2020թ. հուլիսի 29-ին հրապարակել էինք, որ Ազգային անվտանգության ծառայությունում աղմկահարույց գործ է քննվում: Մինչ հայ-ադրբեջանական սահմանում հուլիսի 12-ին սկսված լարվածությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացին փորձել է ադրբեջանական կողմին տեղեկություններ փոխանցել Հայաստանի մասին:
Ազգային անվտանգության ծառայությանը հաջողվել է ժամանակին բացահայտել քաղաքացու գործողությունները եւ կանխել նրա քայլերը: Վերջինս Ազգային անվտանգության ծառայության կողմից կալանավորվել է: Մեզ հայտնի է դարձել, որ ՀՀ քաղաքացին Վրաստանից զանգահարել է Ադրբեջան:
Եվ, ահա, երեկ ԱԱԾ-ն հայտնեց նախկինում բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության մասին: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով ծառայության անցնելով ՀՀ զինված ուժերում եւ տարբեր տարիների ընթացքում զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ՝ օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչներին հանձնել կամ հանձնելու նպատակով հավաքել է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություններ, թշնամական գործունեություն իրականացնելու համար ցուցաբերել է այլ օգնություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության:
Մեղադրյալ նեգրավված անձը, գտնվելով Վրաստանի Հանրապետության տարածքում, հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում եւ հավաքագրվելով այդ հետախուզական ծառայությունների աշխատակիցների կողմից՝ ստացել է կոնկրետ առաջադրանքներ` Արցախի եւ ՀՀ արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերելու կամ ծառայության բերումով արդեն իսկ իրեն հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ, այդ թվում` բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի եւ տեսակի, զորամասերի եւ դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների եւ սարքավորումների եւ այլնի վերաբերյալ, ի վնաս ՀՀ արտաքին անվտանգությանը՝ կատարել է լրտեսություն:
Դրանից հետո Զինված ուժերի պաշտոնատար անձը հավաքել եւ իր մոտ է պահել մարտական տեխնիկայի, սպառազինության, այդ թվում՝ տանկերի, մարտկոցների, ուժեղացման միջոցների, առաջնահերթ խոցվող օբյեկտների, ՀՀ զինված ուժերում ծառայող, պահեստազորում հաշվառված անձանց եւ այլնի վերաբերյալ ծառայողական եւ պետական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաեւ, օգտագործելով ՀՀ զինված ուժերում եւ Արցախի սպայական անձնակազմի շրջանում իր ունեցած հարաբերությունները, պարբերաբար հանդիպումներ է ունեցել վերջինների հետ եւ հետաքրքրություններ ցուցաբերել ստորաբաժանումների կողմից իրականացվող կոնկրետ գործողությունների եւ այլնի վերաբերյալ, հավաքել տվյալներ, որից հետո պարբերաբար Հայաստանի Հանրապետությունից մեկնել է Վրաստանի Հանրապետություն եւ ինչպես Ադրբեջանի դեսպանատան տարածքում, այնպես էլ դրանից դուրս հանդիպումներ եւ բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցների հետ, նրանց մաս-մաս հանձնել կամ հայտնել է իրեն հայտնի դարձած եւ իր կողմից հավաքագրված, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները, ինչպես նաեւ թշնամական գործունեություն իրականացնելու համար ցուցաբերել է այլ օգնություն՝ կատարելով թշնամական երկրի հետախուզական ծառայությունների առաջադրանքները՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության՝ այդ ամբողջ ընթացքում փորձելով հնարավորինս գաղտնի պահել իր անձը, հետախուզական ծառայությունների հետ ունեցած կոնտակտային հեռախոսահամարները:
Վերոգրյալ հանցավոր արարքը կատարելու համար որոշում է կայացվել՝ հիշյալ անձին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հարկ է նշել, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում մեղադրյալի բնակարանում կամ օժանդակ շինություններում հայտնաբերվել եւ առգրավվել է մեծ քանակի ռազմամթերք՝ նռնակներ, պայթուցիչներ, փամփուշտներ, ինչպես նաեւ դեռեւս արդիականությունը չկորցրած՝ մարտական տեխնիկայի, սպառազինության, այդ թվում՝ տանկերի, մարտկոցների, ուժեղացման միջոցների, առաջնահերթ խոցվող օբյեկտների եւ այլնի վերաբերյալ ծառայողական եւ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր, որոնց մի մասը՝ եզակի բնօրինակներով:
Միեւնույն ժամանակ, մեղադրյալի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են նաեւ հետախուզական գործունեություն կատարելու համար նախատեսված ռադիոհաղորդիչ սարքավորումներ, կապի միջոցներ, ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ կապ հաստատելու համար նախատեսված հեռախոսահամարների վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետրեր: Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտում է: Դեռեւս 2015թ. ԱԱԾ-ի կողմից կալանավորվել էր պահեստազորի մայոր Գարիկ Մ.-ն (ազգանունը չենք հրապարակում), որը, երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ էր հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ:
2015թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պետական դավաճանության եւս մեկ գործ էր ուղարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: ՀՀ քաղաքացին Ադրբեջանի հետախուզական ծառայության աշխատակից Սեյրանին է տրամադրել ԼՂՀ Մարտունու շրջանում ժամկետային զինծառայության ընթացքում իր՝ ձեռք բերած տեղեկությունները: Բացի այ, Սերգեյը 750 ԱՄՆ դոլլարի դիմաց եւս մեկ առաջադրանք է ստացել Ադրբեջանի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից: Սերգեյին ցուցում է տրվել, որպեսզի վերջինս ընդունվի պայմանագրային զինծառայության Մատաղիսի զորամասերից մեկում եւ տեղեկություններ հայտնի այդ զորամասի մասին համացանցի, սկայպի կամ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱԱԾ-Ն ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք մոբիլիզացիայի շրջանակներում ենթակա են կցագրման տարածքային զինվորական կոմիսարիատներում, մարտական գործողություններին կարող են մասնակցել բացառապես այդ ճանապարհով:
«Տարածքային զինվորական կոմիսարիատներում կցագրումների եւ մոբիլիզացիոն ընդհանուր աշխատանքների ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ մարմինների կողմից եւս իրականացվելու է անհրաժեշտ հսկողություն: Իրավամբ բարձր գնահատելով մեր քաղաքացիների կողմից ցուցաբերվող բացառիկ հայրենասիրության բոլոր դրսեւորումները՝ առավել քան կարեւոր ենք համարում կամավորագրման գործընթացի կազմակերպումը բացառապես պետական մարմինների համակարգման ներքո, որի ուղղությամբ առկա է նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած համապատասխան հայտարարությունը»:
ՄԱՆՐԱԿՐԿԻՏ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարվել է սեպտեմբերի 27-30-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված ոտնձգությունների դեպքերի հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն: Սպանվել է ընդհանուր յոթ խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը՝ մանկահասակ աղջիկ, 2-ը՝ 24-ամյա եւ 65-ամյա տղամարդիկ, 4-ը՝ 59-ամյա, 61-ամյա, 63-ամյա եւ 79-ամյա կանայք: Մանկահասակ երեխան, չորս կանայք եւ մեկ տղամարդը սպանվել են իրենց տան բակում, իսկ երիտասարդը՝ գյուղի մերձակայքում:
Լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր 31 անձ, որից 7-ը՝ իգական, իսկ 24-ը արական սեռի քաղաքացիներ են: Հիշյալ անձանցից 23-ը վիրավորումը ստացել է անմիջապես իր բնակության վայրում` բնակելի տանը կամ դրա մոտակայքում, արկի պայթյունի հետեւանքով (ընդ որում, երկու դեպքում արկը պայթել էր հենց բազմաբնակարան շենքի բակում), 6-ը` համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս՝ մարդատար տրանսպորտային միջոցի թիրախավորման եւ խոցման հետեւանքով, իսկ 2-ը՝ հասարակական այլ վայրում:
Ստեփանակերտ քաղաքում կամ դրան հարակից հատվածներում լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել 10 անձ, Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում՝ 1 անձ, Թաղասեռ համայնքում՝ 3 անձ, նույն շրջանի Վարդաշատ համայնքում՝ 1 անձ, Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում՝ 5 անձ, Սպիտակաշեն համայնքում՝ 1 անձ, Մարտակերտի շրջկենտրոն Մարտակերտ քաղաքում՝ 1 անձ, Մաղավուզ համայնքին հարակից հատվածում՝ 4 անձ, Ն.Հոռաթաղ համայնքում՝ 2 անձ, նույն շրջանի Մատաղիս համայնքում՝ 1 անձ, Շահումյանի շրջկենտրոն Քարվաճառ համայնքում՝ 2 անձ:
Տուժած քաղաքացիների թիվը, ըստ տարիքային խմբերի, ունի հետեւյալ պատկերը՝ մինչեւ 14 տարեկան՝ 3 անձ, 15-25 տարեկան՝ 1 անձ, 26-35 տարեկան՝ 4 անձ, 36-50 տարեկան՝ 8 անձ, 50-ից բարձր՝ 15 անձ: Ստացած մարմնական վնասվածքները հիմնականում տեղակայված են տուժողների ստորին եւ վերին վերջույթներին ու դեմքին՝ բեկորային հարվածների տեսքով:
Հիշեցնենք, որ նշված տվյալները վերջնական չեն, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է փաստահավաք առաքելությունը, որի արդյունքների վերաբերյալ կտրվեն թարմացված տեղեկություններ: