Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական հայտնի Le Figaro թերթին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը:
-Դուք մեղադրում եք Թուրքիային Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար։ Ի՞նչ ապացույցներ կան Ձեր տրամադրության տակ։
-Այո՛, մենք ապացույցներ ունենք։ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Իրանն արդեն իսկ ընդունել են, որ սեպտեմբերի 27-ին թուրքական բանակը ներգրավված է եղել Արցախի (Լեռնային Ղարաբաղ) դեմ լայնածավալ հարձակման մեջ։ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակավ հաստատել են Ադրբեջանին իրենց աջակցությունը ոչ միայն քաղաքական եւ դիվանագիտական, այլեւ ռազմի դաշտում։ Նրանք կիրառում են թուրքական ԱԹՍ-ներ եւ F-16-ներ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական գոտիները ռմբակոծելու համար։ Միջազգային հանրությունը, մասնավորապես՝ ամերիկյան հանրությունը, պետք է իմանա, որ Միացյալ Նահանգներում արտադրված F-16-ներն այսօր օգտագործվում են հայերին թիրախավորելու նպատակով։ Փաստեր կան, որոնք վկայում են, որ թուրքական ռազմական ղեկավարությունն անմիջականորեն ներգրավված է գրոհներ իրականացնելու գործում։ Անկարան Բաքու է ուղարկել ռազմական փոխադրամիջոցներ, զինամթերք, ինչպես նաեւ ռազմական խորհրդատուներ։ Մեզ հայտնի է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում իր գրավյալ տարածքներից հազարավոր վարձկանների է վարժեցրել եւ տեղափոխել: Այդ վարձկաններն ու ահաբեկիչներն այսօր կռվում են հայերի դեմ։ Նրանցից շատերը չգիտեն նույնիսկ, թե ինչու է Թուրքիան իրենց տեղակայել այնտեղ։ Ադրբեջանում նրանք հասկացել են, որ իրենց սին խոստումներ են տվել։ Մեզ հայտնի է, որ այդ ահաբեկիչները թմրանյութեր են ընդունում, քանի որ նրանց համազգեստների գրպաններում թմրանյութով լի ներարկիչներ են հայտնաբերվել։ Կարող ենք ենթադրել, որ ադրբեջանական կողմի զոհերի 30%-ը արտասահմանից բերված վարձկաններ են։
-Ձեր կարծիքով՝ Թուրքիան պատասխանատո՞ւ է այս էսկալացիայի համար։
-Միանշանակ: Օգոստոսին սկսված թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունն ավարտված չէ։ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումն իրականում այդ օպերացիայի հաջորդ փուլն է։ Պատրաստվելուց հետո նրանք որոշում են կայացրել անցնել հարձակման, եւ այդ էսկալացիայի համար պետք է պատասխանատվություն կրեն:
Հուլիսին Հայաստանի վրա հարձակված եւ սահմանին պարտություն կրած Ադրբեջանը դիմել է Թուրքիայի օգնությանը։ Ակնհայտ է, որ Անկարան է իրավիճակի բազմաթիվ կարեւորագույն հարցերում որոշում կայացնողը։ Նրանց նպատակը տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունն ի շահ իրենց խախտելն է։
-Ի՞նչ նկատի ունեք։
-Թուրքիայի նպատակը Հարավային Կովկասում իր դերն ու ազդեցությունն ամրապնդելն ու մեկդարյա ստատուս քվոն խախտելն է։ Նա երազում է սուլթանությանը նմանվող կայսրություն ստեղծել եւ բռնել է մի ճանապարհ, որը կարող է կրակի տալ տարածաշրջանը։
-Հրադադարի պատրա՞ստ եք։
-Թուրքիան եւ Ադրբեջանն են, որ պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները, քանի որ նրանք են նախահարձակ կողմը եւ այս պահին էլ հայերի են սպանում։ Լեռնային Ղարաբաղը չի կարող զինաթափվել, քանի որ դա կհանգեցնի ցեղասպանության։ Այնտեղի բնակչությունը կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ։ Այս փուլում հակառակորդ կողմը գրոհները դադարեցնելու ոչ մի նշույլ ցույց չի տալիս։ Նույնիսկ վստահ չեմ, որ Ադրբեջանը վերահսկում է իր հետ կողք կողքի կռվող ահաբեկիչներին։ Ըստ մեր տեղեկությունների՝ Ադրբեջանի որոշ գյուղերում վարձկանները մտնում են խանութներ եւ արգելում ալկոհոլի վաճառքը` վկայակոչելով շարիաթը։
-Արդյոք բանակցությունը պե՞տք է անցնի Մինսկի խմբի միջոցով։
-Դա գոյություն ունեցող միակ ձեւաչափն է։ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները հանդես են եկել սթափեցնող կոչով։ Սպասում ենք, որ միջազգային հանրությունն ակտիվորեն կներգրավվի ագրեսիայի դադարեցմանը։ Թուրքիան իր կողմնակալ եւ ռազմատենչ վարքի համար չի կարող միջնորդ լինել։
-Այս ճգնաժամն ավելի՞ ծանր է, քան 2016թ. ճգնաժամը։
-Այս ճգնաժամը շատ ավելի լուրջ է։ Ավելի ճիշտ կլինի այն համեմատել 1915թ. XX դարի առաջին ցեղասպանության հետ, երբ կոտորվեցին ավելի քան 1,5 միլիոն հայեր։ Անցյալը ժխտող թուրքական պետությունը նորից բռնել է ցեղասպանության ուղին։ Աշխարհը պետք է գիտակցի, թե ինչ է տեղի ունենում այստեղ։ Միջազգային հանրությունը պետք է արագ ներգրավվի՝ թույլ չտալու բռնության տարածումը, հակառակ դեպքում այս հակամարտության հետեւանքները դուրս կգան Հարավային Կովկասի սահմաններից։
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ երկրի ղեկավարը նշել է, որ պատերազմական իրավիճակում եւ ռազմական դրության պայմաններում պետական կառավարման ոլորտում պետք է գործադրել բոլոր միջոցները բարձր արդյունավետություն ապահովելու համար: «Հանրային մակարդակում յուրաքանչյուր խնդիր պետք է արագ լուծում ստանա: Հատկապես պարենամթերքի մատակարարման հարցում թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում պետք է նվազագույն հարցեր չառաջանան»,- ասել է նախագահը՝ հանձնարարելով բացել «թեժ գիծ» (+374 97 55 55 90):
Նշենք, որ խորհրդակցության ժամանակ առանձին ընթացակարգով քննարկվել են նաեւ ստեղծված իրավիճակում հնարավոր խնդիրները եւ դրանց լուծմանն ուղղված արագ արձագանքման մեխանիզմները: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է. «Ղեկավարվելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ եւ 10-րդ հոդվածներով՝ որոշում եմ կայացրել «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման լիազորությունները սահմանափակել՝ դրանք վերապահելով Արցախի Հանրապետության էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը: Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք խախտում ենք սեփականության իրավունքը, բայց հաշվի առնելով առկա պատերազմական իրավիճակում օպերատորի աշխատանքում արձանագրված լրջագույն խնդիրները եւ կապի ոլորտի ռազմավարական նշանակությունը պատերազմում գտնվող երկրի ու ժողովրդի համար՝ կառավարումը դարձնում ենք պետական: Վստահ եմ, որ ռազմական դրության պայմաններում մեզ կհաջողվի ապահովել անխափան կապն Արցախի Հանրապետության տարածքում՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները: Նշեմ, որ մինչեւ հունվարի 1-ը կապի ոլորտի բոլոր ծառայությունները գործելու են անվճար, իսկ այն խոստումները, որոնք տրվել են մեր հանրությանը՝ սակագների էական նվազեցման, կապի որակի բարձրացման եւ զարգացման առումով, բոլորն հընթացս իրականացվելու են»:
ՄԱՐԶՊԵՏԸ ԴԻՄԵԼ Է ՄԱՐԶԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մարզային «Տավուշ» հեռուստաընկերությամբ դիմել է մարզի բնակիչներին՝ ասելով, որ մենք ապրում ենք մեր նորագույն պատմության ամենաճակատագրական ժամանակներից մեկը, այսօր մենք պետք է մեր բոլոր ուժերն ու հնարավորությունները ներդնենք մեր երկրի հաղթանակն ամբողջական եւ լիարժեք դարձնելու համար: Նա սահմանամերձ մարզի բնակիչներին կոչ է արել համագործակցել քաղաքացիական պաշտպանության խմբերի հետ, այցելել մարզի համայնքապետարաններ, առաջարկել իրենց ծառայությունները. մեկը կարող է բժշկի մասնագիտություն ունենալ, մյուսը՝ ինժեների, այդ որակների կարիքը կարող է զգացվել։ Մարզպետ Չոբանյանը հայտնել է, որ Տավուշի մարզպետարանում, մարզի համայնքապետարաններում ստեղծված են նյութատեխնիկական ապահովման հանձնաժողովներ, տավուշցիներին հորդորել է համագործակցել մարզի համայնքապետարանների, Տավուշի մարզպետարանի ստորաբաժանումների հետ։ Հայկ Չոբանյանը, դիմելով զինծայողների մայրերին, ասել է. «Ես ուզում եմ, որ դուք հպարտ լինեք եւ իմանաք, որ մենք բոլորս ձեր եւ ձեր որդիների կողքին կանգնած ենք։ Աղոթենք Աստծուն, որ մեր որդիները ողջ-առողջ վերադառնան իրենց ընտանիքներ։ Անպայման հաղթելու ենք»։
ԻՋԵՒԱՆԻՑ՝ ՄԱՐՏՆՉՈՂ ԱՐՑԱԽԻՆ
Իջեւանի համայնքապետարանից հայտնում են, որ Իջեւանի համայնքապետարանի մեքենաները ժամանել են Արցախ՝ տեղափոխելով առաջին անհրաժեշտության պարեն ու տարբեր պարագաներ: Արձագանքելով Իջեւանի համայնքապետարանի նախաձեռնությանը՝ մի քանի ժամում այդ հայրենասիրական գործին աջակցություն են ցուցաբերել բազմաթիվ քաղաքացիներ, ընկերություններ, կազմակերպություններ: Իջեւանի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում բոլոր անհատներին եւ կազմակերպություններին համայնքապետարանի կոչին արագ արձագանքելու համար: Առաջին անհրաժեշտության իրերի հավաքագրման աշխատանքները համայնքապետարանում շարունակվում են: Հավաքագրումից եւ պահեստավորումից հետո օգնության հաջորդ մեքենաները կմեկնեն Արցախ:
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԵՆՔԸ ՆՈՐՈԳՎԵԼ Է
Նոյեմբերյան համայնքի մաս կազմող, սահմանամերձ Բերդավան գյուղի մանկապարտեզի շենքը նորոգվել է, դասասենյակները դարձել են հարմարվետ, դրանք գեղեցիկ կահավորվել են։ Երաժշտական կրթօջախը նորոգվել է համայնքի ֆինանասական միջոցներով։ Վերանորոգված մանկապարտեզը հնարավորություն կունենա ընդունելու երաժշտական կրթություն ստանալու ցանկություն ունեցող ավելի մեծ թվով երեխաների։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ