիսին, սակայն այդ մասին խոսում եմ անհրաժեշտ զգուշությամբ: Ամեն դեպքում, կիրակի հաստատվել է, որ հարված է հասցվել ադրբեջանական կողմից: Եվ այժմ ցանկանում եմ նշել, որ յուրաքանչյուր կողմ պետք է վերադառնա հանգիստ վիճակի եւ դադարեցնի կրակը»,-նշել է նա:   Նա ընդգծել է, որ պետք է զգուշավորություն ցուցաբերել գնահատականներում, բացարձակ ակնհայտ է, որ դա սուր հակամարտություն է: Նա հայտնել է նաեւ, որ կիրակի օրվանից սկսած՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Պառլիից եւ այլ կոմպետենտ ծառայություններից պահանջել է պարզել իրական փաստերը:

 

ՉԻ ԲԽՈՒՄ

Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին իսկ օրվանից ուշադրությամբ հետեւում է ղարաբաղաադրբեջանական շփման գծում իրավիճակի սրմանը, եւ Ադրբեջանի սադրիչ գործողություններում Թուրիքայի ակտիվությունը բացարաձակ չի բխում Իրանի շահերից: Այս մասին նշել է իրանագետ Գոհար Իսկանդարյանը: «Իրանի շահերից չի բխում Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը: Թուրքիան ցանկանում է Կովկասում ունենալ մեծ ազդեցություն՝ նվազեցնելով Իրանի ազդեցությունը թե՛ Կովկասում, թե՛ ընդհանուր տարածշրջանում: Այս առումով տեսնում ենք Իրանի անհանգստությունը, ինչն ավելի մեծացավ, երբ շփման գծում գործողություններով պայմանավորված՝ Իրանի տարածք հրթիռներ էին ընկել, ինչի կապակցությամբ Թեհրանն իր դժգոհությունն էր հայտնել: Եղավ տեղեկատվություն ԱԹՍ-ի խոցման մասին»,-ասել է նա: Ըստ նրա՝ Իրանը հատկապես մեծ ուշադրություն է դարձնում Թուրքիայի ակտիվությանը Նախիջեւանի ուղղությամբ: Նրա կարծիքով՝ եթե Նախիջեւանի հատվածում Թուրքիան ցուցաբերի էական գործունեություն, ապա ականատես կլինենք Իրանի համարժեք քայլերին:

 

 

«ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐ» ՉԿԱՆ

Հայաստանի կառավարությունում «սորոսականներ» չկան, կան «փաշինյանականներ»: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ընդդիմախոսների այն հայտարարությունները, թե Ռուսաստանի իշխանությունները դժգոհ են «սորոսական կադրերի» նշանակումից հանրապետության որոշ առանցքային պաշտոններին: «Հայաստանի կառավարությունում «սորոսականներ» չկան, կան «փաշինյանականներ»: Բոլորին խնդրում եմ դա հաշվի առնել»,- ասել է նա: Վարչապետը հավաստիացրել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում ոչ մի բացասական բան տեղի չի ունեցել. «Չկա որեւէ նրբերանգ, որը չկար 4.5 կամ 7 տարի առաջ»: Բայց ցանկացած երկրների հետ հարաբերությունները դինամիկ զարգանում են: Վարչապետը համոզված է, որ կողմերը գնում են այդ ճանապարհով:

 

ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆ

Ռուս զինվորականներն ուշադիր հետեւում են Լեռնային Ղարաբաղում կատարվող իրադարձություններին. հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մեր զինվորականները շատ ուշադիր հետեւում են շփման գծում իրավիճակի զարգացմանը, որտեղ շարունակվում են մարտական գործողությունները։ Ամբողջ ինֆորմացիան մանրամասն վերլուծում ենք, ֆիքսում ենք միջազգային բոլոր հայտարարությունները, որոնք արվում են ամենաբարձր եւ բարձր մակարդակով աշխարհի տարբեր երկրներից»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան տեղեկություններ ունի Լեռնային Ղարաբաղում կատարվող իրադարձություններում Թուրքիայի ներգրավվածության մասին։

Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հավանություն չի տալիս Ադրբեջանին պաշտպանելու մասին Թուրքիայի հայտարարություններին։ «Անխոս, նման հայտարարությունները մենք չենք պաշտպանում, մենք համաձայն չենք դրանց հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը եւ հավելել, որ իրենք նախկինի պես կոչ են անում տարածաշրջանային երկրներին կրակին յուղ չլցնել։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է վերջ տալ ղարաբաղյան ճգնաժամին, եւ Հայաստանից պահանջել էր ազատել «Ադրբեջանի հողերը»։ Իսկ արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն էլ ասել էր, թե Թուրքիան կպաշտպանի Ադրբեջանին ինչպես մարտի դաշտում, այնպես էլ բանակցությունների սեղանի շուրջ։

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍԵԼ Է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հեռախոսազրույցների շարքն օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Երեկ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ: Իրանի նախագահը մտահոգություն է հայտնել իր հարեւան երկու պետությունների միջեւ առկա լարվածությամբ եւ շարունակվող ռազմական գործողություններով: Վարչապետն անդրադարձել է տարածաշրջանում տիրող իրավիճակին եւ զրուցակցի ուշադրությունը հրավիրել ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական ներգրավվածության փաստի վրա:

 




Լրահոս