ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից մշակվել է Հայաստանի զբոսաշրջության 2021-2030 թվականների ռազմավարությունը: Էկոնոմիկայի նախարարաությունը այն ներկայացրել է կառավարության քննարկման:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից վստահեցնում են, որ այս ամենի արդյունքում Հայաստան այցելուների թիվը կավելանա, ավելին՝ կխթանվի ներքին զբոսաշրջությունը: Կբարելավվեն ենթակառուցվածքների եւ մատուցվող ծառայությունների որակը:
Բացի այս, մինչեւ 2030 թվականը ռազմավարության իրատեսական սցենարի իրականացման արդյունքում ընդհանուր տարեկան աճի տեմպի պահպանման պայմաններում ակնկալվում է հասնել հետեւյալ զբոսաշրջության ցուցանիշներին․4,3 մլն միջազգային զբոսաշրջային այցելություններ՝ 8 տոկոս աճ, 3,4 մլրդ դոլար զբոսաշրջային ծախսեր՝ 8 տոկոս աճ, 85 հազարմշտական աշխատատեղերի ստեղծում՝ 6 տոկոս աճ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ էկոնոմիկայի նախարարությունը ռազմավարության մեջ նշել է նվազ կայացած, սակայն բացառիկ զբոսաշրջային ներուժ ունեցող ուղղությունները:
Դրանցից օրինակ, Սեւանա լիճն իր շրջակայքով հանդիսանում է Գեղարքունիքի մարզի այցեքարտը եւ գրավում է հիմնականում տեղացի զբոսաշրջիկներին: Չնայած սեզոնային սահմանափակումներին եւ բնապահպանական խնդիրներին, Սեւանա լճի ներուժը զբոսաշրջության տեսանկյունից ամբողջությամբ օգտագործված չէ եւ ճիշտ ներդրումների շնորհիվ հնարավոր է ավելացնել ազդեցությունը, մարզային այցելությունների քանակը եւ զբոսաշրջիկների կողմից մարզում անցկացվելիք ժամանակը:
Իսկ ահա Կապանը, Գորիսին եւ Տաթեւին մոտ գտնվելով կարող է ավելի շատ զբոսաշրջիկներ գրավել դեպի քաղաք եւ տարածաշրջանի պահպանվող տարածքներ: Բայց ճանապարհային ցանցերը չափազանց սահմանափակ են, ինչը խոչընդոտում է զբոսաշրջիկների տեղաշարժին։ Այս տարածաշրջանի ոչ լիարժեք օգտագործումը բաց է թողնում հնարավորությունը աջակցել Բնության զբոսաշրջության զարգացմանը, շահույթ ստանալ կացարանների եկամուտներից եւ ապահովել միջսահմանային զբոսաշրջության աճ Իրանից։ Ի դեպ, այստեղ է գտնվում նաեւ Կապանի՝ ներքին չվերթեր սպասարկող օդանավակայանը, որը ներկայումս վերակառուցվում է։ Տեղական չվերթերը կարող են զգալիորեն ավելի հեշտացնել զբոսաշրջիկների ժամանումը երկրի այս հատված։ Եթե այս օդանավակայանին տրվի միջազգային կարգավիճակ, հնարավոր կլինի ակտիվացնել տարածաշրջանային թռիչքները դեպի տարբեր երկրներ։
Հանդիսանալով Իրանի հետ սահման, Մեղրին կարող է կարեւոր հանգույց դառնալ տարածաշրջանային այցելությունների համար եւ Իրանի բնակիչների եւ Իրան այցելող զբոսաշրջիկների համար: Բայց քաղաքի զարգացման հիմնական խնդիրներն են ճանապարհները, տրանսպորտային որակյալ հանգույցի բացակայությունը եւ սահմանափակ գիշերակացի հնարավորությունները:
Սիսիանը որպես երկրորդային քաղաք ունի զբոսաշրջային մեծ ներուժ տարածաշրջանի համար այլընտրանքային նպատակակետ դառնալու համար: Շաքիի ջրվեժը, Որոտանի կիրճը, որոնք գրավիչ են բնության սիրահարների համար, մշակութային առաջարկներն ու հյուրընկալ բնակիչները, որոնք պատրաստ են զբոսաշրջիկների հետ շփմանն ու սպասարկմանը հանդիսանում են այս տարածաշրջանի այցեքարտը:
Ս.Հ.