ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մի քանի օր առաջ ընտանիքով հայկական «Մապ» արտադրության պահածո էինք կերել ու թունավորվել: Բժշկի չդիմեցինք, տնական միջոցներով մի կերպ հաղթահարեցինք: Այս դեպքում, եթե բժշկի չենք դիմել ու չկա ապացույց, կարո՞ղ ենք դիմել Սպառողների ասոցիացիային կամ Սննդի որակի տեսչություն, որ ստուգումներ անցկացնեն: Էլյա Մաղաքյան, 50 տարեկան, տնային տնտեսուհիՊԱՏԱՍԽԱՆ. Եթե չեն դիմել, չկա ապացույց, ուրեմն մենք անզոր ենք այն առումով, որ ապացուցելու թելը կորավ: Անկեղծ ասած, եթե բժշկի դիմեին էլ, այդ դեպքում էլի կասկածելի է լինում, դա կօգներ, թե ոչ, քանի որ հաճախ բժիշկները չեն նշում, որ գանգատվողները հենց այդ սննդից են թունավորվել: Բայց դե ամեն դեպքում պիտի դիմեին, որ հիմք ունենայինք: Նման ահազանգեր մենք ստանում ենք, բայց, բարեբախտաբար, դրանք շատ հաճախ չեն լինում: Տվյալ հարցում փաստեր չլինելու պատճառով մենք քայլեր չենք կարող ձեռնարկել, բայց մեր խորհուրդն էլի մնում է նույնը: Նախ պետք է չզլանալ ու գնելուց առաջ ժամկետին նայել, որովհետեւ դրանից կախված է մեր եւ մեր երեխաների առողջությունը: Հայտնաբերելու դեպքում պետք է անմիջապես ահազանգել: Ցանկացած սննդամթերքի վրա պարտադիր կերպով պետք է նշված լինեն ձեռնարկության տվյալները` հասցեն, ֆաքսը եւ այլն: Դա արված է նրա համար, որ այդ ահազանգը հասնի իրենց: Կարող են դիմել Սննդի եւ որակի տեսչություն կամ էլ մեզ` Սպառողների ասոցիացիային: Բայց էլի մեզնից մանրամասներ ու փաստեր են ուզելու, թե ով է եղել, որ խանութում է եղել, արդյոք այդ պահածոյից են թունավորվել եւ այլն: Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այն, որ մեր խանութներում ժամկետանց սննդամթերք է վաճառվում, վաղուց է հայտնի: Ցավոք, ինչպես Սպառողների ասոցիացիայի ղեկավարն է նշում, քաղաքացին չի բողոքել, եւ ապացուցման թելը կորել է, այլապես մեծ աղմուկ կարելի էր բարձրացնել ժամկետանց աղբը սննդամթերքի փոխարեն հրամցնող այս եւ մյուս բոլոր ընկերությունների դեմ:




Լրահոս