Սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված ռազմական գործողությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երգչուհի Լայանայի հետ, ում կարծիքով՝ արյունատենչ թուրքը հարյուր տարի անց նորից փորձում է իրականացնել ցեղասպանության իր ծրագիրը:
-Լայանա՛, ի՞նչ գնահատական կտաք Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Արցախում սկսված պատերազմին:
– Հայ լինելով հանդերձ ինչպես կարող եմ որակել եւ անվանել Ադրբեջանի անվան տակ այս թուրքական ոտնձգությունները։ Արյունախում թուրքը 100 տարի անց նորից վերադարձել է իր ցեղասպանական ոճրագործական ծրագրին, 1920 թվականի սեպտեմբերի 23-ին առանց պատերազմ հայտարարելու հարձակվել է Հայաստանի Հանրապետության վրա։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախում պատմությունը կրկնվում է. թիրախավորել անզեն խաղաղ բնակչությանը, կրկնակի դատապարտելի է։
֊Ձեր կարծիքով ինչո՞ւ Թուրքիան եւ Ադրբեջանը հենց այս ժամանակահատվածում գնացին նման լայնամասշտաբ ռազմական գործողությունների։
– Աշխարհն այս ժամանակահատվծում պայքարում է նաեւ համավարակի դեմ: Սահմանները փակ են, եւ ցավոք իրենց ձեռնտու է այդ հանգամանքը։ Երկու շաբաթ անց, նոր կարծես թե աշխարհը տեղեկանում է, թե ինչ ոճիր են կատարում թուրք-ադրբեջանանա-սիրիա վարձկանական միությունը, բայց միեւնույն է բոլորն ընդամենը հանդես են գալիս կոչով, որն ինձ համար հավասար է զրոյի, վիրավորական է, որ աշխարհը անտարբեր է, ինչպես նաեւ անտարբեր էր 1920 -ին։ Շնորհակալ ենք մեր աշխարհասփյուռ հայությանը, որ ամեն տեղ ոտքի են կանգնել եւ ուզում են, որ աշխարհը տեսնի Ադրբեջանի դեմքը: Մեր ազգը դարեր ի վեր ունի այդ միասնական պայքարի գենոկոդը։
֊ Արդյոք գո՞հ եք պատերազմական այս օրերին միջազգային կառույցների եւ գերտերությունների արձագանքից:
– Ըստ պատմության ռուսը միշտ նույն չեզոք դիրքում է եղել եւ հիմա էլ շարունակում է մնալ մինչեւ թուրքի դանակը չհասցնի Հայաստանին: Այսինքն՝ մենք մնացել ենք մենակ այս տեռորիզմի դեմ։ Մեր 18 տարեկան տղաների կյանքի գնով սահմանն ենք պահում։ Այո՛, հայի ոգին եւ վստահությունը ոչ մի ազգ չունի, բայց մեր մայրերի եւ հայրերի, այս ցավը, կորուստը ոչ մեկ չի կարող փարատել։ Ես ամեն րոպե սպասում եմ լավ լուրի, ամեն վայրկյան ուզում եմ, որ աշխարհը դատապարտի եւ սաստի Թուրքիային վերջապես, սա արդեն որերրորդ ոտնձգությունն է տարբեր ազգերի եւ երկրների հանդեպ, մի՞թե միջազգային դատարանի առջեւ թուրքը պատասախան չի տալու, թեկուզ ռուսը թող միջամտի, թող մի րոպեում վերացնի այս արհավիրքը Արցախ աշխարհից, միայն թե թող վերջանա այս ամենը։ Հայը հող չունի տալու, Արցախը մերն է, մեր հայրենիքն է: Մեր տղաներին մաղթում եմ ուժ եւ կորով, իսկ ընկածներին խոնարհում։ Ես որպես մայր, հատկապես՝ տղայի մայր, ուզում եմ, որ այս հարցը լուծվի եւ երբեք Էլ չբարձրացվի, որպեսզի հանգիստ սրտով բանակ ուղարկենք մեր երեխաներին։
-Այս փուլում Հայաստանն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի, եւ որը պետք է լինի այս դարավոր թշնամության հանգուցալուծումը:
-Կարծես թե մեր կառավարությունը եւ մեր սփյուռքը բոլոր քայլերն արել են։ Մնում է միայն, որ աշխարհը դատապարտի կոնկրետ քայլերով, ոչ թե կոչերով։ Որքան հնարավոր է շուտ վերջակետ դրվի այս հարցում, քանի որ մեր երեխաները շատ ափսոս են։ Միայն մի ցանկություն ունեմ ՝ արթնանալ եւ լսել՝ վերջացավ պատերազմը:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը