Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան հակամարտող կողմերին կոչ են անում դադարեցնել կրակը եւ վերսկսել ղարաբաղյան բանակցությունները:
Այդ մասին երեք երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը եւ Էմանյուել Մակրոնն ասել են երեկ հրապարակված համատեղ հայտարարությունում:
«Մենք կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ եւ բարեխղճորեն կատարել ստանձնած պարտավորությունները եւ առանց նախապայմաններ ներկայացնելու վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- ասվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարությունում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրների ղեկավարները նաեւ ցավակցություն են հայտնել ռազմական գործողություններում զոհվածների ընտանիքներին:
Ամերիկյան Կոնգրեսում ժամեր անց քվեարկության կդրվի Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակումը եւ հակամարտությանը Թուրքիայի միջամտությունը դատապարտող բանաձեւ։
Լեռնային Ղարաբաղում հինգերորդ օրը շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների կապակցությամբ ամերիկացի օրենսդիրները փորձում են ոչ միայն հասնել հարձակումը դատապարտելուն, այլ նաեւ ստիպել վարչակազմին փոխել ամերիկյան քաղաքականությունը, որը թույլ կտա կրճատել ամերիկյան ռազմական օգնությունը Իլհամ Ալիեւի ռեժիմին, եւ պատժամիջոցներ սահմանել Ռեջեփ Էրդողանի դեմ՝ համաճարակի պայմաններում տարածաշրջանային պատերազմ հրահրելու համար. հաղորդում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը:
Փաստաթուղթը ներկայացրել է Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Ջեքի Սփայերը:
Արտահերթ կարգով շրջանառության մեջ դրված նախագիծը, բացի ռազմական հարձակումն ու Թուրքիայի մասնակցությունը դատապարտելուց, նաեւ կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբին «ապահովել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ հարձակողական ռազմական գործողությունների դադարեցման եւ շփման գծի երկայնքով դիտարկման մեխանիզմների ներդրումը», ինչին պաշտոնական Բաքուն կտրականապես դեմ է:
Դեռեւս 2015 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին առաջարկել էին շփման գծում հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմ ներդնել՝ մահացու հարձակումները կանխելու նպատակով։ Երեւանը հավանություն է տվել առաջարկին, Բաքուն նախապայմաններ է առաջ քաշել. «Այդ մեխանիզմների ստեղծումը կարող է դիտարկվել միայն այն դեպքում, եթե այն չի ծառայելու այժմյան ստատուս քվոյի պահպանմանը, չի արդարացնելու օկուպացումը», – հայտարարել էր Ադրբեջանի այժմ նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Այս հայտարարությունից ամիսներ անց էլ տեղի ունեցավ 2016 թվականի քառօրյա պատերազմը:
Կոնգրեսական Սփայերի նոր նախաձեռնությունը հավանության է արժանացել ինչպես դեմոկրատական, այնպես էլ հանրապետական ճամբարում։ Փաստաթղթին իրենց աջակցության մասին են հայտարարել կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնը, Բրեդ Շերմանը, որոնք վերջին օրերին տարբեր հարթակներում իրենց աջակցությունն են հայտնել հայկական կողմին եւ դատապարտել թուրք-ադրբեջանական համատեղ հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ: Կոնգրեսականների այս խումբը նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյին էր դիմել՝ հորդորելով վճռական քայլեր ձեռնարկել եւ դատապարտել Ադրբեջանի սադրիչ ագրեսիան ու Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման մեջ Թուրքիայի կործանարար դերակատարումը:
Նոր բանաձեւի նախագծի հեղինակները հիշեցնում են Բաքվի նախաձեռնած հարձակմանը նախորդած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ագրեսիվ հռետորաբանության, ապակայունացնող քայլերի մասին։
Ջեքի Սփայերը վկայակոչել է Մեծամորի ատոմակայանին հարված հասցնելու մասին Բաքվից հնչած սպառնալիքները, անդրադարձ կա նաեւ Թուրքիայի կողմից սիրիացի վարձկան զինյալներ Ադրբեջան ուղարկելու մասին փաստերին:
Կոնգրեսականը ներկայացրել է նաեւ հայկական կողմի պնդումները, որոնց համաձայն՝ թուրքական F-16 կործանիչները, հայտնվելով Հայաստանի օդային տարածքում, թիրախավորել եւ խոցել են հայկական ռազմական օդանավը։
Ամերիկյան արտադրության F-16 կործանիչները, որոնք թուրքական օդուժի ամենամեծ ձեռքբերումներից են, դաշնակից Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերությունների ամենակնճռոտ հարցերից են: Չնայած նախնական պայմանավորվածություններին՝ Վաշինգտոնը չէր շտապում ավարտին հասցնել խոշոր ռազմական գործարքը Թուրքիայի կողմից ռուսական C-400 (S-400) զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով: Շաբաթներ առաջ ամերիկյան մամուլը գրել էր, որ Կոնգրեսի մի խումբ անդամների ջանքերով Թուրքիայի հետ սպառազինության վաճառքի բոլոր խոշոր գործարքներն առնվազն երկու տարով սառեցվել են:
Անցած հուլիսին էլ հայ-ադրբեջանական սահմանին սկիզբ առած ռազմական բախումների ֆոնին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է փոփոխություններ ռազմական օգնության հատկացումների մասին օրենսդրությունում, որի շրջանակում անցած տարիներին Ադրբեջանն ավելի քան 100 միլիոն դոլարի օգնություն էր ստացել: Ընդունված փաստաթղթի համաձայն՝ այսուհետ ամերիկյան դիվանագիտական եւ ռազմական գերատեսչությունները պետք է հաշվետվություն ներկայացնեն օրենսդիր մարմնին ամերիկյան ռազմական օգնություն ստացած օտարերկրյա պետությունների զորամիավորումների մասին, որոնք ռազմական օգնություն ստանալուց առաջ կամ ընթացքում կարող էին խախտել միջազգային իրավունքը կամ մարդու իրավունքները։ Փորձագետների գնահատմամբ՝ օրենսդրական այդ փոփոխությունները հիմք կարող են հանդիսանալ Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու համար:
Ն.Հ.
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորած պատվիրակությանը: Ազիզ Թամոյանը նշել է, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը, որը հովանավորվում է Թուրքիայի կողմից, նախորդ դարասկզբին հայ եւ եզդի ժողովուրդների նկատմամբ օսմանյան Թուրքիայի ցեղասպան քաղաքականության շարունակությունն է: Եզդիների ազգային միության նախագահի խոսքով՝ ինչպես արցախյան առաջին եւ Ապրիլյան պատերազմներում, այնպես էլ հիմա եզդիները կանգնած են հայ ժողովրդի կողքին:
ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵՆ
Նրանք, որոնք չեն զորակոչվել եւ գտնվում են թիկունքում, պետք է շարունակեն աշխատել, արարել, հարկեր եւ տուրքեր վճարել ու հզոր պահել մեր բանակի թիկունքը. այս մասին նշել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Բանակի կարիքները հոգում ենք մեր ամենօրյա գեներացրած արդյունքներով: Թիկունքում պիտանի լինելու միակ տարբերակը մինչպատերազմյան վիճակից ավելին անելն է, յուրաքանչյուրս՝ մեր տեղում»,-ընդգծել է նա:
ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
Երեկ ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողություններն ու էսկալացիան: Ս. Սարգսյանը շեշտել է, որ խնդիրը ռազմական լուծում չունի, եւ Ադրբեջանի ղեկավարության ագրեսիան՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի, Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության բացահայտ աջակցությամբ ու միջամտությամբ, պետք է կանխվի բոլոր հնարավոր եղանակներով: Դեսպանը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը եւ իր կողմից գործադրվող ջանքերն իրավիճակի շուտափույթ կարգավորման ուղղությամբ ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի մանդատի շրջանակներում:
ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ՀԵՏ
Հոկտեմբերի 1-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` քննարկելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: «Կողմերն ավանդաբար քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, առեւտրատնտեսական համագործակցությունը եւ այլ արդիական հարցեր: Երկու հեռախոսազրույցների հիմնական թեման եղել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»,- նշված է հաղորդագրության մեջ:
ԻՐԱՆԻՆ ԿՆԵՐՔԱՇԻ՞
Ադրբեջանական 3 արկ է ընկել Իրանի Խոդաֆարին շրջանի Փարվիզխանլու գյուղում: Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Թեհրանը զգուշացրել էր՝ կոնֆլիկտի գոտուց արկերից ոչ մեկը չպետք է հայտնվի Իրանում: Ուղերձը ուղղված էր Բաքվին, քանի որ սա առաջին դեպքը չէ, որ հարվածի տակ է հայտնվում Իրանի տարածքը: Այդպիսով, Ադրբեջանը փորձում է իրանական կողմին ներքաշել կոնֆլիկտի մեջ: Բացի այդ, Իրանի ՀՕՊ համակարգը ադրբեջանական մարտական անօդաչու է հարվածել սահմանամերձ տարածքում:
ԴԻՄԵԼ Է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնում է, որ ի պատասխան Աֆղանստանի կողմից թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարությունների` ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ։
ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրմամբ եւ կարեւոր է համարում բանակցային գործընթաց սկսել Բաքվի եւ Երեւանի միջեւ: Նազարբաեւն աջակցել է Ղազախստանի ադրբեջանական եւ հայկական սփյուռքի համատեղ կոչին` դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Նա մտահոգություն է հայտնել հակամարտության սրման կապակցությամբ` նշելով Ղազախստանի համար երկու բարեկամ պետությունների միջեւ բանակցություններ սկսելու կարեւորությունը, որոնք կծառայեն իրավիճակի շուտափույթ կայունացմանը տարածաշրջանում:
ԸՆԴՈՒՆԵԼ Է ԴԵՍՊԱՆԻՆ
Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Դեսպանն իր ցավակցությունն է հայտնել վերջին օրերի մարտական գործողությունների հետեւանքով զինվորական եւ քաղաքացիական զոհերի կապակցությամբ, նշել, որ Ֆրանսիան խիստ անհանգստացած է իրավիճակի լարվածությամբ եւ ուշադրությամբ հետեւում է զարգացումներին: ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ Թուրքիայի անվերապահ աջակցությամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ծավալն աննախադեպ է, դրանք ընթանում են շփման գծի ամբողջ երկայնքով: Նա ընդգծել է, որ պաշտպանության բանակը կատարում է իր առջեւ դրված խնդիրները՝ զարգացնելով հաջողությունը եւ զսպելով հակառակորդի սանձազերծած ագրեսիան, իսկ ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունները շարունակաբար ստանալու են կործանարար հարվածներ, եւ այդ գործընթացն արդեն սկսվել է։