«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերության գրասենյակներից մեկում: Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը հայտնել էր, որ իրավապահները գործողություններ են իրականացրել նրա եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանին պատկանող գրասենյակում: Ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում հայտնի միջադեպի գործով: Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը հայտնել էր, թե Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը Երեւանի Զավարյան փողոցում գտնվող գրասենյակում (Սիլաչի հյուրանոցի հարեւանությամբ) թիկնապահի հետ ծեծի է ենթարկել իրեն։ Եվ, ահա, հուլիսին արված հայտարարության հետքերով 2 ամիս անց խուզարկություն է իրականացվել, եւ, բնականաբար, անպտուղ:
«Ժողովուրդ» օրաթերթը իրավապահ իր աղբյուրներից տեղեկացավ, որ խուզարկության արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել:
Դե, իհարկե, եթե նույնիսկ որեւէ արգելված իր կամ նախաքննությանը հետաքրքրող ինչ-որ բան լիներ Սուքիասյանների մոտ, 2 ամսից ավելի ժամանակ ունեին թաքցնելու, հեռացնելու, հետքերը մաքրելու համար: Ու հիմա հարց է առաջանում՝ ինչու են իրավապահները, լուրջ գործերը թողած, «թիթեռ նկարում»՝ ձեւացնելով, թե գործ են անում:
Ավելի մանրամասն՝ «ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: