Արցախում կատարվող ռազմական գործողություններին զուգահեռ ՀՀ Ազգային ժողովը որոշել է ընդլայնել սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության շրջանակը: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոփոխությունների է ենթարկվել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն Սիսակ Գաբրիելյանի եւ Սիփան Փաշինյանի կողմից: Մեր տեղեկություններով՝ փոփոխությունը եղել է կառավարության առաջարկությամբ, եւ վերջիններս նախատեսում են ընդլայնել փոխհատուցման ենթակա ոլորտները, որոնք վնաս են կրել Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով, առաջարկում փոխհատուցում տրամադրել այն անձանց, որոնք խնամել են վերոնշյալ գործողությունների հետեւանքով զոհված քաղաքացուն մինչեւ նրա 18 տարին լրանալը: Նկատենք՝ սահմանամերձ համայնքներին տրվող օժանդակությունն ավելի ընդլայնվեց հուլիսյան դեպքերից հետո, երբ լարվածություն էր արդեն հայ-ադրբեջանական սահմանին: Այդ դեպքերից հետո կառավարությունը մշակեց օժանդակության ծրագրեր, իսկ, ահա, պատգամավորների ներկայացրած նախագիծն արդեն ընդհանուր է եւ սոցիալական աջակցություն է սահմանամերձ համայնքներում ապրող քաղաքացիների համար: Դրան զուգահեռ նկատենք, որ առաջիկա օրերին էլ պետք է ընդունվի տնտեսության զորահավաքային պլանը, որը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից: Միեւնույն ժամանակ, նկատենք, որ որոշում է կայացվել կառավարության կամ Ազգային ժողովի նիստեր անել միայն բացառիկ դեպքերում, երբ օրակարգում այս իրավիճակի համար շատ կարեւոր նախագիծ պետք է քննարկվի:
Ադրբեջանական բանակը 6 օրում չի կատարել իր առաջադրանքներից որեւէ մեկը. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է արտահայտել ռազմական փորձագետ Միխայիլ Խոդարյոնոկը: «Պետք է ուղիղ ասել, որ Ադրբեջանը ծրագրավորել, կազմակերպել եւ սկսել է իրականացնել հարձակողական ծրագիր: Եկեք նայենք՝ վեց օրը շատ է, թե քիչ: Եթե հաշվի առնենք, որ երեք օրում Կարմիր բանակը վերցրել է Կենիգսբերգը, ապա վստահ կարող ենք ասել, որ Ադրբեջանի զինված ուժերը չեն կատարել անգամ օրվա առաջադրանքները: Ոչ մի ցուցադրելի արդյունք չկա, չեն կարողացել վերցնել ո՛չ Ֆիզուլին, ո՛չ Մարտակերտը, եւ, հետեւաբար, ոչ մի առաջադրանք չի կատարվել», – մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց նա: Ավելին, ռազմական փորձագետի խոսքով՝ ադրբեջանական կողմի ռազմական պաշարները եւս սպառվում են, եւ 2-3 օր անց իրավիճակը կթեթեւանա սահմանին: «Պատերազմել եւ հասնել արդյունքի արագ է պետք: Եթե չես կարողացել արագ արդյունքի հասնել երկու օրում, ապա հետագայում էլ չես կարող», – նկատում է նա: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանն ինտենսիվորեն սկսել է ռազմական գործողություններն Արցախի Հանրապետության, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ: Վերջին երկու օրերին ինտենսիվ են դարձել գործողությունները նաեւ Հայաստանի նկատմամբ:
Դեռեւս սեպտեմբերի 16-ին հայրենի խորհրդարանը ընդունեց պատգամավորների առնվազն մեկ քառորդի ներկայացրած «Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» նախագիծը, որից հետո պետք է ձեւավորվեր հանձնաժողովը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովի կազմը դեռեւս չկա, խմբակցություններն իրենց ներկայացուցիչներին դեռեւս չեն ներառել հանձնաժողովի կազմը: Բանն այն է, որ, ըստ Դոնթի բանաձեւի, պետք է հանձնաժողովը կազմված լինի 12 անդամից, որից 7 անդամը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից, 3 անդամը՝ «Բարգավաճ Հայաստան», եւ 2 անդամը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից: Այդ ձեւավորելուն խանգարել է նաեւ Արցախում ընթացող պատերազմը, ինչի համար հանձնաժողովը իր գործառույթները չի իրականացնում: Մենք փորձեցինք երեք խմբակցության ներկայացուցիչներից պարզել՝ արդյոք քննարկվում է հանձնաժողովի անդամների հարցը. մեր զրուցակիցները հայտարարեցին, որ, իրավիճակով պայմանավորված, այդ հարցը դեռեւս օրակարգային չէ:
ՀՀ ֆինանսների նախարարությունը կառավարությանն է ներկայացրել «Հայաստանի 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Ըստ ֆինանսների նախարարության՝ իրականացվելիք միջոցառումների հիմնական նպատակը լինելու է տնտեսության մրցունակության եւ արտադրողականության աճը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի համախմբված բյուջեն գնահատվում է եկամուտների գծով 1 տրլն 718.8 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 1 տրլն 992.8 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 274.0 մլրդ դրամ: Իսկ, ահա, ՀՀ համայնքների 2021 թվականի բյուջեները գնահատվում են եկամուտների գծով 149.7 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 149.7 մլրդ դրամ: Նկատենք, որ 2020 թվականի մարտից Հայաստանում հաստատված կորոնավիրուսը մեծ վնասներ է հասցրել ՀՀ տնտեսությանը, եւ 2020 թվականի պետական բյուջեով հաստատված շատ չափանիշներ փոխվել են նաեւ տնտեսականի առումով: Սա արդեն 2021 թվականի համար նախատեսվածն է, որին պետք է ձգտեն հասնել իշխանությունները հաջորդ տարի: Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ օրենքի նախագիծը նախ պետք է հավանության արժանանա կառավարության կողմից, ապա ներկայացվի խորհրդարան, քննարկվի մշտական հանձնաժողովներում, ապա ընդունվի լիագումար նիստում: Նախնական ժամկետը նոյեմբերն է: