ԿԼԻՆԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ ի հավելումն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հսկիչ անցակետերի վերաբերյալ հայտարարության՝ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից գործելու են մի շարք սահմանափակումներ եւ կարգավորումներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

«1. Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու եւ ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց եւ փոխադրամիջոցների ելքը Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ՝ բացառությամբ Պաշտպանության բանակի եւ Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների, ինչպես նաեւ բացառիկ անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրված թույլատվության հիման վրա առանձին դեպքերի։ ՀՀ-ից ելքից գործելու այդ թույլտվությունները ստանալու համար անհրաժեշտ է դիմել՝

ֆիզիկական անձանց դեպքում՝ [email protected] էլ փոստի հասցեով` հիմնավորելով այցի նպատակը, կազմակերպության՝ Արցախ մեկնող քաղաքացիների անձնական տվյալները եւ անձը հաստատող փաստաթղի լուսապատճենը եւ նշելով կազմակերպության ՀՎՀՀ-ն:

Իրավաբանական անձանց դեպքում՝ [email protected] էլ փոստի հասցեով` հիմնավորելով այցի նպատակը եւ կցելով անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը: Հիշեցնում ենք, որ քաղաքացիներին Հայաստանից ելքի թույլտվություն տրվելու է բացառիկ անհրաժեշտության դեպքում:

Տեղական լրատվամիջոցների դեպքում՝ [email protected] էլփոստի հասցեով:

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ  հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպություններ դեպքում՝

[email protected] էլփոստի հասցեով:

Միջազգային լրատվամիջոցների դեպքում՝ [email protected] էլփոստի հասցեով:

  1. Հորդորում ենք նաեւ զերծ մնալ անհատական նախաձեռնությունների միջոցով Արցախին աջակցության նպատակով ապրանքների հավաքագրումից եւ դրանք Արցախ փոխադրումից: Պետք է հաշվի առնել, որ ցանկացած պարենային եւ ոչ պարենային ապրանք եւ դեղորայք ունեն տեսակավորման, պիտանելիության, անվտանգության ու պահպանման կանոններ, որոնք կարող ենք ապահովվել միայն համապատասխան մասնագետների կողմից: Հետեւաբար, ցանկացած աջակցություն պետք է փոխանցվի մարզպետարանների, համայնքապետարանների ու թաղապետարանների միջոցով, ովքեր կներկայացնեն նաեւ անհրաժեշտ պարագաների ցանկը:
  2. Արցախին սոցիալական եւ նյութական աջակցության տրամադրման գործընթացը համակարգելու նպատակով վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ ստեղծվել է միասնական շտաբ: Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։00-ից, շտաբի ներքո 117 հեռախոսահամարով գործելու է ռազմական դրության տեղեկատվական թեժ գիծը, որին կարող եք զանգահարել ռազմական դրության հետ կապված բոլոր հարցերով՝ բացառությամբ Պաշտպանության նախարարությանն առնչվող հարցերի։ Արտերկրից կարող եք միանալ (+374)10527000 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

 

ՀԱՂՈՐԴՈՒՄՆ ՈՒՂԱՐԿՎԱԾ Է

Երեկ ՄԱԿ-ում գործող հատուկ բանաձեւով ընդունված աշխատանքային խմբին ուղարկեցինք վարձկանների մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումը: Խոսքը վերաբերում է ծայրաստիճան վտանգավոր տվյալներին այն մասին, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից, Լիբիայից Ադրբեջան է տեղափոխել 3,000-4,000 զինվորական վարձկանների՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ու Հայաստանի դեմ զինված հարձակումներում օգտագործելու նպատակով:

 

Այս տվյալներն ավելի ու ավելի են հաստատվում: Երեկ եւս մեկ հաղորդում էլ ուղարկել ենք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ու միջազգային մյուս կառույցներին: Այս տվյալները հաստատել են մի շարք պետություններ, ինչպես նաեւ դրանք շարունակում են հաստատվել միջազգային լրատվամիջոցների հրապարակումներով:

The guardian-ի, օրինակ, սեպտեմբերի 30-ին հրապարակել է Ադրբեջան տեղափոխված վարձկանների ընտանիքների հետ հարցազրույցներ ու դրանով եւս մեկ անգամ հավաստել, որ նրանք պատերազմում են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի (Արցախ) դեմ: Սա կբերի հումանիտար աղետի, Հայաստանից ու Արցախից բացի, նաեւ ողջ տարածաշրջանի համար՝ ուղեկցվելով ոչ միայն մարդկային զոհերով, այլ նաեւ դաժանություններով ու ավերածություններով, ռազմական ու մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություններով: Զինված հարձակումների առաջին օրից՝ սեպտեմբերի 27-ից սկսած արդեն իսկ արձանագրվող թիրախային հարձակումները խաղաղ բնակչության նկատմամբ, ագրեսիվ ատելությունն ու բռնության կոչերը էթնիկ հայերի նկատմամբ ստեղծում են բոլոր նախադրյալներն առավել ծանր հետեւանքների համար:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2019 թվականի սեպտեմբերի 26-ի 42/9 հատուկ բանաձեւով խիստ դատապարտել է վարձկանների օգտագործումը հենց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու նպատակով, դա համարել ինքնին հանցագործություն, սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքներին: Անհրաժեշտ են միջազգային կառույցների կոնկրետ արդյունք տվող, պատերազմը կանխող գնահատականներ ու քայլեր՝ իրենց կարգավիճակների առավելագույն հնարավորություններով:

Սպանվում են մարդիկ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ, ոչնչացվում են բնակավայրեր: Միջազգային հանրությունը, ու հատկապես՝ մարդու իրավունքների ոլորտի կառույցները, պարտավոր են անել այն, ինչի համար ստեղծված են:

Այս օրերին է ամրապնդվում այդ կառույցների հեղինակություն, ու երաշխավորվում մարդու իրավունքները: Պասիվությունը կամ իրական քայլերի բացակայությունը միայն նպաստում է պատերազմի շարունակությանը:

 

 

ՏԱԳՆԱՊ ԱԶԴԱՐԱՐՈՂ ՇՉԱԿ

«Երեկ՝ ժամը 10։00-ից, Մեղրիի ողջ համայնքում գործարկվելու են տագնապ ազդարարող շչակներ դրանց տեխնիկական վիճակը ստուգելու նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել Մեղրիի համայնքապետարանը: «Կոչ ենք անում չանհանգստանալ եւ որեւէ գործողության չդիմել։ Մյուս օրերին նման ազդարարում լսելու դեպքում խնդրում ենք առանց խուճապի մատնվելու տեղավորվել ապաստարաններում։ Խնդրում ենք տարածել եւ իրազեկել նաեւ սոցցանցերից չօգտվող ձեր բարեկամ-ծանոթներին»,-ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս