«ԿԳԲ-Ի ՊԱԴՎԱԼԸ», «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂՆ» ՈՒ ԹՄՐԱՆՅՈՒԹԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահ մարմինները շարունակում են բացահայտումներ իրականացնել քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր  ներթափանցելու  փորձերի մասին:

 

Այս անգամ գործին խառնվել են անգամ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալում» պատիժը կրող  դատապարտյալները:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Նժդեհ Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել որ նա, լինելով ՀՀ արդարադատությամ նախարարության «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ, խախտելով «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 270-Ն որոշման պահանջները, «Արթիկ» ՔԿՀ-ում իրացնելու նպատակով պահել եւ նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Կարեն Սարգսյանի միջոցով «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտյոմ Ղազարյանին ապօրինի փոխանցել է խոշոր չափերի թմրամիջոցներ։

Իսկ, ահա, Արտյոմ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող թիվ ՇԴ/0070/01/17 քրեական գործով ամբաստանյալ եւ գտնվելով կալանքի տակ ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում, նույն գործով մյուս ամբաստանյալ, ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Կարեն Սարգսյանի օժանդակությամբ խախտելով «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 270-Ն որոշման պահանջները, ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Նժդեհ Ենոքյանից անձնական օգտագործման նպատակով ապօրինի ձեռք է բերել, պահել եւ փոխադրել թմրամիջոցները։

Իրավապահների աչքից չի վրիպել Կարեն Սարգսյանը, որին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող թիվ ՇԴ/0070/01/17 քրեական գործով ամբաստանյալ է եւ գտնվելով կալանքի տակ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում՝ օժանդակել է նույն գործով մյուս ամբաստանյալ, ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի կալանավոր Արտյոմ Ղազարյանին ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Նժդեհ Ենոքյանից ապօրինի՝ խախտելով «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 270-Ն որոշման պահանջները, առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելուն։

Ամենայն հավանականությամբ, «ԿԳԲ-ի պադվալում» գտնվող Արտյոմ Ղազարյանը այն անձն  է, որին իրավապահները ձերբակալել  էին  2017 թվականին օգոստոսի 18-ին: Մասնավորապես,  ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի շենքերից մեկում հայտնաբերել ու բերման  էին ենթարկել Գյումրու բնակիչ, 1982 թվականին ծնված, քրեական միջավայրում «օրենքով գող» համարվող Արտյոմ Ղազարյանին, որը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով: Բանն այն  է, որ հունիսի 25-ին՝ ժամը 23.15-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել որովայնի հրազենային վնասվածքով մի տղամարդ:

Քրեական հետախույզները պարզել էին, որ Գյումրու Սայաթ-Նովայի փողոցում գործող սրճարաններից մեկի դիմաց տեղի է ունեցել փոխհրաձգություն, որին մասնակցել են Արտյոմ Ղազարյանը, 1986 թ. ծնված Կարեն Սարգսյանը եւ տուժողը՝ 30-ամյա Գեորգի Հակոբյանը:

Ոստիկանության քրական հետախուզության եւ ԿՀԴՊ գլխավոր վարչությունների, Շիրակի մարզային վարչության ու Կումայրիի բաժնի ծառայողների հետախուզական միջոցառումներով պարզվել էր, որ հրազենային վնասվածքը նրան պատճառել է Արտյոմ Ղազարյանը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԱԱԾ-Ն ՀՈՐԴՈՐՈՒՄ Է

Ի հավելումն հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով ադրբեջանական կողմից կատարվող զանգերի եւ կեղծ լուրեր տարածող հաղորդագրությունների վերաբերյալ նախորդ հայտարարության՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նմանօրինակ որոշակի երեւույթներ են նկատվում նաեւ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում գործող բջջային ցանցերի այլ հեռախոսահամարներից եւս: «Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում բացառապես զերծ մնալ նմանատիպ զանգերին պատասխանելուց եւ տուրք չտալ կեղծ լուրեր պարունակող հաղորդագրություններում առկա տեղեկություններին: Միաժամանակ, անհրաժեշտ է նաեւ համացանցում չտարածել նշված կեղծ հեռախոսազանգերի ու հաղորդագրությունների վերաբերյալ տեղեկություններ»,-ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

 

 

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Եվրամիությունը շտապ մարդասիրական օգնություն է պատրաստվում հատկացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով շփման գծի երկու կողմի տուժած բնակչությանը. այս մասին հայտնել է ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցող ռազմական գործողություններից հետո Եվրամիությունը հայտնում է շփման գծի երկայնքով երկու կողմերի քաղաքացիական բնակչության համար արտակարգ մարդասիրական օգնություն հատկացնելու մասին»,- գրել է նա: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 6 ինքնաթիռ (4-ը Սու-25), 103 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում՝ տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» եւ 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ եւ 200-ից ավելի վիրավոր։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են նաեւ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության զինվորական եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետեւանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետեւանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն:

 

 

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՄԵԿՆԵԼ ԵՆ

Մարտունիում թշնամու ռմբակոծությունից վիրավորված «Le Monde» պարբերականի 2 թղթակիցները երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնից մեկնեցին Ֆրանսիա։ Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 2-ին, Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են Le Monde-ի 2 լրագրող:  Նրանցից մեկի վիճակը ծանր էր գնահատվում, վերջինիս վիրահատել են։ Մարտունի քաղաքում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել է 24news.am-ի լրագրող Սեւակ Վարդումյանը։ Մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել նաեւ «Արմենիա» Հ/Ը «Ժամը» լրատվական նկարահանող խումբը։ Վիրավորում է ստացել օպերատոր Արամ Գրիգորյանը, վնասվածքը թեթեւ է։

 

 

ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն, ինչն արտակարգ զգոնություն է պահանջում կենսագործունեության բոլոր բնագավառներում: Իրավիճակից ելնելով՝ առաջացել է սննդամթերքի սահմանային եւ պետական վերահսկողության ուժեղացման անհրաժեշտություն, որի նպատակով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ընդլայնել է առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ կենսաբանական, քիմիական ու ճառագայթային ախտահարվածության եւ աղտոտվածության  ցուցանիշների շրջանակը: Դա նշանակում է, որ, ՍԱՏՄ սահմանային վերահսկողության շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող առաջին անհրաժեշտության սննդամթերքի բոլոր խմբաքանակները ենթարկվում են ուժեղացված լաբորատոր հսկողության՝ անկախ ներմուծման երկրից: Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք:

 

 

1000 ՀՈԳԻ

Նախօրեին ավելի քան 1000 մարդ՝ մեծ մասամբ հայկական ծագմամբ, օգտվելով ԵԽ գագաթնաժողովի անցկացման փաստից, հավաքվել են Շումանի հրապարակում՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղության համար կոչ անելու, ինչպես նաեւ Բելգիայի եւ եվրոպական այլ երկրների առաջնորդներից տարածաշրջանում խաղաղության վերահաստատման համար հրատապ կարգով գործելու պահանջ ներկայացնելու համար։ Սեպտեմբերի 27-ին՝ թուրքական ուժերի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական զինված ուժերի հարձումից ի վեր, մարտերը չեն դադարեցվել հայերի եւ մյուս կողմից ադրբեջանցիների եւ թուրքերի միջեւ։ Հայերն ու բարի կամք դրսեւորող անձինք մոբիլիզացվում են ամբողջ աշխարհում՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործել հանուն խաղաղության:




Լրահոս