ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել.
«Սիրելի ՛ հայրենակիցներ,
Ադրբեջանի սանձազերծած պատերազմական հերթական օրն ամփոփում ենք առաջնագծում ունեցած կայուն հաջողությամբ:
Պաշտպանության բանակն իր առջև դրված մարտական խնդիրը իրականացրել է փայլուն, և այս պահին ևս հաջողությամբ դիմագրավում է թշնամու բոլոր ոտնձգություններին թե՛ օդում, թե՛ ցամաքում՝ պատճառելով նրան զինտեխնիկայի և կենդանի ուժի զգալի կորուստներ:
Թերևս դա է եղել պատճառը, որ Ադրբեջանի ահաբեկչական բանակը միայն «Սմերչ» կայանքից ավելի քան հարյուր հրթիռ է արձակել մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, մեծ կորուստներ չեն եղել:
Այսօր ինձ զեկուցեցին նաև, որ այս մի քանի օրվա մեջ սփյուռքահայության հանգանակությունը արդեն կազմել է 50 մլն եվրո: Շնորհակալ եմ բոլորին ցուցաբերվող աջակցության համար և հորդորս է շարունակել դրամահավաքը, քանի որ պատերազմից ու, ամենակարևորը, սպասվող առաջիկա հաղթանակից հետո պետք է արագ կերպով վերականգնենք ավերակները և շարունակենք ծաղկեցնել համայն հայության հպարտությունն իր մեջ մարմնավորած Արցախ աշխարհը: Ու դա պետք է լինի մեր բոլորի հավաքական պատասխանն աշխարհին:
Մեր համազգային միասնությունը մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանն արդեն պարտվել է այս պատերազմում: Հաղթանակը մերն է ու թող դրանում ոչ ոք չկասկածի»: