ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՐՈՂ Է ՁԳՎԵԼ ԵՎՍ ՀԻՆԳ ՕՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը կարծում է, որ Ադրբեջանը կշարունակի իր հարձակողական գործողությունները եւս մի քանի օր, քանի որ այս ընթացքում նկատելի հաջողություններ չի արձանագրել:

 

Սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված լարվածության շուրջ ArmLur.am-ը զրուցելէ ռուս ռազմական փորձագետի հետ:

-Պարո՛ն Եվսեեւ, Արցախում արդեն 6 օր է՝ ռազմական գործողություններ են ընթանում, եւ վերջին երկու օրերին ականատես ենք լինում հրադադարի մասին շատ հորդորների միջազգային հանրության կողմից: Ի՞նչ եք կարծում, առաջիկայում հրադադար կլինի՞:

-Ես կարծում եմ՝ հիմա Արցախի տարածքում դիրքային մարտեր են ընթանում, հայկական կողմը վերականգնել է առաջնագծի սահմանը, եւ նույնիսկ առաջխաղացման մասին խոսակցություններ կան: Հայկական կողմը, իմ կարծիքով, պատրաստ է բանակցությունների, քանի որ հաջողությամբ է դիմագրավել Ադրբեջանի հարձակումներին եւ նույնիսկ կարող է խոսակցություն ծավալել այն բարձունքի վերադարձի մասին, որը կորցրել էր 2016 թվականի ապրիլին: Սակայն ադրբեջանական կողմը դեռ բանակցությունների պատրաստ չէ:

-Ինչո՞ւ է ադրբեջանական կողմը շարունակում սրել իրավիճակը՝ հաշվի չառնելով հնչող կոչերը:

-Բանն այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շատ բան է դրել խաղասենանին, եւ նա, այսպես ասած, շատ է ցանկանում գնալ բանակցությունների որոշակի հաջողություններից հետո: Սակայն այդ հաջողությունների արձանագրումն անհավանական է, մանավանդ որ, մի քանի տվյալների համաձայն, ադրբեջանական կողմի զոհերի եւ վիրավորների թիվը միասին 5000 է կազմում, որը շատ-շատ է: Իհարկե, եւ արդեն կան տվյալներ, թե քանի այլազգի է ներգրավված այս պատերազմում: «Իսլամական պետության»  100-ից ավելի ներկայացուցիչներ են ներգրավված, ադրբեջանական կողմն ունի երկու գունդ զրահատեխնիկայի, ինքնաթիռների, ուղղաթիռների եւ ԱԹՍ-ների կորուստ: Ինչպես հասկանում եք, այս չափի կորուստների պարագայում Ադրբեջանը շատ չի կարող հարձակողական գործողություններ իրականացնել: Նա, իհարկե, կփորձի կրկին գտնել ելքեր եւ տարածքներ հարձակվելու համար, սակայն ես կարծում եմ, որ այս տեմպերով մեկ շաբաթից ավելի ադրբեջանական կողմը չի կարող ռազմական գործողություններ իրականացնել:

-Իսկ Թուրքիայի մասնակցությունն այս գործողություններին որքանո՞վ է փոխում իրավիճակը:

– Իսկ Թուրքիայի վրա հիմա մեծ ճնշումներ են իրականացվում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի կողմից, նաեւ հաշվի առնելով տնտեսության վիճակը՝ սա իսկապես լուրջ է: Եվ Թուրքիան շատ մեծ ուժերով է ներգրավված այս պատերազմում, դա փոխում է իրավիճակը, սակայն ոչ սահմանային իրավիճակը: Թուրքիայի մասնակցությունը մեծ խնդիրներ կառաջացնի Ռուսաստանի հետ հարաբերություններում, նաեւ երկրորդ հերթին՝ Ֆրանսիայի հետ, եւ կարծում եմ՝ եթե ճնշումներն այսպես շարունակվեն, Թուրքիան էլ կնահանջի, որքան էլ փորձում է հզոր երեւալ: Դրա համար էլ ես կարծում եմ, որ հինգ օրից ավել այս իրավիճակը տեւել չի կարող:

-Իսկ այս օրերի ընթացքում ի՞նչ կարող ենք սպասել:

-Ես կրկին ասեմ՝ երկար ժամանակ նա  այսպես շարունակել չի կարող, քանի որ պարզապես զրահատեխնիկա չի մնա, իսկ դրանց նոր ներգրավումը ժամանակ է պահանջում, իսկ դրա դեպքում էլ պահանջում է ուսուցում, իսկ դրա համար ժամանակ չկա: Իսկ իմ կարծիքով՝ հայկական կողմը կկարողանա հինգ օր դիմակայել, եւ խնդիրը ադրբեջանական կողմում է, քանի որ հարց է՝ նրանք որքան կկարողանան հարձակվել: Ես կարծում եմ՝ հարձակվելու միջոցները ու հնարավորությունը քչանում է, եւ նաեւ երկրի ներսում դժգոհություններ են առաջանում: Բանն այն է, որ հանրության մեջ դժվար է բացատրել այսքան անհաջողությունները, զոհերը: Սակայն նկատենք, որ Արդբեջանն իր ոչ բոլոր հաղթաթղթերն է օգտագործել, օրինակ՝ նա դեռ ունի «Պոլոնեզ» եւ «Լոռա» հրթիռային համակարգ, բայց հայկական կողմն էլ քիչ զենք չունի՝ չհաշված «Իսկանդերը»: Ես կարծում եմ՝ հայկական կողմը դեռ սպասում է, եւ այդ հինգ օրերում, որի մասին խոսում էի, դրանց կիրառումը հնարավոր է:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ՝ ՍԱՀՄԱՆ ԳՆԱԼՈՒ

Armlur.am-ը զրուցել է փաստաբան Վահան Հովհաննիսյանի հետ այս օրերին քրեկատարողական ծառայություներում կալանավորների եւ դատապարտյալների դիմումների մասին, որոնք ցանկություն են հայտնել մեկնել առաջնագիծ:

 

-Պարո՛ն Հովհաննիսյան, տեղեկություններ կան, որ շատ կալանավորներ, դատապարտյալներ ցանկանում են գնալ առաջնագիծ: Այն անձանց, ում շահերը Դուք պաշտպանում եք, դիմել են նման խնդրանքով:

-Այո՛, պատերազմի հենց առաջին օրվանից բազմաթիվ են ՔԿ հիմնարկների ղեկավարությանն ուղղված դիմումները՝ սահման գնալու խնդրանքով։ Տեղյակ եմ, որ դիմումներից որեւէ մեկը չի բավարարվել, քանի որ նման լիազորությամբ, ըստ էության, ՔԿ հիմնարկներն օժտված չեն։ Նման պարագայում համաներումն այն գործուն միջոցն է, որը կարող է ապահովել անձանց իրավունքը՝ պաշտպանելու իրենց հայրենիքը։ Կոնկրետ դիմողների քանակի վերաբերյալ հստակ տեղեկություն տրամադրել չեմ կարող, սակայն բոլոր ՔԿՀ-ներում առկա են բազմաթիվ դիմումներ։

-Քանի՞ անձ է Ձեր պաշտպանյալներից կոնկրետ դիմել ՔԿ ծառայություն: Ի՞նչ են պատասխանել նրանց եւ,առհասարակ, ըստ Ձեզ, ՔԿ ծառայությունը վտանգ չի՞ տեսնում նրանց առաջնագիծ ուղարկելու հարցում:

-Ինչ վերաբերում է վտանգին, ապա նման վտանգ գործնականում առկա լինել չի կարող, եւ նման պայմաններում պետությունը ոչ միայն իրավունք ունի, այլեւ պարտավոր է, համաներում կիրառելով, ի ցույց դնել իր մարդասիրական վերաբերմունքը։ Համաներումը եւս մեկ քայլ է համախմբելու եւ ոգեշնչելու մեր ազգին։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվող մոտ 100 անձ ցանկություն են հայտնել եւ դիմում են ներկայացրել որպես կամավոր սահման մեկնելու համար:

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 27-ից Հայաստանում հայտարարված է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Եվ չնայած զորահավաք հայտարարվելուն՝ մեծ թվով մարդիկ, չսպասելով զանգի, իրենք են ներկայանում զինկոմիսարիատներ եւ ցանկություն հայտնում, դիմում ներկայացնում՝ առաջնագիծ որպես կամավոր մեկնելու համար:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին նման դիմում են ներկայացրել նաեւ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձինք: Մասնավորապես, Քրեակատարողական ծառայության ղեկավարությանը նման դիմում են ներկայացրել մոտ 100 կալանավոր եւ դատապարտյալ: Սակայն, մեր տեղեկություններով, այդ դիմումներին դեռ ընթացք եւ պատասխան չի տրվել, քանի որ քրեակատարողական ծառայության ղեկավարությունը պետք է խորհրդակցի Պաշտպանության նախարարության հետ, եւ միայն վերջիններիս հրահանգի դեպքում, իրավիճակով պայմանավորված, պետք է նման որոշումներ կայացվեն: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՔԿԾ մամուլի ծառայություն՝ հասկանալու համար, թե ինչ իրավիճակ է այս մասով, արդյոք նման դիմումներ կան, թե ոչ: Ի պատասխան՝ հաստատեցին, որ նման դիմումներ կան, սակայն այլ մանրամասներ չցանկացան հայտնել:

 

 

ՀՐԹԻՌ ՉԻ ԱՐՁԱԿԵԼ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակների այն հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրից թիրախավորվում եւ հրթիռակոծվում է Ադրբեջանի տարածքը, ակնհայտ կեղծիք է եւ չի համապատասխանում իրականությանը: «Չնայած այն հանգամանքին, որ արդեն մի քանի օր է՝ Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերով եւ տարբեր տրամաչափի հրետանային միջոցներից թիրախավորվում են Վարդենիս քաղաքի շրջակա բնակավայրերը, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի ուղղությամբ դեռեւս որեւէ հրթիռ չի արձակվել»,- ասված է հաղորդագրությունում: Հայաստանի ռազմական գերատեսչությունը «ադրբեջանական կողմին խստորեն հորդորում է ձեռնպահ մնալ նման սադրանքներից եւ ՀՀ զինված ուժերին չդրդել իրական հրթիռային հակահարվածների՝ իր բոլոր հետեւանքներով»:

 

 

ՀԱՐՎԱԾ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ

Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակել է հանցավոր կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը: Այս անգամ հարված է հասցվել մայրաքաղաք Ստեփանակերտին եւ Հադրութ քաղաքին, որի հետեւանքով եղել են վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում: Օտարերկրյա զինյալ ահաբեկիչներով համալրված Ադրբեջանի զինված ուժերը, անկարող լինելով վեցօրյա մարտերի ընթացքում հասնել որեւէ հաջողության մարտի դաշտում, ձեռնամուխ են եղել Արցախի խաղաղ բնակչության դեմ զանգվածային ոճրագործությունների իրականացմանը: Հարձակումները մեծամասամբ իրականացվում են Թուրքիայի կողմից ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում Ադրբեջանին տրամադրված զինտեխնիկայի եւ սպառազինության օգտագործմամբ եւ թուրքական ռազմական մասնագետների համակարգմամբ: Միաժամանակ, փորձելով արդարացնել Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում թույլ տրված միջազգային հումանիտար իրավունքի այս եւ այլ կոպիտ խախտումները՝ Ադրբեջանը ստահոդ լուրեր է տարածում՝ իբր, հայկական կողմից իր քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է ադրբեջանաթուրքական դաշինքի այս հանցագործությունը եւ վերահաստատում իր վճռականությունը՝ Արցախի իշխանությունների հետ համատեղ բոլոր միջոցներով չեզոքացնելու Արցախի ժողովրդին ուղղված գոյութենական ցանկացած սպառնալիք:




Լրահոս