Վրաստանում Geo-Army.ge ռազմական լրատվական հարթակը քիչ առաջ գրառում է արել, ըստ որի` այսօր Վրաստանի տարածքում ընկած ԱԹՍ-ներից մեկն իսրայելական արտադրության «Harop» տեսակն է, որը տարածաշրջանում ունի միայն Ադրբեջանը:
Լրատվականը կից լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Լուսանկարներ կան, որոնցից կարելի է ենթադրել, որ հրեական անօդաչու թռչող սարքերից մեկը պետք է որ «Harop» լինի, որը Կովկասի տարածաշրջանում միայն Ադրբեջանն ունի ու ակտիվորեն օգտագործում է Ղարաբաղյան պատերազմում»:
Հիշեցնենք, որ Վրաստանի Կախեթիի տարածաշրջանում՝ Կղվարելիի շրջանում հրթիռ, իսկ Ադրբեջանի հետ սահմանակից Սագարեջոում անօդաչու թռչող սարք էր ընկել: Այս մասին տեղեկությունը տարածել էր Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը:
«Հոկտեմբերի 7-ին, ժամը 18:35-ի և 18:45-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների ծառայությունը հրթիռի ու անօդաչու թռչող սարքի մասին հաղորդագրություն է ստացել: ՆԳ նախարարությունն անմիջապես հետաքննություն է սկսել: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել», – ասվում է նախարարության հայտարարության մեջ: