ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր Ռուսաստանի վարչապետի հետ կժամանեն Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձրացրեց Ռուսաստանից կառավարական ինքնաթիռի վայրէջք կատարելը Հայաստանում:  ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը միայն հայտնեց, որ «Երեւանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները բնականոն հունով ընթանում են եւ դրա շրջանակներում Հայաստան են ժամանում նախապատրաստական խմբեր:

Միեւնույն ժամանակ ArmLur.am-ը հայտնել էր, որ երեկ Հայաստան է ժամանել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին սպասարկող արարողակարգային ինքնաթիռը: Մենք տեղեկացրեցինք, որ ՌԴ վարչապետի՝ Հայաստան այցը նախատեսված է հենց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, որը տեղի կունենա Երեւանում  եւ հիմա մայրաքաղաքում ընթանում են դրա նախապատրաստական աշխատանքները:

Սակայն նշենք, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում ոչ միայն ՌԴ վարչապետն է գալու Հայաստան: Նախատեսված է, որ այդ օրը Հայաստան են ժամանելու ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների կառավարությունների ղեկավարները՝ Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը եւ Ղրղզստանի վարչապետ Կութաբեկ Բորոնովը: Սա միջկառավարական խորհրդի հերթական նիստն է եւ այս երկրների՝ Հայաստան ժամանելն ըստ էության կապ չունի Արցախում սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի հետ:

Իսկ ինչ է սպասվում այդ օրը. նկատենք, որ խորհրդի վերջին նիստը հուլիսին անցկացվել էր հեռավար կարգով, սակայն դրանից հետո որոշում էր կայացվել արդեն Երեւանում նիստն անցկացնել առերես: Միեւնույն ժամանակ հավելենք, որ ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներն ասել էին, թե Երեւան գալու որոշումը կընդունեն կորոնավիրուսով պայմանավորված, սակայն Երեւանում ընթացող նախապատրաստական աշխատանքները վկայում են, որ նիստը կկայանա եւ վարչապետերը կգան Հայաստան:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս