ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ԴԱՏԱՎՈՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի  նախագահ Արման Կուրեխյանը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ  Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սյուզաննա Ոլիխանյանի նկատմամբ վարույթ հարուցելու համար: Իսկ ի՞նչ է  եղել:

Դատարանի նախագահը հայտնել է, որ  Սյուզաննա Ուլիխանյանը, հանդիսանալով  պաշտոնատար անձ, օժտված լինելով պետաիշխանական լիազորություններով,  սահմանափակված է  իրեն վերապահված լիազորություններ իրականացնել բացառապես  Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված դեպքերում եւ կարգով:

Դատարանի նախագահը, սակայն, արձանագրել է, որ դատավոր Ուլիխանյանը,  գտնվելով նպատակային արձակուրդում, իրավասու չուներ  իր պաշտոնեական պարտականություններից բխող որեւէ գործողություն իրականացնել:

Սակայն 2020 փետրվարի 25-ի եւ նույն թվականի մարտի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում իր վարույթում  քննված քաղաքացիական գործերով  թվով 15 կատարողական թերթիկ է տվել: Տավուշի մարզի դատարանի նախագահը գտել է, որ դատավոր Սյուզաննա Ուլիխանյանը թույլ է տվել  վարքագծի կոպիտ խախտում, որը թույլ է տրվել դիտավորությամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույն հոդվածով սահմանված դատավորի վարքագծի կանոնների իմացությունը, գիտակցումը  եւ կիրառությունը հանդիսանում է դատավորի պարտավորությունը: Ըստ դատարանի նախագահի՝ հանձնաժողովը գտել է, որ դատավորի կողմից իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը չգիտակցելու պարագայում վերջինս տվյալ իրադրությունում կարող էր եւ պարտավոր էր դա անել, որպիսի պայմաններում էլ կասկած չի առաջացնում կոպիտ անփութության առկայությունը: Հանձնաժողովի գնահատմամբ՝  դատավորի կողմից արձակուրդում գտնվելու ընթացքում թվով 15 կատարողական թերթ տալը վկայում է  դատավոր կողմից թույլ տրված խախտումների  պարբերականության մասին, ինչն էլ իր հերթին հանգեցրել է դատական  իշխանության  հեղինակազրկմանը:

Բարձրագույն դատական խորհուրդը, ուսումնասիրելով Տավուշի մարզի դատարանի նախագահի  դիմումը, որոշել է Տավուշի մարզի դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկել եւ Սյուզաննա Ուլիխանյանին հայտարարել է նախազգուշացում:

Նշենք, որ դատավոր Ուլիխանյանը  2018 թվականից 2019 թվականն աշխատել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:

ԲԴԽ-12-Ո-43 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի փետրվարի 22-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Ասել է թե՝ 1 տարվա փորձ ունեցող դատավորն արդեն նախազգուշացում է ստացել:

 ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի դիմումը միջանկյալ միջոց կիրառելու մասին եւ կհարկադրի Ադրբեջանին դադարեցնել կրակը. այդ մասին Nation News լրատվականին հայտնել է ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթացող իրավիճակը կարող է հանգեցնել Եվրոպական կոնվենցիայի լուրջ խախտումների, ՄԻԵԴ-ը որոշել է դատարանի կանոնակարգի 39-րդ կետը կիրառել, որով Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել ձեռնպահ մնալ այդպիսի արարքներից: Այստեղ խոսքը գնում է նաեւ մարտական գործողությունների մասին, որոնք կարող են բերել քաղաքացիական անձանց իրավունքների խախտումների, վտանգի ենթարկել մարդկանց կյանքն ու առողջությունը:

ՄԻԵԴ-ը նաեւ Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել հետեւել Եվրոպական կոնվենցիային, այդ թվում՝ անմարդկային երեւույթներից զերծ մնալ: Ընդ որում, երկու կողմերն էլ պետք է, որքան հնարավոր է շուտ, Եվրոպական դատարանին ինֆորմացիա ներկայացնեն իրենց պարտականությունների կատարման մասին: «Հաջորդը քայլը լինելու է Հայաստանի կողմից Ադրբեջանի հանդեպ միջպետական հայց ներկայացնելը Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը հանդիսանում է իրավական դաշտի ամրապնդման համար անհերքելի առանցքային երաշխիք»,-նշել է Գեւորգ Կոստանյանը:

 

 

ԶՈՀՎԱԾԸ ՄԱՅՈՐ ԷՐ

ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչի խոցման հետեւանքով զոհված օդաչուն մայոր Վալերի Դանելինն էր: Նա 33 տարեկան էր, 2 անչափահաս երեխաների հայր, Գյումրիից, ազգությամբ՝ ռուս: Ինչպես հայտնի է, դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 29-ի առավոտյան, երբ Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը:

 

 

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՆ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԵՆ

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ այս պահին զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ քանակի սննդամթերքով եւ պարագաներով, եւ որեւէ օժանդակության անհրաժեշտություն չկա: Օժանդակելու ցանկություն ունեցող քաղաքացիներին ՀՀ ՊՆ-ն կոչ է անում դա կազմակերպել համակարգված եւ հասցեական: «Այս պահին զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ քանակի սննդամթերքով եւ պարագաներով եւ որեւէ օժանդակության անհրաժեշտություն չկա, սակայն եթե կլինեն քաղաքացիներ կամ կազմակերպություններ, որոնք նման ցանկություն կունենան, ապա օժանդակությունը պետք կազմակերպել համակարգված եւ հասցեական»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

ՎԱՐՁՎԵԼ ԵՆ 3,000-4,000 ՎԱՐՁԿԱՆՆԵՐ

Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով՝ համաձայն միջազգային լրատվամիջոցներում անընդհատ պտտվող տեղեկությունների: ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Խոսքը 3,000-4,000 վարձկանների մասին է, որոնք Արցախի ու Հայաստանի դեմ այս օրերին ընթացող պատերազմին մասնակցելու համար վարձվել են 1,500-2,000 ԱՄՆ դոլարի դիմաց՝ ըստ այդ աղբյուրների:

Այս լուրերը պարբերաբար հաստատում են միջազգային լրատվամիջոցները, մարդու իրավունքների ոլորտի արտասահմանյան կազմակերպություններ: Նշվածի մասին տեղեկություններ են հավաստվում են նաեւ Արցախի աղբյուրներով: Այս տեղեկությունները ծայրահեղ անհանգստացնող են, սա կբերի հումանիտար աղետի՝ ուղեկցվելով ոչ միայն մարդկային զոհերով, այլ դաժանություններով ու ավերածություններով:  Պետք է հաշվի առնել, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած ռազմաօդային ու հրետանային հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի, Արցախի ու Հայաստանի բնակիչների նկատմամբ լայնածավալ ատելության խոսքով ու բռնության, այդ թվում՝ սպանությունների ագրեսիվ կոչերով: Դրանից բացի, Արցախի ու արդեն Հայաստանի նկատմամբ առանց տարբերակման (indiscriminate) հրետակոծություններով թիրախավորված են նաեւ խաղաղ բնակչության համար կենսական կարեւորության ճանապարհները, գազատարները, կապի միջոցները եւ այլն: Այս բոլորը մեկ շղթայի տարբեր մասեր են:

Սարսափելի է նույնիսկ պատկերացնել մարդկության դեմ ուղղված ու ռազմական այն հանցագործությունները, որ կարող են տեղի ունենալ այս զարգացումների պայմաններում:  ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2019 թվականի սեպտեմբերի 26-ի 42/9 բանաձեւով խստորեն դատապարտել է վարձկանների օգտագործումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու նպատակով՝ վարձկանների արարքները համարելով հանցագործություն եւ սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքներին:

Ուստի միջազգային հանրությունը ու հենց առաջին հերթին մարդու իրավունքների կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն:

Անհրաժեշտ է ամեն ինչ անել կանխելու համար այսօր տեղի ունեցող պատերազմական գործողությունները, ու դա պետք է անել ոչ թե ձեւական կոչերով, այլ իրական քայլերով: Միջազգային հանրությունը, այն էլ՝ մարդու իրավունքների հարցերով կառույցները, չունեն իրավունք անտեսելու այս ամենը՝ թաքնվելով «քաղաքական» պատրվակների տակ կամ արդարանալով սեփական մանդատների «անզորությամբ»»:

 




Լրահոս