Արցախի հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից երեկ ընդունված «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջանկյալ որոշումը կարելի է հայկական կողմի հաջողությունը համարել. այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ հիմնավորելով նաեւ, թե ինչու։
«Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա է սա կայացվել, երկրորդը՝ Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված ապացույցների հիման վրա է սա կայացվել, երրորդ՝ դատարանը նույնիսկ հարկ չի համարել այն ուղարկել Ադրբեջանի կառավարությանը լրացուցիչ տեղեկատվություն կամ մեկնաբանություն ստանալու համար, որը սովորաբար 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման ժամանակ անում են», – ասաց Կիրակոսյանը։
Պատերազմական գործողությունների մեկնարկի արդեն հաջորդ օրը Հայաստանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով պարտադրել Ադրբեջանին դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը Հայաստանի եւ Արցախի շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաեւ ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները եւ բնակավայրերը թիրախավորելուց։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը որոշմանը «եզակի» որակումն է տալիս։
«Նման նախադեպ, որ պետության դիմումի հիման վրա դատարանը կայացնում է միջանկյալ միջոց, եզակի դեպքեր են, սա կարելի է թվով ասել երրորդն է։ Առաջին երկուսը Ուկրաինայի դիմումի հիման վրա կայացված որոշումներն են։ Բոլոր դեպքերում էլ դատարանն անդրադառնում է երկու կողմերին էլ, այսինքն՝ այն պետությանը, որը ներկայացրել է դիմումը, եւ այն պետությանը, որի դեմ ներկայացվել է որոշումը»., – նշեց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը։
Հայաստանը ՄԻԵԴ էր ներկայացրել փաստական տվյալներ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտներն ու բնակչությանը թիրախավորելու վերաբերյալ։ Հայաստանի կառավարության դիրքորոշմամբ՝ ստրասբուրգյան դատարանի երեկվա կայացրած որոշման բեռն առավելապես ընկնում է Ադրբեջանի կառավարության վրա, չնայած դրանում կոչ կա նաեւ Հայաստանին։ ՄԻԵԴ-ը եւ՛ Ադրբեջանին, եւ՛ Հայաստանին կոչ է անում անում զերծ մնալ ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, մասնավորապես՝ կյանքի իրավունքի եւ խոշտանգումների արգելման։
«Դատարանի որոշումը, ի թիվս այլնի, նաեւ հիմնվել էր այն խախտումների վրա, որոնք մենք արձանագրել ենք եւ ներկայացրել ենք որպես ապացույց», – ընդգծեց Կիրակոսյանը։
Հայաստանը պատրաստվում է առաջիկայում նաեւ նոր տեղեկություններ ներկայացնել ՄԻԵԴ, այդ թվում՝ Վարդենիսի ուղղությամբ՝ տեղի զինվորական եւ քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ հասցված հարվածների եւ քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու վերաբերյալ, ինչի հետեւանքով մեկ քաղաքացիական անձ էր սպանվել։ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի խոսքով՝ եթե Ադրբեջանը խախտի ստրասբուրգյան դատարանի որոշումը, ապա այն ադրբեջանական կողմի համար բարդ հետեւանքներ կունենա։ Կիրակոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանի կառավարությունը մտադրություն ունի ՄԻԵԴ-ին նաեւ գանգատ ներկայացնել՝ ընդդեմ Ադրբեջանի, այդ հարցն, ըստ նրա, դեռ քննարկման փուլում է։
ՄԻԵԴ-ից հայտնում են, որ եւ՛ հայկական, եւ՛ ադրբեջանական կողմերը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում իրենց պարտավորությունների կատարման մասին տեղեկություն ներկայացնեն Եվրոպական դատարան։
ՊԵՏՔ Է ԶԵՐԾ ՄՆԱ
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հարցում պետք է զերծ մնա գործողություններից եւ հայտարարություններից: Այս մասին տեղեկացել ենք Հունաստանի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հայտարարությունից: Հունաստանը համոզված է, որ ճգնաժամը կարելի է լուծել միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների, այլ ոչ թե զենքի միջոցով: Հունաստանը նաեւ հավանություն չի տալիս լարվածություն առաջացնող ցանկացած երրորդ կողմի միջամտությանը: «Այս համատեքստում Թուրքիան պետք է զերծ մնա այս ուղղությամբ գործողություններից եւ հայտարարություններից»,-ասված է ԱԳՆ տարածած հայտարարությունում: ԵԱՀԿ մշտական խորհուրդը սեպտեմբերի 29-ին հատուկ նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը եւ դրա զարգացումը` կառույցում 2020թ. Ալբանիայի նախագահության համատեքստում: Այս նախաձեռնությամբ ԵԱՀԿ Ալբանիայի նախագահությանը դիմել էր հենց Հունաստանի արտաքին գործերի նախարարը: Հունական այս նախաձեռնության նպատակը Մինսկի խմբում բանակցությունների վերսկսումն էր վեճի խաղաղ կարգավորման շուրջ:
ԱՌԱՔՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ
Տեղեկացնում ենք, որ փոստային բաժանմունքները հոկտեմբերի կենսաթոշակների վճարումները կիրականացնեն հոկտեմբերի 2-ից մինչեւ 20-ը ներառյալ: Հոկտեմբերին կենսաթոշակները վճարվելու են շահառուների հաշվառման հասցեներում փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով, կամ կենսաթոշակառուի ցանկությամբ այն կարող է վճարվել փոստային բաժանմունքում` պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները: