Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում կկատարի իր բոլոր պարտավորությունները, Հայաստանն այս մասով հարցեր չունի: Այսօր այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ մանրամասնել.
«Ինչպես հայտնի է, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, մենք սույն համաձայնագրի շրջանակներում որոշակի պարտավորություններ ունենք Հայաստանի հանդեպ: Ռազմական գործողությունները դեռ շարունակվում են, դրանք չեն իրականացվում Հայաստանի տարածքում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից սույն Պայմանագրով ստանձնած իր պայմանագրային պարտավորությունների կատարմանը, մենք միշտ կատարել ենք, կատարում ենք և շարունակելու ենք կատարել մեր պարտավորությունները», – ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահը «Ռոսիա 1»-ի հաղորդմանը տված հարցազրույցում:
Սա ըստ էության զգուշացում էր Թուրքիային ու Ադրբեջանին. իսկ ինչ պարտավորությունների մասին է խոսքը եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում ինչ անելիք ունի Ռուսաստանի Դաշնությունը, եթե ռազմական գործողություններն ընթանան Հայաստանի տարածքում:
Հայաստանը Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամ է: Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից:
Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարևորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:
Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:
Պայմանագրով նաև նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը և անվտանգությանը սպառնալիքի պարագայում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան