ԴԵԷՍԿԱԼԱՑԻԱՅԻ «ՀՐԱՏԱՊ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովում անցկացվել են քննարկումներ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին։ Իրավիճակի վերաբերյալ զեկուցել է Ավստրիայի արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը։

 

Նախարարը շեշտել է դեէսկալացիայի «հրատապ անհրաժեշտությունը»: Նա տեղեկացրել է, որ իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում նույնպես կոչ է արել դադարեցնել բոլոր մարտերը շփման գծի երկայնքով եւ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Նախարար Շալլենբերգն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամն ապացուցում է, թե որքան արագ կարող է լարվածությունը վերածվել թեժ հակամարտության: «Լարվածությունը պետք է նվազեցվի խոսքով եւ գործով»,- նշել է արտգործնախարարը՝ նկատի ունենալով տարածաշրջանի բոլոր դերակատարներին:

Նախարարի զեկույցին հետեւած քննարկումների ժամանակ ելույթներով հանդես են եկել հանձնաժողովի անդամները։ Մասնավորապես, հանձնաժողովի փոխնախագահ, Ավստրիայի ժողովրդական կուսակցության պատգամավոր Ռայնհոլդ Լոպատկան ուշադրություն է հրավիրել Թուրքիայի դերին եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դիտավորյալ սրելու մեջ:

Ավստրիայի ազատական կուսակցության անունից խոսել է պատգամավոր Աքսել Կասեգգերը, որը Թուրքիային բնութագրել է որպես տարածաշրջանում անկարգություններ հրահրող գործոն, եւ մեկ անգամ եւս կրկնել իր խմբակցության կոչը ԵՄ-ին՝ վերջնական խզել Անկարայի հետ անդամակցության բանակցությունները: Պատգամավոր Լեո Կոհլբաուերն ասել է, որ ակնկալում է, որ Եվրամիությունը կմիջամտի Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա զինված հարձակման հարցում: Ըստ Կոհլբաուերի, թուրք բռնակալ Էրդողանը պետք է ԵՄ կողմից կարգի հրավիրվի եւ պատժվի, եթե անմիջապես չդադարեցնի իր աջակցությունը Ադրբեջանին: «Թուրքիան, ըստ երեւույթին, այստեղ նոր հնարավորություն է տեսնում իր կողմից ատելի հայերին ոչնչացնելու համար», – նշել է Կոհլբաուերը՝ հիշեցնելով 1915-16 թվականներին հայերի դեմ Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության ճանաչման շուրջ քննարկումը:

Կոհլբաուերը իսլամական Ադրբեջանի ագրեսիան համարում է տարածաշրջանը իսլամականացնելու նոր փորձ, որի զոհ կարող է դառնալ քրիստոնյա Հայաստանը, իսկ Էրդողանի աջակցությունն Ադրբեջանին անակնկալ չէ: Կոհլբաուերը կոչ է արել ԵՄ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել` մարդկային կյանքերը փրկելու եւ տառապանքներից խուսափելու համար:

Պատգամավորի խոսքով՝ ԵՄ-ն այժմ պետք է, մի կողմից, միջամտի եւ միջնորդի հակամարտող կողմերի միջեւ, մյուս կողմից՝ անհապաղ ստիպի թուրք բռնապետին խիստ պատժամիջոցների սպառնալիքով հրաժարվել իր նկրտումներից: «Եթե Էրդողանը ցանկանում է ցույց տալ Եվրոպային, թե որքան վճռական ու հզոր է, ապա Եվրոպան այժմ պետք է Էրդողանին ցույց տա, որ ինքն ավելի վճռական է ու հզոր: Շատ հաճախ ենք մենք զիջում Թուրքիային», -ասել է Կոհլբաուերը՝ անդրադառնալով նաեւ Վիեննայի Ֆավորիտեն թաղամասում վերջերս տեղի ունեցած թուրք-քրդական բախումներին, որոնք, ըստ պատգամավորի, հրահրվել եւ կազմակերպվել էին Ավստրիայում թուրքական կազմակերպությունների կողմից: Կանաչների խմբակցության ղեկավարի տեղակալ, կուսակցության արտաքին քաղաքականության հարցերի խոսնակ Եվա Էռնստ-Ձիձիչի կարծիքով՝ ուժի կիրառումը չի կարող հանգեցնել խնդրի վերջնական կարգավորման։ «Ուժի կիրառումը վստահաբար սխալ միջոց է այս հակամարտության համար վերջնական լուծում գտնելու համար, որը տասնամյակներ շարունակ մարում եւ կրկին բռնկվում է»,-նշել է նա։ Եվա Էռնստ-Ձիձիչը նույնպես քննադատել է Թուրքիային՝ ռազմատենչ հռետորաբանության եւ, ըստ շրջանառվող լուրերի, Սիրիայից ջիհադիստ վարձկաններ Ադրբեջան ուղարկելու համար։ Էռնստ-Ձիձիչն անհապաղ հրադադարի եւ տարիներ շարունակ լարված հակամարտության հարցում միջազգային միջնորդության կոչ է արել: «Երկու կողմերն էլ պետք է անհապաղ դադարեցնեն կրակը եւ փոխարենը օգտվեն միջազգային միջնորդական առաջարկներից»,- նշել է Էռնստ-Ձիձիչը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որը նույնպես կոչ է արել հակամարտող կողմերին դադարեցնել մարտերը, եւ ԵԱՀԿ միջնորդական ձեւաչափին: «Մենք կաջակցենք ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի ցանկացած նախաձեռնությանը` լուծելու այս երկարատեւ հակամարտությունը, սակայն երկարաժամկետ հեռանկարում հաջողության կարելի է հասնել միայն, եթե երկու կողմերն էլ նստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ պատրաստ լինեն նաեւ տարածքային զիջումների: Առանց միջազգային միջնորդության ես ներկայումս չեմ պատկերացնում, թե ինչպես կարող են երկու պատերազմող կողմերը դուրս գալ խառնաշփոթ իրավիճակից: Հետեւաբար, մենք պետք է միջազգային մակարդակով արագ առաջ շարժվենք եւ սկսենք խաղաղության լուրջ գործընթաց, հակառակ դեպքում արյունահեղությունը հավերժ կշարունակվի», – ասել է պատգամավորը:

 

 

ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է անգամ այս լարվածության մեջ խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները. դիտվում է կորոնավիրուսի դեպքերի աճ: «Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում Արցախն է: Հայ ժողովուրդը մտքով եւ գործով սատարում է իր եղբայրներին, պայքարում հանուն ապագայի: Առերեւույթ մյուս խնդիրները մղվում են հետին պլան»:

Նախարարությունից շեշտել են՝ պետք չէ անտարբերության մատնել դեռեւս աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը: «Համավարակը չի նահանջել, ավելին՝ Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նկատելի աճ։ Անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները: Սիրելի՛ ժողովուրդ, կոչ ենք անում չկորցնել զգոնությունը, եկե՛ք շարունակենք կրել դիմակներ, պահպանենք սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան»,-հայտնում են նախարարությունից՝ շեշտելով, որ ինչպես համաճարակի ողջ ընթացքում, այնպես էլ հիմա առավել քան կարեւոր է քաղաքացիների առողջությունն ու մարտունակությունը:

Նախարարությունը եւս մեկ անգամ հորդորել է ցանկացած իրավիճակում լինել հետեւողական` այն գիտակցումով, որ կարող ենք կանխել հիվանդության տարածումը, ինչն ամուր կպահի թիկունքը: Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք` սեպտեմբերի 27-ից՝ Արցախի, սեպտեմբերի 29-ից Հայաստանի դեմ Թուրքիայի ներգրավվածությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո:

 

 

ԲՆԱԿԵԼԻ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է բնակելի թաղամասում ադրբեջանական անօդաչու թռչող սարք խոցելու մասին: Լուսանկարներ են հրապարակվել, որտեղ Ասկերան քաղաքում խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերից մեկն է, որը ոչնչացվել է հայկական զինված ուժերի կողմից։ ԱԹՍ թիրախակետում խաղաղ բնակավայրն էր. ԱԹՍ-ն խոցվել է բնակելի թաղամասի հարեւանությամբ:

 

 

ՍԱ ԿԲԵՐԻ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՂԵՏԻ

Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով՝ համաձայն միջազգային լրատվամիջոցներում անընդհատ պտտվող տեղեկությունների:

Խոսքը 3,000-4,000 վարձկանների մասին է, որոնք Արցախի ու Հայաստանի դեմ այս օրերին ընթացող պատերազմին մասնակցելու համար վարձվել են 1,500-2,000 ԱՄՆ դոլարի դիմաց՝ ըստ այդ աղբյուրների: Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Այս լուրերը պարբերաբար հաստատում են միջազգային լրատվամիջոցները, մարդու իրավունքների ոլորտի արտասահմանյան կազմակերպություններ: Նշվածի մասին տեղեկություններ են հավաստվում են նաեւ Արցախի աղբյուրներով: Այս տեղեկությունները ծայրահեղ անհանգստացնող են, սա կբերի հումանիտար աղետի՝ ուղեկցվելով ոչ միայն մարդկային զոհերով, այլ դաժանություններով ու ավերածություններով:

Պետք է հաշվի առնել, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած ռազմաօդային ու հրետանային հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի, Արցախի ու Հայաստանի բնակիչների նկատմամբ լայնածավալ ատելության խոսքով ու բռնության, այդ թվում՝ սպանությունների ագրեսիվ կոչերով: Դրանից բացի, Արցախի ու արդեն Հայաստանի նկատմամբ առանց տարբերակման (indiscriminate) հրետակոծություններով թիրախավորված են նաեւ խաղաղ բնակչության համար կենսական կարեւորության ճանապարհները, գազատարները, կապի միջոցները եւ այլն: Այս բոլորը մեկ շղթայի տարբեր մասեր են: Սարսափելի է նույնիսկ պատկերացնել մարդկության դեմ ուղղված ու ռազմական այն հանցագործությունները, որ կարող են տեղի ունենալ այս զարգացումների պայմաններում: ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը 2019 թվականի սեպտեմբերի 26-ի 42/9 բանաձեւով խստորեն դատապարտել է վարձկանների օգտագործումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու նպատակով՝ վարձկանների արարքները համարելով հանցագործություն եւ սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքներին: Ուստի միջազգային հանրությունը ու հենց առաջին հերթին մարդու իրավունքների կազմակերպությունները պետք է անհապաղ արձագանքեն:

Անհրաժեշտ է ամեն ինչ անել կանխելու համար այսօր տեղի ունեցող պատերազմական գործողությունները, ու դա պետք է անել ոչ թե ձեւական կոչերով, այլ իրական քայլերով:

Միջազգային հանրությունը, այն էլ՝ մարդու իրավունքների հարցերով կառույցները, չունեն իրավունք անտեսելու այս ամենը՝ թաքնվելով «քաղաքական» պատրվակների տակ կամ արդարանալով սեփական մանդատների «անզորությամբ»:

 




Լրահոս