Ի՞ՆՉ Է ԵՆԹԱԴՐՈՒՄ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների կողմից արված համատեղ կոչի վերաբերյալ: Նրանք ընդգծել են. «Մենք շարունակելու ենք վճռականորեն հակադարձել Արցախի դեմ այս ագրեսիային` միաժամանակ պատրաստ լինելով աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ՝ 1994-1995թթ. համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման ուղղությամբ»:

 

Իսկ ի՞նչ է դա ենթադրում: Ղարաբաղյան հակամարտության հրադադարի մասին փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը 1994-ի մայիսի 9-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը՝ մայիսի 10-ին, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը՝ մայիսի 11-ին: Հրադադարի մասին գրավոր համաձայնությունն ուժի մեջ է մտել 1994թ. մայիսի 12-ին:

Բիշքեկյան արձանագրության ստորագրմանը նախորդեցին 1994 թվականի սկզբին ադրբեջանական ուժերի ձեռնարկած եւ ձախողած հարձակումը ու ղարաբաղյան բանակի հակահարձակողական գործողությունները:

Ռազմական պարտությունները ստիպեցին Ադրբեջանին ընդունել Ռուսաստանի Դաշնության զինադադարի առաջարկը: Մայիսի 5-ին Ռուսաստանի, Ղրղըզստանի եւ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ Բիշքեկում ստորագրվում է արձանագրություն Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ, որը ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատմության մեջ հայտնի է որպես Բիշքեկյան արձանագրություն:

Մայիսի 11-ին Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարի միջեւ ստորագրվում է հրադադարի համաձայնագիր, որն ուժի մեջ է մտնում 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ 00 ժամ 01 րոպեից: Արդեն մայիսի 12-ին Մոսկվայում հանդիպում է կազմակերպվում ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովի եւ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի միջեւ: Հանդիպման ժամանակ կողմերը հաստատում են, որ հավատարիմ են մնում հրադադարի շուրջ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությանը: Բացի այդ, պատրաստվում է «1994 թ.-ի փետրվարի 18-ի արձանագրության իրականացման կարգի մասին պայմանավորվածություն» անվանումով փաստաթուղթը, որը նախատեսում է ղարաբաղյան եւ ադրբեջանական զորքերի հեռացում, բուֆերային գոտու ստեղծում եւ այնտեղ խաղաղապահ զորքերի տեղակայում:

Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ եւ ՀՀ պաշտպանության նախարարներ Պավել Գրաչովը եւ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը փաստաթուղթը չի ստորագրում. նրան շտապ հետ են կանչում Բաքու: Չնայած դրան՝ ղարաբաղաադրբեջանական հակամարտության գոտում երկար ժամանակով հրադադար է հաստատվում:

1994 թ.-ի հուլիսի 27-ին երեք կողմերը ստորագրում են եւս մեկ փաստաթուղթ, որը նախատեսում է հրադադարի պահպանում մինչեւ մեծ պայմանագրի կնքումը, իսկ 1995 թ.-ի փետրարի 4-ին ստորագրվում է համաձայնագիր՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին:

Բոլոր փաստաթղթերը, որոնք մինչեւ հակամարտության վերջնական կարգավորումը նախատեսում են հրադադար շփման գծում, անժամկետ են եւ պարտադիր բոլոր կողմերի համար:

Այդ մասին ժամանակ առ ժամանակ հիշեցնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), որոնք զբաղվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով:

Մասնավորապես, 2016 թ.-ի ապրիլի 22-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ բացարձակ առաջնահերթությունը 1994-1995 թթ.-ի հրադադարի համաձայնագրերի անշեղ կատարումն է, որոնք անժամկետ են եւ, որպես այդպիսին, պետք է հարգվեն բոլորի կողմից:

Ն.Հ.

 

 

 

ԱՌԵՐԵՍ ՁԵՎԱՉԱՓՈՎ

Բելառուսն առաջարկել է Եվրասիական տնտեսական ֆորումը Մինսկում անցկացնել դեկտեմբերի երկրորդ կեսին առերես ձեւաչափով: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան: «Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Երեւանում հոկտեմբերի 9-ին առերես ձեւաչափով: Փոխվարչապետերը հենց նոր քննարկեցին այս հարցը ԵՏՀ խորհրդի նիստին: Բացի այդ, բելառուսական կողմն առաջարկել է նաեւ առերես ձեւաչափով անցկացնել Եվրասիական տնտեսական ֆորումը Մինսկում դեկտեմբերի երկրորդ կեսին»,- գրել է նա:

 

 

ՀՐԱԴԱԴԱՐ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ

Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադար է անհրաժեշտ« հայտարարել է Գերմանիայի կանցլերը։ «Մենք հանդես ենք գալիս հնարավորինս արագ կրակը դադարեցնելու օգտին։ Այդ դժվարին խնդրի կարգավորումը գտնելու միակ ճանապարհը երկխոսությունն է», – ընդգծել է Անգելա Մերկելը։

 

 

ԺԱՄԱՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ

Հոկտեմբերի 2-ին ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանը ժամանել է Մոսկվա: Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի աշխատանքային հանդիպումը Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, երկու պետությունների միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի հետ՝ երկկողմ տնտեսական օրակարգի եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության հարցերի քննարկման նպատակով:

 

 

ՔՆՆԱԴԱՏԵԼ Է

Թուրքիայի արտգործնախարարը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին, որի համանախագահներն են Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան։ «Նրանք փաստացի որեւէ ջանք չեն գործադրել հակամարտության կարգավորման համար», – ըստ պետական «Անադոլու» գործակալության երեկ պնդել է Մեւլութ Չավուշօղլուն: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն էլ քննադատել է Մինսկի խմբի երեք երկրների նախագահների՝ Դոնալդ Թրամփի, Վլաիդմիր Պուտինի եւ Էմանյուել Մակրոնի երեկվա հայտարարությունը՝ կրակը դադարեցնելու վերաբերյալ։ «Հրադադարի հորդորները, որոնք հնչում են երկրներից, որ տարիներով չեն կարողանում գտնել հակամարտության արդարացի լուծումը, համոզիչ չեն եւ ոչ էլ անկեղծ», – ասել է պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Պատերազմական գործողությունների վերսկսումից ի վեր Մինսկի խմբի միջնորդները ամենաբարձր մակարդակով հորդորում են Թուրքիային չեզոքություն պահպանել՝ զգուշացնելով, որ դա կբերի անցանկալի հետեւանքների։

 

 

 

ԵԱՀԿ-Ն ՄՏԱԴԻՐ Է

ԵԱՀԿ Մինսկի խումբը մտադիր է հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման եւ բանակցությունների շուտափույթ վերսկսման առանց նախապայմանների: Այս մասին ասվում է Ֆրանսիայի արտաքին գործերի  նախարար Ժան-Իվ Լե Դրիանի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած շփումների արդյունքում տարածած հայտարարության մեջ: «ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարության ոգով ես ընդգծել եմ Ֆրանսիայի վճռականությունը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, անկողմնակալ դեր խաղալ, որպեսզի հասնենք ռազմական գործողությունների դադարեցմանը եւ բանակցությունների շուտափույթ վերսկսմանը՝ առանց նախապայմանների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,-նշել է ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը: Ինչպես նշել են գերատեսչությունում, Լե Դրիանը այդ զրույցների ընթացքում կրկին կողմերին կոչ է արել «դադարեցնել զինված գործողություններն առանց հապաղելու եւ նախապայմանների»:

Նախարարը նշել է, որ ռազմական գործողությունների երկարաձգումը կհանգեցնի «միայն զոհերի թվի ավելացմանը, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում, ինչպես նաեւ էսկալացիայի սպառնալիքի, որը կարող է դուրս գալ Ադրբեջանի եւ Հայաստանի վերահսկողությունից»: «Ես իմ զրուցակիցներին զգուշացրել եմ հակամարտության միջազգայնացման սպառնալիքի մասին»,-ընդգծել է Լե Դրիանը:

 

 

ԲՈՅԿՈՏՈՒՄ ԵՆ

Ադրբեջանական մեդիահարթակներում տեղեկություններ են տարածվում, որ թալիշաբնակ Լենքորան քաղաքի բնակչությունը բոյկոտում է բանակ զորակոչվելու Ալիեւի հրամանը: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Հատկանշական է, որ հոկտեմբերի 1-ին թալիշ եւ լեզգի հարյուրավոր զոհերի մասին տվյալներ է հաղորդել ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Վերջինս նշել էր, որ Ադրբեջանն իր բնիկ ժողովուրդներին հերթական անգամ օգտագործում է սեփական ծավալապաշտական հավակնությունների համար: Ադրբեջանը պարտվելու է նաեւ ներսից:

 

 




Լրահոս