Հայաստանի կառավարությունը օդային տագնապի դեպքում խորհուրդ է տալիս թաքնվել ռազմաապաստարաններում, թաքստոցներում, շենքերի նկուղներում: Սակայն պարզվում է, որ Երեւանի բոլոր վարչական շենքերի բազմաբնակարան շենքերում կամ նկուղներ չկան կամ էլ եթե կան, ապա գտնվում են շատ վատ վիճակում. նկուղները լցված են կոյուղաջրերով, գարշահոտությամբ, առնետներով, աղբով:
Բայց չնայած սրան՝ քաղաքապետարանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ հորդորում է բնակիչներին ապաստանել իրենց շենքերի թաքստոցներում, նկուղներում: Անգամ վերջին օրերին որոշ շենքերի մուտքերում փակցված կարող եք տեսնել պաստառներ, որտեղ նշված է, թե օդային տագնապի պարագայում որտեղ պետք է թաքնվել: Ինչպես ասում են ուղեցույցը կա, բայց նկուղները՝ ոչ: Օրինակ ArmLur.am-ը բավականին երկար ժամանակ Աբովյան, Սայաթ-Նովա, Նալբանդյան հասցեներում փորձեց նկուղ, թաքստոց գտնել, ապարդյուն: Շենքեր կան, որտեղ նկուղները բնակիչները վերածել են իրենց համար պահեստների կամ ավտոտնակների:
Կհիշեք՝ նկուղների այս ցավոտ հարցն ակտուալ դարձավ նաեւ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ: Այս մասին խոսվեց նաեւ 2018 թվականին, երբ Հայաստանում անցկացվում էին «Շանթ-2018» զորավարժությունները, անգամ խնդիր դրվեց մաքրել շենքերի նկուղները: Բայց այդ օրից անցել է արդեն երկու տարի, բայց այդպես էլ ոչինչ չի արվել: Այս խնդրի առնչությամբ ArmLur.am-ին Երեւանի քաղաքապետարանից փոխանցեցին որ «Համայնքը համապատասխան գերատեսչությունների հետ միասին իրականացնում է քաղպաշտպանությանը վերաբերող անհրաժեշտ միջոցառումները: Ելնելով իրավիճակից ու անհրաժեշտությունից՝ հանրությունն իրազեկվում է»: Երեւանի քաղաքապետարանի՝ հերթական ոչինչ չասող պատասխանը, իսկ նկուղների վիճակը շարունակում է անմխիթար մնալ:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: