«Ամեն օր , ամեն ժամ, ամեն վայրկյան մտածում եմ առաջնագծում կռվող մեր զինվորների, մեր քաջ մարտիկների մասին»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։
Սերգեյ Սմբատյանը մեզ հետ զրույցում հատկապես կարեւորել է այն հանգամանքը, թե մեր հասարակությունն ինչ տրամադրվածություն ունի եւ ինչպես է վերաբերվում այն մարդկանց, ովքեր մեր երկրի համար կայացնում են կարեւոր որոշումներ։
«Շատ կարեւոր է հասարակության մեջ ընդհանուր տրամադրությունը, ես տեսնում եմ, որ մեր քաղաքացիների ոգին շատ բարձր է եւ մարտական։ Տեսնում եմ, թե ինչպես եւ ինչ ոգով են իրականացնում սոցիալական նախաձեռնությունները, որին բոլորս անխտիր միանում ենք։ Դա խոսում է մեր բարձր պատրաստակամության եւ անհավանական բարձր գիտակցության մասին ընդհանուր իրավիճակի վերաբերյալ, ինչը շատ կարեւոր է մեզ համար այս դժվարին փուլում»,-նշում է Սերգեյ Սմբատյանը։
Հարցին, թե արդյոք գոհ է միջազգային կառույցների արձագանքից, մեր զրուցակիցն ընդգծում է. «Անկեղծ ասած, ես այնքան էլ քաղաքականությունից եւ միջազգային կառույցներից չեմ հասկանում, որպեսզի դրանց մասին գնահատակններ հնչեցնեմ։ Ես կարող եմ ասել, որ այսօր պետական մակարդակով դիվանագիտական հարթակում ունենք հաղթանակներ այն առումով, որ դրսի ղեկավարները կամ որոշում կայացնող մարդիկ զսպման եւ մեղադրանքի կոչեր են հնչեցնում Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ Արցախի վրա հարձակում եւ ագրեսիվ ռազմական գործողություններ սկսելու համար։ Իսկ այն, որ միջազգային կառույցները նշում են, թե պետք է կողմերը վերադառնան բանակցային սեղան եւ խնդիրը լուծեն առանց արյուն թափելու, իհարկե դա կարեւոր է, բայց դեռ մենք սպասում են այն հստակ մեսիջին, որը կկանգնեցի այս ամենը ինչը դեռ չկա։ Այսօր աշխարահռչակ արտիստները կոչ են անում աշխարհին դադարեցնել Արցախի վրա հարձակում? Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից»։
Մեր զրուցակցի խոսքով՝ նաեւ կարեւոր եւ գնահատելի է մեր մեդիա դաշտի կազմակերպվածությունը, ըստ նրա՝ շատ կարեւոր է, որպեսզի բոլորը լսեն եւ հասկանան միայն ճշտգրիտ, պաշտոնական տեղեկատվություն, որը փոխանցվում է նաեւ միջազգային մեդիա։
Հարցին՝ կողմ է արդյոք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ճանաչի Արցախի անկախությունը, եւ, առհասարակ, ինչ ելքեր է նա տեսնում այս իրավիճակում, ՀՀ գլխավոր դիրիժորը պատասխանում է. « Քանի որ ես նեղ մասնգիտորեն հավատում եւ հասկանում եմ միայն իմ գործից, այն է երաժշտությունը, այդ իսկ պատճառով ինձ միայն իրավունք եմ վերապահում խոսել դրանից։ Դա ոչ միայն իմ սկզբունքայնությունն է, այլ ես պարզապես այլ կերպ չեմ պատկերացնում։ Ես հավատում եմ այն մարդկանց, ովքեր այսօր որոշումներ են կայացնում, եւ այն կոնսոլիդացված հասարակությանը, որ մենք ունենք. դա ոչ միայն մեր պետական մտածողությունն է, այլ նաեւ ազգայինը։ Մենք շատ ավելի ուժեղ ենք այդ գաղափարախոսությամբ, եւ այն կոնսոլիդացիան, որը որ կա Հայաստանի շուրջ։ Ես չեմ հասկանում եւ չեմ կարող ասել, թե ինչ է մեզ պետք, ինչ պետք չէ, կամ որը կլինի մեր ճիշտ որոշումը, քանի որ դա շատ խորը քաղաքագիտական վերլուծության խնդիր է։ Ես միայն աղոթում եմ, որպեսզի այս ամենը շուտ ավարտվի»։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐԸ՝ ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Պատերազմական այս օրերին Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններին իրենց աջակցությունն են հայտնում աշխարհահռչակ ազգությամբ հայ երգիչներ, գործիչներ, որոնք կոչ են անում աշխարհին զսպող քայլեր ձեռնարկել Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ։
Աշխարհահռչակ System of a Down խումբը, անդրադառնալով Արցախի եւ Հայատանի սահմաններում տիրող լարված իրավիճակին, գրել է. «Աշխարհը աչք է փակում 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության վրա, 1980-ականների եւ 90-ականների զանգվածային սպանությունների ու ջարդերի վրա, 2016 թվականին Ադրբեջանի՝ Հայաստան ներխուժման վրա։ Այժմ աշխարհն աչք է փակում այն բանի վրա, որ դեպի ծով ելք չունեցող 150 000 խաղաղ բնակիչներ հարձակման են ենթարկվում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։ SOAD-ը միշտ կանգնած է արդարության եւ խաղաղության կողքին։ Այս ներկայացումը գալիս է դարերի ընթացքում մեր ժողովրդին պատճառած տառապանքներից եւ անարդարություններից: Էրդողանին ժխտող Թուրքիան շարունակում է իր նախնիների՝ ցեղասպանների գործը, իսկ կոռումպացված նավթով դաշնակիցները գնդակոծում են Արցախն ու Հայաստանի որոշ շրջաններ ամերիկյան F-16 հրթիռներով՝ սպանելով ինչպես զինվորներին, այնպես էլ խաղաղ բնակիչներին։ Աշխարհը, կարծես թե, շատ զբաղված է Covid-ով եւ քաղաքականությամբ, որպեսզի հոգ տանի դրա մասին, բայց մենք պետք է ինչ-որ բան անենք, քանի որ սա գոյատեւման սպառնալիք է մեր ժողովրդի եւ առաջին քրիստոնյա ազգի համար». ապա հավելված է #ArtsakhStrong հեշթեգը։
Իսկ, ահա, «Capital Cities» հանրահայտ խմբի անդամ, ամերիկահայ երգիչ Սեպուհ Սիմոնյանը Արցախում Ադրբեջանի կողմից սկսված պատերազմի մասին իր հետեւորդներին տեղեկացրել է հետեւյալ.
«Արդեն 4 օր է՝ ադրբեջանական եւ թուրքական զինված ուժերը պատերազմ են սկսել Հայաստանում՝ թիրախի տակ պահելով խաղաղ քաղաքացիներին: Հայրենիքը պաշտպանելիս 107 երիտասարդ հայորդիներ են զոհվել: Հայկական զինուժը, պաշտպանելով հայրենիքը, խոցել է ռեակտիվ կործանիչ, ԱԹՍ-եր եւ ուղղաթիռներ, ոչնչացրել է զրահամեքենաներ: Ադրբեջանաթուրքական կողմի կորուստների թիվը հասնում է 1000-ի: Նրանց զինվորներից շատերը երիտասարդ, հուսահատ, մոլորության մեջ հայտնված սիրիացի վարձկաններ են, եւ նրանց մահը եւս ողբերգական է: Այս ամենի մեղավորը Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներն են՝ Ալիեւն ու Էրդողանը»,-գրել է երաժիշտը՝ գրառմանը կից հրապարակելով նաեւ հայ հերոսների անունները, որոնք իրենց կյանքը նվիրել են հայրենիքին:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ
Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Լիվերպուլը» պարտություն կրեց Լոնդոնի «Արսենալից» եւ դուրս մնաց մրցաշարից: «Լիվերպուլն» արդեն չորրորդ մրցաշրջանում անընդմեջ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում չի կարողանում դուրս գալ քառորդ եզրափակիչ: Վերջին անգամ «Լիվերպուլն» Անգլիայի լիգայի գավաթակիր դարձել է 2012 թվականին՝ եզրափակիչում հաղթելով «Քարդիֆին»: Հիշեցնենք, որ «Լիվերպուլ»-«Արսենալ» հանդիպման հիմնական ժամանակում թիմերին չհաջողվեց որոշել դիմակայության հաղթողին: Հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքի՝ 0:0 հաշվով: 11 մետրանոց հարվածաշարում Միկել Արտետայի գլխավորած թիմը 5:4 հաշվով հաղթանակ տարավ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
Միլանի «Ինտերի» եւ Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը կարող է մարզական կարիերան շարունակել Ֆրանսիայում: ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն արդեն բանակցություններ է վարում 28-ամյա Էրիկսենի ներկայացուցիչների հետ: Դանիացի ֆուտբոլիստն «Ինտեր» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լոնդոնի «Տոտենհեմից»:
ՉԻ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ
Ֆրանսիական «Լիոնի» եւ Նիդերլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կատալոնական «Բարսելոնա» չի տեղափոխվել Լիոնել Մեսիի պատճառով: Նա չի ցանկանում, որ նոր հարձակվող տեղափոխվի «Բարսելոնա»: Արգենտինացի ֆուտբոլիստը անում է ամեն ինչ, որպեսզի թիմից հեռացած Լուիս Սուարեսի տեղը մեկնարկային կազմում զբաղեցնի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» հրաժարվել է Դեպայի տեղափոխությունից ֆինանսական սուղ միջոցների պատճառով: Դեպայը 2017-ին է «Լիոնի» հետ կնքել պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 44 միլիոն եվրո։
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է
Լոնդոնի «Արսենալի» գերմանացի դարպասապահ Բերնդ Լենոն մեկնաբանել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Լիվերպուլի» նկատմամբ տարած հաղթանակը: «Շատ դժվար հանդիպում անցկացրեցինք հզոր մրցակցի դեմ: Ճիշտ մարտավարության շնորհիվ կարողացանք դուրս գալ հաջորդ փուլ եւ հնարավորություն ստանալ շարունակել պայքարը տիտղոսի համար: Ես գոհ եմ ոչ միայն թիմի, այլ նաեւ իմ խաղից: Ես ապացուցեցի, որ լավագույնն եմ»,-ասել է Լենոն: Հիշեցնենք, որ «Լիվերպուլ»-«Արսենալ» հանդիպման հիմնական ժամանակում թիմերին չհաջողվեց որոշել դիմակայության հաղթողին: 11 մետրանոց հարվածաշարում Միկել Արտետայի գլխավորած թիմը 5:4 հաշվով հաղթանակ տարավ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ: