ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 29-ին Վիեննայում ԵԱՀԿ Ալբանական նախագահության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ` քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։ Նիստի ընթացքում հայտարարություններով եւ ելույթներով հանդես եկան Ալբանիայի նախագահությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ, ՌԴ մշտական ներկայացուցիչները, ԵԱՀԿ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը, Կիպրոսի, Հունաստանի, Միացյալ Թագավորության, Նորվեգիայի, Կանադայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի դեսպանները, ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը։

 

ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը մասնակից պետությունների դեսպաններին տեղեկացրեց հակամարտության գոտում իրավիճակի եւ վերջին զարգացումների մասին։ Իր ելույթում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը մանրամասն ներկայացրեց սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով նախաձեռնած լայնածավալ հարձակումների մասին։ Տեղեկացրեց Արցախի բնակավայրերի՝ ներառյալ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի եւ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման մասին, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի։

Դեսպանը շեշտեց, որ Ադրբեջանի ագրեսիան նախապես ծրագրված էր՝ ներկայացնելով բազմաթիվ փաստեր, որոնք անտարակույս ապացուցում են, որ Ադրբեջանը պատրաստվում էր ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով։ Դեսպան Պապիկյանը նաեւ տեղեկացրեց ԵԱՀԿ մասնակից երկրներին սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանի ուղղությամբ հրետանու եւ ռազմական ավիացիայի ներգրավմամբ հարձակումների, Վարդենիսի գյուղերի եւ բնակավայրերի, ինչպես նաեւ հենց Վարդենիս քաղաքի հրետակոծության եւ ռմբակոծության մասին, ինչի արդյունքում զոհվել է մեկ քաղաքացի։

Այնուհետեւ Հայաստանի մշտական ներկայացուցիչն անդրադարձավ Թուրքիայի դերակատարությանը՝ նշելով, որ հայկական կողմը բազմիցս է բարձրաձայնել իր մտահոգությունները Թուրքիայի՝ Հարավային Կովկասում ապակառուցողական քաղաքականության եւ ռազմատենչ մոտեցումների կապակցությամբ։ Այդ համատեքստում դեսպանը հիշատակեց, որ Հայաստանի պատվիրակությունը նույնիսկ նախաձեռնել էր այս հարցի շուրջ քննարկում հուլիսի 30-ին կայացած մշտական խորհրդի նիստի ընթացքում։ Հայաստանը ԵԱՀԿ մասնակից երկրների ուշադրությունն էր հրավիրել նաեւ հուլիսյան մարտերից անմիջապես հետո անցկացված թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին՝ հազարավոր զինվորների, հարյուրավոր զրահատեխնիկայի, հրետանու եւ ռազմական ավիացիայի՝ ներառյալ ԱԹՍ-ների, ներգրավմամբ։ Ավելին՝ հայկական կողմը նաեւ մտահոգություն էր հայտնել այն կապակցությամբ, որ զորավարժությունների ավարտից հետո թուրքական զինծառայողները եւ ռազմական տեխնիկան մնացին Ադրբեջանում։

Դեսպան Պապիկյանը նաեւ նշել է Թուրքիայի կողմից Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների անվերապահ եւ միակողմանի աջակցության փաստի մասին։ Արդեն սեպտեմբերի 27-ին թուրքական ռազմաքաղաքական ամենաբարձր ղեկավարության կողմից հնչեցին հայտարարություններ, որոնք Հայաստանին ուղղված ուղիղ սպառնալիք էին։ Ավելին՝ Թուրքիան իր ռազմատենչ հայտարարություններով հրահրել է ներկայիս ագրեսիան։

Դեսպան Պապիկյանն անդրադարձել է նաեւ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական աջակցության հանգամանքին, ինչպես նաեւ Սիրիայից Ադրբեջանում կռվելու նպատակով վարձկաններ վարձելու եւ Ադրբեջան տեղափոխելու մասին։ Հայաստանի մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ Թուրքիայի այս վարքագիծը թերեւս զարմանալի չէ, քանի որ թուրքական կառավարությունը ցանկանում է օգտագործել ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասում իր բացառիկ քաղաքական եւ ռազմական ազդեցությունը տարածելու նպատակով։ Դեսպան Պապիկյանը նաեւ տեղեկացրել է թուրքական ռազմական F-16 կործանիչի կողմից Հայաստանի ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 ռազմական օդանավը Հայաստանի տարածքում թիրախավորելու մասին՝ արդյունքում լարվածությունն է՛լ ավելի բարձր գալարի հասցնելով։ Դեսպան Պապիկյանի խոսքով՝ Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի իր զինվորականներին Ադրբեջանից, այնուհետեւ կոչ է արել միջազգային հանրությանը վերանայել Թուրքիային սիրաշահելու քաղաքականությունը եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Թուրքիային իր ապակառուցողական քաղաքականությունից ետ պահելու ուղղությամբ։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը՝ դեսպան Պապիկյանը նախ վերահաստատել է Հայաստանի անվերապահ աջակցությունը համանախագահների մանդատին ու գործունեությանը եւ կարեւորել այս փուլում համանախագահների՝ տարածաշրջան այցելությունը։ Նա ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունն աջակցել համանախագահների՝ տարածաշրջան այցի կազմակերպման հարցում։

Եզրափակելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը շեշտել է, որ ուժի կիրառմամբ ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորելու փորձերը տապալվել են 1990-ականներին, 2016թ. ապրիլին, 2020թ. հուլիսին եւ տապալվելու են այսօր։ Հայաստանը համակարծիք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ բազում այլ երկրների ներկայացուցիչների հետ, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Հետեւաբար, թե՛ Մինսկի խմբի համանախագահները եւ թե՛ ԵԱՀԿ անդամ երկրները պետք է կոչ անեն այն երկրներին, որոնք սանձազերծել են այս հակամարտությունը, անհապաղ վերականգնել հրադադարը եւ քաղաքական կամք դրսեւորել՝ վերադառնալով խնդրի քաղաքական եւ դիվանագիտական կարգավորմանը։ «Տարածաշրջանի ժողովուրդները շատ թանկ են վճարում Ադրբեջանի ավտորիտար առաջնորդի այս ռազմական արկածախնդրության համար»։

 

 

ԿԵՂԾ ԼՈՒՐԵՐ

«Ադրբեջանական մամուլում հերթական կեղծ լուրն է տարածվել, թե Արցախում բունկեր են ոչնչացրել, որտեղ բարձրաստիճան հայ զինվորականներ կային. լուրը, իհարկե, ԿԵՂԾ է, լուսանկարն էլ՝ հին»,- հայտնում է  Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի ամբողջ երկայնքով։ Ադրբեջանական զինուժը թիրախավորում է նաեւ խաղաղ բնակչությանը։  Հայկական կողմը խաղաղ բնակչության շրջանում ունի 4 զոհ։ Սեպտեմբերի 29-ի դրությամբ ադրբեջանական կողմն ունի 790 մարդկային կորուստ, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ։ Արցախի Պաշտպանության բանակը մինչեւ երեկ խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում՝ տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին թուրքական F-16-ը խոցել էր հայկական ՍՈւ-25 գրոհիչը։ Ցավոք, օդաչուն հերոսաբար զոհվել է։ Սեպտեմբերի 29-ին հակառակորդի կողմից  հրետանակոծվել են Հայաստանի Հանրապետության Վարդենիսի տարածաշրջանի գյուղերը, որի հետեւանքով հայկական կողմն ունի քաղաքացիական մեկ զոհ։ Նույն օրը հակառակորդի հարվածային ԱԹՍ-ն խոցել էր քաղաքացիական մեկ ավտոբուս. բարեբախտաբար, տուժածներ չկան։ Նշենք, որ այսօր էլ Արցախի շրջանի ողջ երկայնքով մարտեր են ընթանում։ Ըստ ՊՆ-ի՝ ամենածանր մարտերն այս պահին ընթանում են հյուսիսային հատվածներում։

 

 

ՈՒՇԱՑՈՒՄ ՉԵՆ ՀԱՄԱՐԻ

Հայաստանի բանկերի միությունը, ի դեմս Հայաստանի Հանրապետությունում գործող առեւտրային բանկերի, սույն թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կենտրոնական բանկում կայացած հանդիպմանը քննարկել եւ որոշել է. Ռազմական դրությունով պայմանավորված՝ բանկերի զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա, ուշացում չեն համարվի եւ չեն  արտացոլվի վարկային ռեգիստրում, տույժեր եւ տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար չեն կիրառվի։

 

 

 

38-ԱՄՅԱ ՏՂԱՄԱՐԴԸ 14-ԱՄՅԱ ՏՂԱՅԻՆ ԾԵԾԵԼ Է

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության   առաջին ատյանի դատարանում  նշանակված է Դիլիջան քաղաքի բնակիչ, 1982թ. ծնված  Իշխան Գուրգենի  Ամիրյանի դատավարությյունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի  բազմաբանակարան  1-ին շենքի 19 բնակարանի անչափահաս բնակիչ, 2006 թվականին  ծնված տղային ծեծելու դիտավորությամբ  2020թ. մայիսի 14-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, իր կողմից վարած  «ՈՒԱԶ»   մակնիշի ավտոմեքենայում 3 անգամ ապտակել է տղայի աջ այտին, այնուհետեւ  նրան Շամախյան փողոցի թիվ 1 բազմաբնակարան շենքի բակ տանելով՝ բռնել է ձախ դաստակից, ձգելով դուրս բերել մեքենայից եւ նրան  գցել գետին՝ վերջինս պատճառելով ֆիզիկական ցավ։ Իշխան Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով («Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը»): Նախկին չդատված Ի. Ամիրյանի նկատամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

 

ԱՅՐՈՒՄ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑԸ  ԿԳՈՐԾԱՐԿՎԻ

2016 թ. սեպտեմբերին   համայնքների խոշորացման արդյունքում ձեւավորվեց Այրում համայնքը՝ Այրում քաղաքով եւ Դեբեդի հովտում գտնվող Արճիս, Լճկաձոր, Հաղթանակ, Պտղավան, Դեղձավան, Դեբեդավան, Բագրատաշեն գյուղերով, ընդհանուր շուրջ  11 հազար  բնակչով: Այրումի համայնքապետարանը չունի շենքային բավարար պայմաններ  աշխատելու, բնակչության սպասարկում իրականացնելու համար. եռահարկ շենքում տեղակայված են համայնքապետարանի աշխատակազմը, Այրումի մանկապարտեզը եւ քաղաքի  երաժշտական դպրոցը։ Խորհրդային միության փլուզումից հետո Այրում  քաղաքի մուտքի մոտ գտնվող  բազմաբնակարան շենքի շինարարությունը կիսատ մնաց։ Այժմ շենքը կառուցապատվում է  կառավարության սուբվեցիոն ծրագրով, կառուցապատման  ծախսերի 60 տոկոսը տրամադրում է  պետական բյուջեն, իսկ մնացածը՝ համայնքը։ Կիսակառույցի շինարարությունն ավարտելուց հետո շենքի առաջին  մուտքի առաջին հարկում կգործի համայնքային կենտրոն՝ մեկ պատուհանի սպասարկմամբ, երկրորդ հարկը կտրամադրվի Այրում քաղաքի երաժշտական դպրոցին։ Շենքի մնացած երկու  հարկերը  եւ երկրորդ  շքամուտքի բնակարանները, որոնց տանիքները  վերանորոգման ընթացքի մեջ են, աճուրդով կտրվեն  Այրում քաղաքի՝ բնակարան չունեցող  բնակիչներին: Դա կլուծի երկու խնդիր՝ կհամալրի համայնքի բյուջեն եւ կլուծի տնազուրկ այրումցիների բնակարանային խնդիրը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս