ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտարարություն էին տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ հանդիսացող երկրների ղեկավարները՝ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը: Երբ հայտնի դարձավ, որ պետք է նման հայտարարություն լինի, բոլորը կարծում էին եւ հույս էին փայփայում, թե հզոր հայտարարություն է լինելու, որը կարող էր փոփոխություններ մտցնել գործընթացում:

 

Սակայն լեռը երկնեց եւ մուկ ծնեց: Բանն այն է, որ երեք երկրների ղեկավարների տարածած հայտարարության մեջ ընդամենը ասվում էր. «Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները մասնակից կողմերի զինված ուժերի միջեւ: Մենք նաեւ կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ պարտավորություններ ստանձնել բարեխղճորեն եւ առանց նախապայմանների առաջադրման վերսկսելու կարգավորման էական բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ»:

Ստացվում է՝ միջազգային հանրության կողմից հերթական անգամ ականատես ենք լինում առանց հասցեատիրոջ հայտարարության՝ առանց իրավիճակի մասին սթափ գնահատականի, այնինչ նրանց հայտարարության հետ շատերն էին հույսեր կապում: Դրան զուգահեռաբար ՄԽ կոչերին անդրադարձավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ «ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ Ֆրանսիայից կազմված Մինսկի խումբն արդեն 30 տարի չի կարողանում լուծել ղարաբաղյան հարցը: Իսկ այժմ փորձում է տեղի ունեցող բացասական իրադարձությունների ֆոնին դեպի զինադադար տանող ուղի գտնել, ինչն անընդունելի է»,- նշել է Էրդողանը:

Այս իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռազմաքաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերի հետ:

-Ռուսաստանը չի ցանկանում Ղարաբաղյան հակամարտության գոտում իր ավանդական դերի փոփոխություն: Վերջին միտումները հակամարտության գոտու եւ դրա կարգավորման շուրջ չափազանց ակնհայտ են, Թուրքիան ցանկանում է դրանց մասնակցել բոլոր ոլորտներում՝ իրացնելով այս տարածաշրջանում իր հավակնությունները։

-Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նկատեց, թե հիմա ՌԴ-ն պետք է արդեն բանակցի Թուրքիայի հետ: Ըստ Ձեզ՝ ՌԴ-ն պատրա՞ստ է նման քայլի:

-Ռուսաստանի կողմից բանակցելը Թուրքիայի հետ այս հարցով կնշանակի Անդրկովկասում Թուրքիայի ներկայության ճանաչում, ինչը Ռուսաստանը միանշանակ չի ցանկանում անել: Հենց այդ  պատճառով  էլ ՌԴ-ն մերժում է Թուրքիայի հետ բանակցելու առաջարկները եւ փորձում է աշխատանքներ տանել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։

-Էրդողանը հայտարարում էր, թե այդ ձեւաչափն արդյունավետ չէ: Դուք ի՞նչ տեսակետ ունեք:

-Արդյունավետ է, թե ոչ այդ ձեւաչափը, այլ հարց է, սակայն բոլոր գործընթացները եւ հայտարարությունները ցույց են տալիս, որ Թուրքիայի ներկայությունը եւ հավակնություններն այս հակամարտության գոտում չի ողջունվում որեւէ համանախագահ երկրի կողմից։ Ռուսաստանը չի ցանկանում այս գոտում իր ավանդական դերի փոփոխություն, ինչը պարզից էլ պարզ էր, եւ ես բազմիցս եմ ասել, թե ինչ ազդեցության է ձգտում Ռուսաստանն այս ռեգիոնում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների միջոցով վերադարձ իր նախկին սահմաններին: Կոնտակտներ այսօր էլ կան Թուրքիայի հետ, եւ   ՌԴ ԱԳ նախարարն այս թեմայով շփվում է իր թուրք գործընկերոջ հետ: Չեմ կարծում, որ Հայաստանը կշահի, եթե բանակցի Թուրքիայի հետ, դա շատ մեծ ու բարդ թեմա է: Ամեն ինչ կարող է քննարկվել, բայց իրատեսականություն է հարկավոր։ Բանակցային ձեւաչափի փոփոխություն կարծես համանախագահ երկրների ղեկավարները դեռ չեն ցանկանում թույլ տալ եւ զգում են առկա վտանգները:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ԿՐԱԿԻ ՏԱԿ

Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում (Արցախում) մասնագիտական աշխատանք իրականացնող լրագրողներին հրետակոծելը։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ հոկտեմբերի 1-ին ֆրանսիական «Le Monde» (Le Monde) պարբերականի 2 լրագրող, «24News.am»-ի (24News.am) լրագրողը եւ «ArmeniaTV»-ի (Armeniatv) օպերատորը վիրավորում են ստացել, իսկ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ հայտնվել են թիրախային կրակի տակ։

 

Ավելին, ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաեւ Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (Agence France-Presse) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան, որի հետեւանքով լրագրողներ են ծանր վիրավորում ստացել։ Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում: Լրագրողական խումբը եղել է հատուկ արտահագուստով, լրագրողական տարբերանշանով:

«PRESS» տարբերանշան է ունեցել նաեւ հրետակոծության տակ հայտնված լրագրողական մեքենան: Այս ամենն ակնհայտորեն վկայում է տարբերակում չդնող (indiscriminate), քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման մասին: Լրագրողների դեպքում դա առավել եւս դատապարտելի է. նրանք գտնվում են հատուկ պաշտպանության ներքո: Լրագրողական աշխատանքը պատերազմական կամ զինված հարձակումների ժամանակ հատուկ կարեւորություն է ստանում՝ լինելով երաշխիք ոչ միայն աշխարհին իրական վիճակի մասին տեղեկություններ փոխանցելու, այլ նաեւ քաղաքացիական անձանց պաշտպանության հարցերում:

Ավելացնենք, որ Ֆրանսիայից հատուկ ինքնաթիռ կժամանի Հայաստան, որպեսզի էվակուացնի ֆրանսիացի վիրավոր լրագրողներին. այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

 

 

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ

Քոչար Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 01.10.14թ. զբաղեցնելով ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչի պաշտոնը, 2015-2017թ. իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով իր ծանոթ Գագիկ Գրիգորյանի օժանդակությամբ պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 9.529.083 ՀՀ դրամ գումար։ Գագիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչ Քոչար Խաչատրյանին, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ 2015-2017թ. վատնման եղանակով պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 9.529.083 ՀՀ դրամ գումար։ Քոչար խաչատրյանը, Գագիկ Գրիգորյանը գրավի դիմաց ազատ են արձակվել:

 

 

ՄԻԱՅՆ ԹՈՒՐՔԻԱՆ

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը նշել է, թե, բացի մի երկրից,  ամբողջ աշխարհը Արցախում զինադադարի կոչ է անում։ Թուրքական Bianet-ին տված հարցազրույցում Կարո Փայլանը նշել է, որ Թուրքիայի նախագահականին հարցադրում է ուղարկել այն լուրերի փաստի առթիվ, որ Թուրքիան Ադրբեջան է տեղափոխել զինյալների։ «Մի շարք միջազգային լրատվամիջոցներ ռեպորտաժներ են պատրաստել այս թեմայով, որ Թուրքիայի կողմից սիրիացի զինյալներ են տեղափոխվել հակամարտության գոտի։ Այս լուրերի պարզաբանումն անպայման պետք է տան Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարությունները»,-ասել է Փայլանը։

Կարո Փայլանը նաեւ շեշտել է, որ մինչ ամբողջ աշխարհը  կողմերին զինադադարի կոչ է անում, միակ երկիրը, որ պատերազմին աջակցություն է հայտնում, Թուրքիան է։

 

 

ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ սահմանված կարգով կազմել է արձանագրություն՝ Ազգային Ժողովի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Արմեն Փամբուխչյանի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Գոռ Հովհաննեսի Երանյանին տալու վերաբերյալ։

 




Լրահոս