Լուսանկարն արվել է Երեւանում
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի ծննդատանը երեկ լույս աշխարհ է եկել փոքրիկ Արթուրը: Արթուրն իր գերդաստանի միակ երեխան է, որը ծնվել է Արցախից դուրս: Թշնամուն թեժ հակահարվածներ հասցնող Արթուրի զինծառայող հոր համար որդու ծնունդն ամենասպասված բարի լուրն է:
ՎԱՐԿԵՐ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ որքան ժամանակ է վարկային տեղեկատվությունը պահպանվում տվյալների բազայում:
Սվետա Առաքելյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Առաքելյանի հարցին ի պատասպան՝ տեղեկացնում ենք, որ վարկային բյուրոն չպետք է ներառի վարկային զեկույցում վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն:
Հինգ տարին ավարտվելուց հետո նշված տեղեկատվությունը արխիվացվում է («Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետի):
Ֆինանսական համակարգի հաշտարար
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վարկային պայմանագիրը չի հանդիսանում հրապարակային պայմանագիր, հետեւաբար վարկատուն (բանկը կամ այլ վարկային կազմակերպություն) ինքն է ազատորեն որոշում՝ ում հետ կնքել վարկային պայմանագիր, ում հետ` ոչ:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչպես է կատարվում ասպիրանտուրայի ընդունելությունը: Ի՞նչ կարգով է այն տեղի ունենում:
Սիրարփի Գեւրոգյան (50 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ մրցութային կարգով ասպիրանտուրա են ընդունվում մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական մասնագիտություններով՝ բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցողները:
Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետեւյալ փաստաթղթերը՝
1) բակալավրի եւ մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
2) օտար լեզու եւ ինֆորմատիկա եւ տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
3) ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,
4) ինքնակենսագրություն եւ երեք լուսանկար (3 x 4 չափսի),
5) քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ գերազանցության դիպլոմ տրվում է ամփոփիչ ատեստավորումը «գերազանց» գնահատականով հանձնած այն շրջանավարտներին, որոնք ապահովել են միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90%-ը: