«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԱՂՈՒՑ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԵՐ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ». ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես այս պահին, ցավոք, առաջնագծում չեմ գտնվում՝ ելնելով իմ տարիքից: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը, որը արցախաադրբեջանական շփման գծում հակառակորդի ռազմական գործողությունների առաջին իսկ պահից մեկնել է Արցախ՝ որպես կամավոր:

 

ArmLur.am-ի հետ զրույցում Հրանտ Թոխատյանը ցավով նշում է, որ  առաջնագիծ մեկնել չի կարող, բայց թիկունքում հնարավորինս ամեն բան անում է արցախահայության համար:

«Կան լիքը գործեր, որոնք պետք է արվեն, դրա համար անում եմ այն  հանձնարարությունները, որոնք այսօր մեր հայրենիքի պաշտպանության համար կարեւոր են: Մեր տղաների մարտական ոգին բարձր է այնքան, որ մեր խաղաղ բնակիչները հրաժարվում են տեղափոխվել Երեւան: Մարդկանց մեծամասնությունը չի ուզում գալ, նրանք ուզում են մնալ իրենց բնակավայրերում, իրենց տներում, այ նման բարձր ոգեւորություն կա, որը փոխանցվում է նաեւ մեզ: Այստեղ բոլորս հավատում ենք հաղթանակին»,-նշում է Հրանտ Թոխատյանը:

Հարցին, թե արդյոք գոհ է  միջազգային կառույցների արձագանքից, մեր զրուցակիցը նշում է. «Ցավոք սրտի, չեմ կարողանում հետեւել միջազգային արձագանքին. դրա ժամանակն էլ չկա, եւ ոչ միշտ է, որ ունենք կապ: Ես ուզում եմ նշել, որ այսօր մեր կողքին կան շատ լավ երիտասարդներ, որոնց աշխատանքով կարելի է միայն հպարտանալ: Երիտասարդները ո՛չ քնում են, ո՛չ ուտում են, միայն զբաղված են մարդկանց հետ աշխատելով, ինչն այսօր շատ կարեւոր է»:

Մեր զրուցակցի խոսքով՝ վաղուց էր պետք, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչի Արցախի Հանրապետության անկախացումը:

«Կարծում եմ, որ  վաղուց էր դա պետք անել, եւ հիմա արդեն մեր պետական այրերը կորոշեն, միգուցե կան հարցեր, որոնցից ես տեղյակ չեմ, բայց ինչ կորոշեն, թող հայրենիքի համար լինի, եւ այդպես մենք ավելի հանգիստ կլինենք։ Այս օրհասական պահին յուրաքանչյուր բանականություն ունեցող մարդ  կուզենա, որպեսզի օր առաջ վերջանա այս պատերազմը: Իմ սպասումները բոլորի պես է, այսինքն՝ միայն հաղթանակն է՝ ելնելով մեր զինվորների, մեր կամավորների հոգեվիճակից, դուխից: Մենք գիտենք, որ մեր տանն ենք եւ մեր տունն ենք պաշտպանում»,-եզրափակում է Հրանտ Թոխատյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ի լույս հոկտեմբերի 1-ի գիշերվա ընթացքում արցախաադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն: Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, մարտակարգերը բարելավելու նպատակով հակառակորդը փորձել է իրականացնել որոշակի վերախմբավորումներ ու զորաշարժեր, որոնք ժամանակին հավաստանշվել ու կանխվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխության չի ենթարկվել:

Միեւնույն ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, թե  դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ։ Նա մասնավորապես նշել է. «Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։ Այսպիսով, արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհքաղաքական սահմաններով։ Այդ ահաբեկչությունը հավասարաբար սպառնում է ԱՄՆ-ին ու Իրանին, Ռուսաստանին ու Ֆրանսիային, եւ Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդը կռվում են հանուն գլոբալ անվտանգության»։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՍԵԴԱ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԳՐԱՌՈՒՄԸ՝ ՇԱՆՍՈՆՅԵԻ ՄԱՀՎԱՆ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Այսօր կոմպոզիտորի, բանաստեղծի, դերասանի եւ, ի վերջո, մեծ հայի՝ Շառլ Ազնավուրի մահվան տարելիցն է։ Մեծանուն հայի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, այս կապակցությամբ հայտնել է. «Հոկտեմբերի 1-ին՝ քո հեռանալու օրը, ինձ համար ամեն ինչ տխուր է։ Հայրի՛կ, երկու տարում այնքան բան է տեղի ունեցել։

 

Աշխարհի շուրջ կատարվող իրադարձություններն իսկապես կմտահոգեին քեզ։ Մեր հայերը պատերազմի մեջ են, որը եւս կկոտրեր քո սիրտը։ Դու կապավիների հույսին, որովհետեւ դրանում էր քո հզորությունը։ Մտածում եմ քո մասին։ Մենք կարոտում ենք քեզ»։

2018 թվականի հոկտեմբերի 1-ին, թեեւ պատկառելի տարիքին, կյանքով լեցուն եւ կյանքը լցնող Ազնավուրը հրաժեշտ տվեց երկրային կյանքին։ Նրա մահը մեծ վիշտ էր ամբողջ աշխարհի համար, ոչ մի լրատվամիջոց անուշադրության չմատնեց Շառլ Ազնավուրի մահվան մասին վշտալի լուրը։

Լեգենդար երգիչը ոչ միայն անջնջելի հետք է թողել համաշխարհային երգարվեստում, այլ նաեւ իր մեծ ներդրումն ունեցել հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության մեջ։

Ֆրանսիացիների հետ մենք չէինք կիսում Շառլին, ֆրանսիացիները Շառլին մեզ հետ չէին վիճարկում։ Նա նույնքան հայ էր, որքան ֆրանսիացի. այդպես էր միշտ ասում ինքը` Ազնավուրը: Եվ դա հասկանալի է։ Նա հսկա արժեք էր, լեգենդ, նա դուրս էր ազգային նեղ շրջանակներից։

 

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանը, նրա եղբայր Ադամն ու հայրը՝ Փոլը, «Հայաստան» համահայկական հիմնադրամին 250 հազար դոլար նվիրատվություն կկատարեն։ Նա համացանցում ունենալով 35 մլն հետեւորդ՝ նրանց պարբերաբար պատմում է Հայաստանի մասին։ «Ես շատ հիասթափված եմ, որ Ադրբեջանը որոշել է հարձակվել հայ ժողովրդի վրա։ Սա ահավոր է, երիտասարդ տղաները զոհվում են: Ցավոք, երկիրը պետք է պաշտպանի իրեն, եւ ժողովուրդը մեկնում է սահման պատերազմելու»,-ասել է Փոլ Բիլզերյանը: Փոլ Բիլզերյանը հույս է հայտնել, որ սահմանին կանգնած բոլոր զինվորները կհաղթահարեն ամեն ինչ եւ կպաշտպանեն իրենց տունը։

Փոլ Բիլզերյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ ինքը, Դենը եւ Ադամ Համահայկական հիմնադրամին ուղարկելու են 250 հազար ԱՄՆ դոլար նվիրատվություն։  Համահայկական հիմնադրամը դրամահավաք է նախաձեռնել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով։

 

 

ԴՐԱՄԱՀԱՎԱՔ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը դրամահավաք է կազմակերպել՝ ի աջակցություն հայոց բանակի զինվորների: Մովսիսյանը կոչ է արել իր ընկերներին Լոս Անջելեսում եւ ամբողջ աշխարհում միանալ դրամահավաքին, որը նվիրված է հայ զինվորին: Հավաքված գումարը ծառայելու է Հայոց բանակի զինվորներին եւ զոհված տղաների ընտանիքներին: Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաեւ խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետեւանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի:

Ադրբեջանի ԶՈւ-ն թիրախավորել է նաեւ ՀՀ զինվորական եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետեւանքով Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, եւ այրվել է քաղաքացիական ավտոբուս Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: ՀՀ-ում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային շուրջ 1280 կորուստ եւ 2700 վիրավոր:

 




Լրահոս