ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրազդանի բերդի դատապարտյալներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի եւ Քրեակատարողական ծառայության պե, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՔԿԾ կամավորական համահավաք վաշտի՝ ռազմաճակատ ճանապարհելու միջոցառումը:

«Մենք գործ ունենք պանթուրքական նոր ծրագրի հետ, գործ ունենք պատերազմական գործողություններում ահաբեկիչ վարձկանների ներգրավման հետ, որոնք դեմ են առել քաջարի հայ զինվորի հաղթական դիմադրությանը: Վստահ եմ նաև, որ բոլորդ գիտակցում եք՝ մեր հայրենիքի ապագան միայն մեր ձեռքերում է, և միայն մենք ենք կարողանալու մեր հայրենիքը պաշտպանել թշնամուց»,-նշել է արդարադատության նախարարը եւ ընդգծել, որ իր համար մեծ հպարտություն է ղեկավարել մի կառույց, որը բաղկացած է այնպիսի ծառայողներից, որոնք հայ ժողովրդի զինվորներն են, որոնք պատրաստ են իրավակարգի ամրապնդման իրենց գործը ժամանակավոր թողնել եւ նվիրվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին՝ Ռուստամ Բադասյանը բոլորին մաղթել է անփորձանք ու հաղթական վերադարձ՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի Հանրապետության եւ հանուն հայ ազգի:

Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն էլ բարձր է գնահատել համակարգի նվիրյալների հայրենիքի պաշտպանության սուրբ գործին զինվորագրվելու ցանկությունը եւ համոզմունք հայտնել, որ բոլորը վերադառնալու են հաղթանակած, եւ բոլորի անունները ոսկե տառերով են գրվելու Ծառայության պատմության մեջ: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի հոգեւոր հովիվ Տեր Առնակ քահանա Հարությունյանի Տերունական եւ պաշտպանիչ աղոթքներից հետո քրեակատարողական ծառայողներից կազմված վաշտը ճանապարհվել է ռազմաճակատ:

Այս հայտարարությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են ահազանգել Հրազդան քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները եւ խնդրում եմ իրենց դիմումներին եւս ընթացք տալ: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էին զանգահարել Հրազդան Քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներ Արթուր Մարկոսյանը, որը գողության համար է ազատազրկման դատապարտված եղել, Արման Կարապետյանը, որը սպանության փորձի համար է դատապարտված եղել եւ Անդրանիկ Թովմասյանը, որը դատապարտված է գողության համար եւ նրան 80 օր է մնացել ազատ արձակվելու, հայտնեցին, որ Հրազդան քրեկատարողական հիմնարկ են եկել ծառայության ղեկավար կազմից եւ հայտնել, թե ովքեր են ցանկանում կամավոր գնալ բանակ եւ ծառայել.

«Մենք հայտնեցինք, որ շատ ենք ցանկանում գնալ առաջնագիծ: Տեղեկանքը գրեցինք ու մինչեւ օրս որեւէ արձագանք չկա, մեր հայրենիքի համար այս կարեւոր պահին շատ ենք ցանկանում մեր տղերքի կողքին կանգնենք, թող մեզ թույլ տան գնանք, մեզ համար սա շատ կարեւոր է»:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվող մոտ 100 անձ ցանկություն են հայտնել եւ դիմում են ներկայացրել որպես կամավոր սահման մեկնելու համար: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 27-ից Հայաստանում հայտարարված է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Եվ չնայած զորահավաք հայտարարվելուն՝ մեծ թվով մարդիկ, չսպասելով զանգի, իրենք են ներկայանում զինկոմիսարիատներ եւ ցանկություն հայտնում, դիմում ներկայացնում՝ առաջնագիծ որպես կամավոր մեկնելու համար: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին նման դիմում են ներկայացրել նաեւ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձինք:

Մասնավորապես, Քրեակատարողական ծառայության ղեկավարությանը նման դիմում են ներկայացրել մոտ 100 կալանավոր եւ դատապարտյալ: Սակայն, մեր տեղեկություններով, այդ դիմումներին դեռ ընթացք եւ պատասխան չի տրվել, քանի որ քրեակատարողական ծառայության ղեկավարությունը պետք է խորհրդակցի Պաշտպանության նախարարության հետ, եւ միայն վերջիններիս հրահանգի դեպքում, իրավիճակով պայմանավորված, պետք է նման որոշումներ կայացվեն:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՔԿԾ մամուլի ծառայություն՝ հասկանալու համար, թե ինչ իրավիճակ է այս մասով, արդյոք նման դիմումներ կան, թե ոչ: Ի պատասխան՝ հաստատեցին, որ նման դիմումներ կան, սակայն այլ մանրամասներ չցանկացան հայտնել:




Լրահոս